HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Նախագահի «երկու մարմինը», կամ այն, ինչը Սերժ Սարգսյանը չէր հասկացել

Պետականություն են կարողացել ձևավորել այն ազգերը, որոնք առաջին հերթին կարողացել են կանոնակարգել սեփականության իրավունքի խնդիրները: Սեփականության իրավունքի նորմերի կանոնակարգումն այն առանցքային ինստիտուտն է, որը թույլ է տալիս ոչ միայն բարգավաճել, այլ առհասարակ ունենալ պետություն։ Հայաստանում իշխանության և բիզնեսի սերտաճումը վտանգի տակ էր դրել պետության գոյությունը։ Արդյո՞ք կկարողանանք այդ հարցում իրավական այնպիսի կարգավորումներ ու հանրային գիտակցություն ձևավորել, որը թույլ կտա կայուն ապագա ստեղծել։

Իշխանության սեփականաշնորհման խորհրդանշական որոշումը

2018թ. մարտի 29-ին ՀՀ կառավարությունն աննախադեպ որոշում   էր կայացրել․ «ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան»: Սեփականաշնորհման որոշում էր կայացվել հայտնի «կառավարական առանձնատներից» մեկի մասին։ Այդ առանձնատները ՀՀ իշխանության ատրիբուտներից են, որտեղ բնակվում են երկրի ղեկավարները։ Սերժ Սարգսյանն այդ որոշմանն արձագանքեց` ասելով․ «Ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»։  Դա, ըստ էության, իշխանության սեփականաշնորհման խորհրդանշական քայլ էր։

Կարևոր է հասկանալ, թե դա ի՞նչ խորհրդանշական որոշում էր, և ի՞նչ կապ ուներ տեղի ունեցած աննախադեպ հանրային դիմադրության հետ։

Պետական ունեցվածքի, այն էլ` խորհրդանշական բնույթ ունեցող տարածքի սեփականաշնորհման փորձով տարիներ ի վեր հանրային ունեցվածքի հափշտակման քաղաքականությունը մի նոր հարթություն էր մտնում, որտեղ սեփականաշնորհվում են իշխանության ատրիբուտները։

Կառավարական առանձնատունը, լուսանկարը` azatutyun.am-ի

15-րդ դարի Անգլիայում մասնավոր ու սեփական ունեցվածքի տարանջատումը

Անգլիայի իրավական միտքը ու ավանդույթները դարերի պատմություն ունեն, և այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում արդիական են, դեռևս միջնադարյան Անգլիայում իրավական լուծումներ էին ստանում, որի շնորհիվ Անգլիան կարողացավ բարգավաճել ու ստեղծել իրավական պետության հայտնի մոդելը։

Անձնական ու պետական ունեցվածքի միջև եղած շփոթությունը (որպիսին ստեղծել էր Սերժ Սարգսյանը) դեռևս 15-րդ դարում Անգլիայում շատ հետաքրքիր լուծում էր ստացել դատաքննության միջոցով։

20-րդ դարի հռչակավոր հետազոտող Էռնստ Կոնտորովիչի «Թագավորի երկու մարմինները» ծավալուն գրքում միջնադարյան Անգլիայի մի դատական քննության նկարագրություն կա, որը վերաբերում է Հենրիխ IV թագավորի ունեցվածքին։ Գրքում բերվում է 16-րդ դարի անգլիացի իրավաբան Պլադուենի տրակտատից մի հատված. «Թագավորն ունի երկու մարմին՝ «բնական մարմին» և «քաղաքական մարմին»»։ «Բնական մարմինը» մահկանացու է, սակայն «քաղաքական մարմինն» անմահ է։ Այդ երկու մարմինները «անտեսանելի միասնության» մեջ են։ Սակայն, այդ ժամանակվա իրավաբանները առաջնայնությունը տալիս են «քաղաքական» մարմնին»։ Այդ երկու «մարմինների» իրավական իրավունքները տարբեր են, և նրանց հարաբերությունները իրավական կարգավորումների կարիք ունեն։

14-րդ դարի վերջին անգլիական Պլանտագենետների դինաստիային (Ռիչարդ II) փոխարինում է Լանկաստերների դինաստիան ( Հենրիխ IV), որի պատճառով առաջանում է իրավաբանական խնդիր` արդյոք Հենրիխ IV-ի կալվածքը, որը նրա սեփականությունն էր մինչև թագավոր դառնալը, կարելի է համարել թագավորական կալվածք (թագավոր դառնալուց հետո Հենրիխին են անցնում մինչ այդ Ռիչարդին պատկանող թագավորական կալվածքները)։ Ամբողջ խնդիրն այն էր, որ թագավորական ու մասնավոր կալվածքների հարկային դրույքաչափերը տարբեր էին։ 1405 թվականին տեղի ունեցած դատավարության ընթացքում այդ խնդրի իրավական լուծումը գտնում են։ Որոշվում է, որ թագավորի ունեցվածքը երկու տեսակի է լինում` que appertaine al Corone — ունեցվածք, որը պատկանում է թագավորին որպես թագավոր (քաղաքական մարմին), ինչը նա չի կարող ժառանգել մասնավոր անձանց և come auter person՝ ունեցվածք, որը նրան է պատկանում որպես մասնավոր անձի՝ թագավորի «բնական մարմնին»։ Այս դրույթներից են հետագայում բխել «իրավաբանական անձ» և «ֆիզիկական անձ» հասկացությունները։

Սերժի «երկու մարմինը»

Կառավարության վերը նշված որոշումը ցույց տվեց, որ Հայաստանում իրավագիտակցությունը ավելի ցածր մակարդակի վրա է, քան 15-րդ դարի Անգլիայում։ Սերժ Սարգսյանը փորձել է սեփականաշնորհել այն ունեցվածքը, որը պատկանում էր իրեն որպես «քաղաքական մարմին», այլ ոչ թե որպես «բնական մարմին»։ Այսինքն` Հայաստանում այդ «մարմինների» տարանջատման մասին իրավական ու հանրային գիտակցությունը դեռևս սաղմնային վիճակում է։

Սակայն, մինչ այդ որոշումը եղել էր մեկ այլ խորհրդանշական «սեփականաշնորհում», երբ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահության ժամանակ հանրային տարածքում՝ Մոնումենտի այգում, ԱԺ շենքի կրկնօրինակությամբ առանձնատուն կառուցեց։ Մի կողմ թողնենք ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մտավոր սեփականության հարցը։ Դա Ազգային ժողովի խորհրդանշական սեփականաշնորհում էր, որին հաջորդեց Սերժ Սարգսյանի արդեն ոչ խորհրդանշական քայլը։


Հովիկ Աբրահամյանի առանձնատունը

Իսկ եթե ավելի խորանանք, ապա հանրային ունեցվածքի՝ այգիների, պուրակների և այլ տարածքների սեփականաշնորհումն այն հոգեբանական նախապատրաստական քայլերն էին, որոնք հանգեցրին այդ ապշեցուցիչ որոշմանը։

Այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը սեփականության հարցում հանրային ընկալումների փոփոխությունն է։

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Ճշտում՝ ԱԺ շենքը կառուցվել է 1948-1950թ, գլխավոր ճարտարապետն էլ եղել է Մարկ Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter