
Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում առողջարանային կենտրոն կկառուցի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարության առաջին նիստն էր: Նիստին հաստատվեց գործադիր բերված առաջին ներդրումային նախագիծը՝ «Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը»: Ծրագիրն ուղղված է Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծմանը և հասարակական ենթակառուցվածքների զարգացմանը:
Այս ներդրումը կատարելու է «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը: Նշենք, որ դրա հիմնադիրները գործարար Ռուբեն Վարդանյանը և UWC Դիլիջան դպրոցի հիմնադիր գործընկեր, տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդն են:
Ինչպես նշվում է կառավարություն բերված որոշման նախագծում, հիմնադրամը մեկնարկում է Դիլիջանի Գետափնյա հատվածում երկարաժամկետ 4 ներդրումային նախագծեր, որոնց նպատակն է բնակիչների և այցելուների հանգստի, ժամանցի կազմակերպման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, քաղաքաշինական նոր տեխնոլոգիաների և մոտեցումների խրախուսումը:
Հիմնադրամը խոստացել է ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխան առողջարանային կենտրոն հիմնել, որը կխթանի բժշկական զբոսաշրջությունը: Բացի այդ` կբարեկարգվի քաղաքային լճի հարակից տարածքը, քաղաքային զբոսայգին և մարզադաշտը: Այս ծրագիրն իրականանալու է 5 տարվա ընթացքում և ներդրվելու է 15 միլիարդ 682 միլիոն դրամ:
Հարցը զեկուցող տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից վարչապետ Փաշինյանը հետաքրքվեց, թե ներդրումային ծրագրում ընդգրկված հողատարածքները ի՞նչ կարգավիճակ են ունենալու, արդյոք դրանք համայնքային սեփականություն են մնալու, թե սեփականաշնորհվելու են: Տերտերյանը պարզաբանեց, որ զբոսայգու և քաղաքային լճի տարածքը մնալու է համայնքային սեփականություն, իսկ կառուցվող օբյեկտների, հիվանդանոցի հողերը սեփականաշնորվելու են: Նրա փոխանցմամբ՝ ներդրողները այս պահին դեռևս հողերի սեփականատերերի հետ քննարկում են դրանք ձեռք բերելու հարցը:
Ընկերությունը խոստանում է այս ներդրման շրջանակներում ստեղծել մոտ 1070 աշխատատեղ՝ միջին աշխատավարձը` 200 հազար դրամ, և պետբյուջե վճարել առնվազն 300 մլն դրամի եկամտային հարկ։
Իսկ շահագործման հանձնվող օբյեկտներում, ըստ նախատեսված ծրագրի, կստեղծվի 408 մշտական աշխատատեղ՝ միջին 500 հազար դրամ աշխատավարձով:
Լուսանկարը՝ IDeA Foundation-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել