
«Ելքը» ևս երկու նոր պատգամավոր կունենա՝ Հովիկ Աղազարյան և Հայկ Կոնջորյան
«Ելք» դաշինքի ներկայացուցիչներ Հովիկ Աղազարյանը եւ Հայկ Կոնջորյանը կդառնան պատգամավորներ։
«Ելքի» ներկայացուցիչներ Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը համապատասխանաբար նշանակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Արդարադատության նախարարներ, հայտնի է, թե նախկին պատգամավորներին ովքեր են փոխարինելու խորհրդարանում։ Մանե Թանդիլյանը պատգամավոր էր ընտրվել Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ մեկ ընտրատարածքից (5110 ձայն)։ Ստացած ձայներով ցուցակում նրան հաջորդում է ՔՊ անդամ Հովիկ Աղազարյանը (2620 ձայն)։ Աղազարյանը քաղաքականության մեջ նոր չէ․ գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր է եղել։ 1996 թվականին եղել է ՀՅԴ Գերագույն Մարմնի նախագահ։ 1998-ին հեռացվել է ՀՅԴ շարքերից։ 2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2016-ի հոկտեմբերի 30-ին ընտրվել է ՔՊ վարչության անդամ։ Աղազարյանը մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժմանը։
Արտակ Զեյնալյանը պատգամավոր էր ընտրվել «Ելք»-ի համապետական ցուցակով, նրան հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը։ Կոնջորյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդրկող թիվ 2 ընտրատարածքում։ Մասնագիտությամբ պատմաբան է, 2011-2015 թվականներին եղել է երիտասարդական խորհրդարանի անդամ։ «Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» ՀԿ-ի անդամ է, ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ։ Հեղինակել ու վարել է որոշ հասարակական-քաղաքական հաղորդումներ։
Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին փոխարինողների մասին արդեն գրել ենք։
Լուսանկարում՝ ձախից՝ Հովիկ Աղազարյանը, աջից՝ Հայկ Կոնջորյանը։
Մեկնաբանել