
«Մենք վստահություն ունենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կանի ամեն բան, որպեսզի ՀՀ-ում հարգվեն բոլոր փոքրամասնությունների իրավունքները»
Սինջար եզդիների ազգային միավորումը հաղորդագրություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք․
«Մայիսի 8-ին Ազգային Ժողովում դե ֆակտո արձանագրվեց քաղաքացիների հաղթանակը և ժողովրդի աջակցությունը վայելող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանի կողմից կյանքի կոչված շարժումն առաջինն էր, որին ամենաակտիվ մասնակցությունն ունեցան Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները և մասնավորապես ՀՀ եզդի քաղաքացիները: Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը առաջին իսկ օրերից միացավ շարժմանը՝ հանուն ժողովրդավար և իրավական Հայաստանի:
Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին, իրենց՝ մեր ընդանուր հաղթանակի կապակցությամբ, վստահություն ենք հայտնում, որ նոր իշխանությունները չեն կրկնի նախորդ իշխանությունների սխալը: Մենք վստահություն ունենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կանի ամեն բան, որպեսզի ՀՀ-ում հարգվեն բոլոր փոքրամասնությունների իրավունքները: Մենք լիահույս ենք, որ նոր իշխանության օրոք պետական մակարդակով մանկապարտեզներում, դպրոցներում, բանակում և պետական այլ մարմիններում չեն խախտվի մարդկանց կրոնական իրավունքները:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ՀՀ քաղաքացիներին այս պանծալի հաղթանակի կապակցությամբ և միևնույն ժամանակ կոչ ենք անում հետագայում ևս լինել պահանջատեր ու թույլ չտալ, որպեսզի Հայաստանը շեղվի մեր որդեգրած ժողովրդավար սկզբունքներից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել