
Պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել դատարան` «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արարատ Միրզոյանը` հրապարակելով երաշխավորագիրը:
Չուգասզյանի փաստաբան Տիգրան Եգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջնորդագիրը երկու ժամ առաջ փոխանցվել է գլխավոր դատախազություն:
«Հաշվի առնելով, որ Գարեգին Չուգասզյանը հացադուլի մեջ է, առողջական վիճակով պայմանավորված հյուծվածություն կա, դա արդեն իսկ պարտավորություն է ստեղծում դատախազության համար հնարավորինս սեղմ ժամկետներում այդ հարցին անդրադառնալ: Օրենքը սահմանում է միջնորդությունների քննության համար հնգօրյա ժամկետ, բայց նման հանգամանքների պարագայում դատախազությունը չի կարող սպասել ու ձգձգելով քննել այն: Պետք է անհապաղ քննի այն»,-ասաց Եգորյանը:
Գլխավոր դատախազությունից ասացին, որ միջնորդագիրը ստացել են, քննում են:
Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով և նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Գ. Չուգասզյանի մեղադրանքն առնչվում է 2015-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործին: Այս գործով անցնում են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված գործին:
Չուգասզյանը մոտ երկու տարի ընդհատակում է եղել, ապա` ապրիլին, ընդհատակից դուրս է եկել ու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել:
Մեկնաբանել