
Դատարաններում մեկ զանգով ճակատագիր որոշելը պետք է բացառվի
Շուրջ 20 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող Նարինե Ռշտունին այդքան էլ օպտիմիստ չէ: Ասում է՝ համաժողովրդական շարժման արդյունքում կատարվելիք արմատական փոփոխությունների՝ իր պատկերացումների մասին ավելի ռեալ կարող է խոսել միայն մայիսի 8-ից հետո. «Հանրապետական կուսակցությունից, բացի խաբեությունից, ոչինչ չեմ տեսել: Չեմ բացառում, որ հերթական խաղ են խաղում, պետք է շատ զգույշ լինենք: Դեռ տեսնենք՝ ինչպես մայիսի 8-ին կքվեարկեն ԱԺ-ում: Ըստ այդմ էլ, կարող ենք հասկանալ՝ մայիսի 9-ից ինչպիսի պետությունում ենք արթնանալու»:
Փաստաբանը կարծում է, որ 27 տարի դատական համակարգում կուտակված խնդիրների լուծումները հնարավոր չէ գտնել 5 րոպեում: Բայց այն, որ դատարաններում պետք է վերջ դրվի, այսպես կոչված, «հեռախոսային իրավունքին», ըստ Ռշտունու, մինշանակ է: «Վերադասից, գործադիրից, իշխանական օղակներից զանգերով մարդու ճակատագրի որոշումը պետք է բացառվի: Բայց դրա համար դատավորները պետք է իրենց անկախ զգան: Անգամ քննիչն իրեն պիտի զգա ինքնուրույն, ոչ թե ամեն քայլափոխի դատախազի հետ համաձայնեցնի անելիքը»:
Փաստաբան Ռշտունին ընդգծում է, որ եթե գործը քաղաքական ենթատեքստ չունի, պատվեր չկա վերևներից, հետևաբար՝ պատվերը կատարելու անհրաժեշտություն, ապա դատարաները երբեմն կարողանում են ինքնուրույն որոշում կայացնել: Ըստ փաստաբանի, դատավորը նախ պետք է անկախ լինի իր էությամբ: «Իհարկե, ունենք նման դատավորներ և հակառակը՝ ունենք նաև այնպիսիք, ովքեր միայն ինչ-որ մեկի կամքն են արտահայտում: Սա նաև մտածողության խնդիր է»:
Փաստաբան Նարինե Ռշտունին պատմում է, որ վերջին օրերին գործընկեր փաստաբաններով քննարկել են դատաիրավական համակարգի խնդիրները, և թե ինչից պետք է սկսել փոխոփխությունները. «Բոլորս համակարծիք էինք՝ պետք է արմատական փոփոխություններ կատարվեն հենց արդարադատության համակարգում»: Նարինե Ռշտունին չի տեսնում ոչ միայն անկախ, այլև արդար Վճռաբեկ դատարան: Նրա կարծիքով, դատական համակարգում առաջին կադրային փոփոխությունը պետք է սկսվի հենց Վճռաբեկ դատարանից:
27 տարի մեր դատաիրավական համակարգը քառափուլ բարեփոխումների շրջան է անցել: Ըստ Նարինե Ռշտունու, ունեցել ենք վերելքներ, ապա՝ վայէջքներ: Փաստաբանը կարծում է, որ ԵԽ անդամ դառնալուց հետո՝ 2000-ականների կեսերին, ահագին քայլ առաջ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն վերջին տարիներին «բռնապետությունն է տիրել»:
Բայց դատական համակարգի ներկայիս վիճակը, փաստաբան Ռշտունու համոզմամբ, բնականաբար չենք կարող համեմատել 1990-ականների հետ: Հենց միայն այն պատճառով, որ հիմա արդարացման դատավճիռների որոշակի տոկոս ունենք, իսկ 90-ականներին անգամ չէինք կարող երազել արդարացումների մասին:
Ըստ փաստաբանի, այնպես չէ, որ այսօր մարդիկ համատարած չեն կարող իրենց իրավունքները պաշտպանել դատարաններում. «Նայած՝ ով է պայքարող քաղաքացին և նայած՝ ով դատավորը: Այդ հանգամանքները ևս շատ կարևոր են»:
Փաստաբան Նարինե Ռշտունու լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել