HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրելու իրավունք

Հունվարի 27-ին, ինչպես նախապես հայտնել էինք, «Նարեկացի» մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հետաքննող լրագրողների»-ի կազմակերպած «Ապրելու իրավունքը» ակցիան: Ցուցադրվեցին «Հետք»-ի ֆոտոթղթակից Օնիկ Գրիգորյանի՝ անօթեւանների կյանքը պատկերող լուսանկարները: Միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր 120 մարդ, ներկայացվեց նաեւ «Երկիր-մեդիա» հեռուստաընկերության եւ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության համատեղ պատրաստած «Անանուն շիրիմներ» տեսաֆիլմը: Ցավոք, ակցիային այդպես էլ չմասնակցեցին կառավարության եւ պատկան այլ մարմինների ներկայացուցիչներ, որոնց արձագանքի կարիքն ունեին Հայաստանի անօթեւան քաղաքացիները:

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին, բայց չկարողացան ներկա գտնվել «Ապրելու իրավունքը» ակցիային, ստորեւ ներկայացնում ենք «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ, «Փողոցի մարդիկ» հոդվածաշարի հեղինակ եւ «Անանուն շիրիմներ» ֆիլմի համահեղինակ Էդիկ Բաղդասարյանի խոսքը, որը հնչեց ֆիլմի ցուցադրությունից հետո:

Երբ մարդը մահանում է, նրա համար աղոթում են: Աղոթում են հարազատները, ընկերները, աղոթում է հոգեւորականը:

Ա՛յս մարդկանց համար ոչ ոք չի աղոթել:

Եվ քանի որ նրանց համար ոչ ոք չի աղոթել, ոչ ոք մոմ չի վառել, եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք դեկտեմբեր եւ հունվար ամիսներին ցրտահարված անօթեւանների հիշատակը: Ես համոզված եմ, որ մեզանից որեւէ մեկը երբեւէ չի անելու նման բան եւ չի հայտնվելու նման վիճակում, բայց միշտ հիշելու է, որ մի օր հարգել է փողոցում մահացած անօթեւանների հիշատակը, եւ նրանց կողքով անցնելիս այլեւս այդքան անտարբեր չի լինի:

Այս մարդկանց գտել են փողոցում սառչած, տարել են դիարան, այնտեղից քաղաքապետարանի թաղման բյուրոյի մեքենան եկել եւ նրանց դիերը տարել է Նուբարաշենի գերեզմանոց, որտեղ անօթեւանների համար հատկացված հատվածում ամփոփել են եւ դրել հերթական համարը: Դեկտեմբերին՝ 17, իսկ հունվարին 14 անանուն շիրիմներ են հայտնվել գերեզմանոցի այդ տարածքում:

«Հետքի» թղթակիցներն ինձ ասում էին՝ ինչու՞ է պետք այս ակցիան, իբրեւ լրագրողներ մենք մեր գործը կատարել ենք: Բայց, այդուհանդերձ, հոդվածներ գրելով մենք չկարողացանք ավարտված համարել մեր առաքելությունը: Որովհետեւ մեկ ամսվա ընթացքում մեր աչքերի առջեւ մահանում էին մարդիկ, ու ոչ ոք չէր փորձում կանխել նրանց մահը:

Նրանց մի մասին գիտեինք անձամբ, եւ ամեն անգամ մտավախություն ունեինք, որ մեր հերթական այցելության ժամանակ նրանցից մեկին մահացած կգտնենք: Երկու անօթեւաննների իսկապես չկարողացանք փրկել. չափազանց ուշ էր:

Ոմանց կարողացանք օգնել: Մի քանիսի համար տուն վարձեցինք, երկուսին ուղարկեցինք հարազատների մոտ: Մնացածի մասին տեղեկություններ չունենք:

Նրանց հետ մի տեսակ մտերմացել էինք, որովհետեւ երբեմն ժամեր շարունակ զրուցում էինք, լսում նրանց պատմությունները՝ երբեմն սուտ, երբեմն հորինովի, բայց վերջում նրանք պատմում էին իրենց կյանքի իրական պատմությունները, որոնք շատ դաժան են:

Որքան էլ ցավալի է, մեր հրապարակումներին հիմնականում արձագանքել են դրսից: Միացյալ նահանգներից երեք բժիշկներ որոշել են մարտ ամսին գալ Երեւան, տուն վարձել, բոլոր անօթեւաններին հետազոտել եւ բժշկական օգնություն ցույց տալ: Նյու Յորքի հայ ուսանողների ասոցիացիան 200 ԱՄՆ դոլար է ուղարկել: Երեւանցի Դավիթը հագուստ գնեց Բաշի համար:

Բայց արձագանքները միայն դրական չէին: Համալսարաններից մեկի կրոնի մի դասախոս ասաց՝ դրանք սրիկաներ են, պետք չէ օգնել դրանց:

Հայաստանի գլխավոր սանէպիդբժիշկը երկու օր առաջ ասում էր՝ Հայաստանում համաճարակի վտանգ չկա: Ես ուզում եմ նրան հարցնել՝ ձմռան երկու ամիսներին արդեն երեք տասնյակ մարդ ցրտահարվելուց մահացել է. սա համաճարակ չէ՞, սա արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմք չէ՞: Ընդ որում՝ դրանք մեզ հայտնի մահերն են: Իսկ քանի՞ նման մահ կա, որը ոչ մի տեղ չի արձանագրվել:

Պետք չէ հավատալ պետվիճվարչության պաշտոնական տվյալներին, ո՛չ էլ աղքատության կրճատման վերաբերյալ տարաբնույթ ուսումնասիրություններին ու զեկույցներին, որովհետեւ հարյուրավոր, հազարավոր մարդիկ այդ ցուցակներում չկան, հարյուրավոր երեխաներ ոչ մի տեղ հաշվառված չեն:

Ես կարծում էի՝ այս դահլիճում կլինեն կառավարության ներկայացուցիչներ, բայց նրանք չեն եկել: Ես նրանց ուզում էի ասել. «Գնացե՛ք, պարոնա՛յք, եւ արե՛ք այն, ինչ որ պարտավոր եք անել: Ձեզանից լրացուցիչ ջանքեր չեն պահանջվում, ձեզանից ընդամենը մի բան է պահանջվում' կատարել Ձեր պարտականությունները»:

Հիպոկրատի երդում տված Հայաստանի բժիշկը չի ուզում հիվանդին բուժել, չի ուզում, որովհետեւ հիվանդը փողոցի մարդ է, որովհետեւ փողոցի մարդը փող չունի նրան վճարելու, որովհետեւ նրա թիկունքին ոչ ոք չի կանգնած, որովհետեւ նա լաթերի մեջ է, որովհետեւ նա կեղտի մեջ կորած է, որովհետեւ նրա վրայից հոտ է գալիս...

Մարդու իրավունքների պաշտպանության, բարեգործական տասնյակ կազմակերպություններ ունենք: Ու՞ր են նրանք այսօր, ի՞նչ են անում:

Մենք՝ լրագրողներս, վերջացրել ենք մեր գործը, հիմա հերթը Ձերն է, մի՛ թողեք, որ մարդիկ մահանան փողոցում:

Ու՞ր է եւ ի՞նչ է անում Հայ Առաքելական եկեղեցին: Մոմավաճառությունը չէ նրա հիմնական առաքելությունը: Դարեր շարունակ մենք հպարտացել ենք, որ մեր եկեղեցին եղել է աղքատների, հիվանդների, անապահովների նեցուկը: Բայց այսօր... Բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը հիվանդանոց է նվիրել եկեղեցուն: Գիտեք ու՞մ համար է այդ հիվանդանոցը: Եկեղեցականների, նրանք այնտեղ անվճար կարող են բուժվել, իսկ դրսի մարդիկ պետք է վճարեն: Սա՞ է եկեղեցու առաքելությունը: Լուիզ Սիմոն Մանուկյանը նվիրատվություն կատարելուց առաջ մոռացել է մի պայման դնել, որ այդ հիվանդանցում պետք է բուժվեն ընչազուրկները, ծայրահեղ աղքատները: Այլապես անիմաստ է նման բարեգործությունը:

Թափառաշրջիկ Բաշի հետ պայմանավորվել էինք հունվարի 17-ին անօթեւանների ցույց կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Բաշը խոստացել էր քաղաքի բոլոր թափառաշրջիկներին հավաքել: Նրանք մեկ պահանջ ունեին՝ հատկացնել մի կացարան, որտեղ իրենք կարող են գիշերել: Ես էլ ավելացրել էի երկրորդ պահանջը' օրը մեկ անգամ տաք ապուր: Ցույցը, սակայն, չկայացավ: Բաշը մահացավ:

Եւ այսօր ես թափառաշրջիկների անունից այդ պահանջը ուզում եմ ներկայացնել Հայաստանի կառավարությանը, իսկ միջազգային կառույցների ներկայացուցիչներին դիմում եմ մի խնդրանքով' օժանդակեք կառավարությանը գոնե առաջիկա երկու տարում այդ ծախսերը հոգալու գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter