
Հայաստան. տարբեր, սակայն ոչ նոր
Վահան Բուրնազյան
Հանրապետության հրապարակի բեմահարթակից վարչապետ Փաշինյանը մեզ կոչ էր անում քայլ անելու, եթե երբևէ ինքը սխալվի։ Այսօր ես պատասխանում եմ այդ կոչին։
Պատգամավոր Փաշինյանը վարչապետ ընտրվեց Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի զորությամբ։
Որպես թեկնածու՝ Փաշինյանը երկիցս պարտավոր էր Ազգային ժողովում հայտարարելու, թե ում հետ է ինքն աշխատելու նոր կառավարությունում, բայց նա այդպես էլ չարեց դա։
Եթե նախարարների անվանացանկն այն ժամանակ հայտարարվեր, Հանրապետության հրապարակում հավաքվածների կեսից ավելը կհեռանար կամ պետք է հեռանար։ Այս երկրում ավելի շատ կանայք կան, քան տղամարդիք, իսկ հիմնականում կանանց կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն այս շարժման մեջ մեծ դերակատարում ունեցան, մինչդեռ միայն երկու կին է ընդամենը նշանակվել նախարարի պաշտոնում։ Կան բազմաթիվ հմուտ կին առաջնորդներ, և «ժողովրդի կառավարությունը» պետք է ներկայացնի այդ «ժողովրդին»:
Ցավոք, սա միակ սխալը չէ։
Կալիֆորնիայում ծնված, սակայն լինելով ցեղասպանությունից փրկվածների ժառանգ՝ ես կատարել եմ Հայաստանում ապրելու և աշխատելու իմ ընտրությունը՝ ի հեճուկս ցեղասպանության։ 1989 թվականին խախտելով իմ մուտքի արտոնագիրը՝ կանգնած եմ եղել Մատենադարանի աստիճաններին՝ աջակցելով Ղարաբաղյան շարժմանը։ 1998 և 1999 թվականներին իրավաբանություն եմ դասավանդել Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանում։ Ապրում և աշխատում եմ Երևանում 2004 թվականից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ 2013 թվականից։ Հայաստանին իմ նվիրվածությունը չի կարող հարցականի տակ դրվել, մինչդեռ տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարարը, 2012 թվականին լինելով պատգամավոր, հայտարարում էր, որ ինձ «պես մարդիկ» «կործանում» են հայ հասարակությունը։ Ի տես բոլորի՝ ես պատահմամբ ծննդով հայ եմ և նույնասեռական։
2012 թվականի մայիսին երկու անձինք հրդեհեցին Փարպեցի փողոցում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկում գտնվող «DIY» ակումբը, որը բաց էր բոլոր տեսակի մարդկանց համար։ Գազատար խողովակների պատճառով հրդեհը կարող էր տարածվել ամբողջ շենքով մեկ և բնակիչների կյանք խլել։ Բարեբախտաբար, այդպես չեղավ։ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ ահաբեկչությունն ընդգրկում է նաև պայթյուններ և հրդեհներ կազմակերպելը հասարակական անվտանգությունը խախտելու և ահաբեկելու նպատակով։ Սակայն հանցագործներն, ունենալով այսօրվա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի աջակցությունը, մեղադրվեցին միայն վանդալիզմ կատարելու մեջ։ Նրանցից մեկին անձամբ գրավի դիմաց կալանքից ազատ արձակելիս այսօրվա նախարարն արդարացրեց հանցագործներին՝ այն ժամանակ ասելով, թե նրանք «ճիշտ են արել»՝ «մեր հասարակությանը և ազգային գաղափարախոսությանը համահունչ»։
Այսպիսով, այսօրվա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, լինելով պատգամավոր, հրապարակայնորեն հայտարարում էր, որ հայրենակիցների նկատմամբ բռնությունը արդարացված կարող է լինել, եթե պարզվի, որ այդ հայրենակիցները նույնասեռական են։ Այսօրվա նախարարն ասել կուզեր, որ հանցանք կատարելը ճիշտ է։ Այդպիսով նա խախտել է իր՝ որպես պատգամավորի բարոյական պարտականությունները և դրանով օժանդակել այլոց հանցանք կատարելու։ Իր մեկնաբանություններից հետո «DIY» ակումբը երկրորդ անգամ է հարձակման ենթարկվել։ Սա ոչ այլ ինչ է, քան ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դրսևորումներ։
Անգամ եթե քաղաքական կոալիցիայի ստեղծումն առաջնահերթ է եղել վարչապետ Փաշինյանի համար, այն մարդը, որին հաջողվեց դուրս գալ նախկին նախագահի դեմ, կարող էր նաև խնդրել ՀՅԴ-ին մեկ ուրիշին առաջադրելու, քան այսօրվա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին։
Այո՛, Հայաստանն այսօր տարբեր է, սակայն ոչ նոր։ Նոր Հայաստանը պետք է բաց և ներառական լինի բոլոր քաղաքացիների համար։ Նոր Հայաստանը չի կարող այնպիսի նախարար ունենալ, որը արդարացրել և օժանդակել է ատելությունը և հանցագործությունը։
Իմ պապերը մազապուրծ չեն եղել ցեղասպանությունից՝ խտրականության բարձրագույն դրսևորումից, որպեսզի ես ապրեմ խտրող Հայաստանում։
(Վահան Բուռնազյանը՝ ծնված Կալիֆորնիայում, բնակվում է Երևանում, որտեղ նա հետազոտում և դասախոսում է մարդու իրավունքներ)։
[1] https://www.panorama.am/am/news/2012/05/15/minasyan-about-comak/754298; https://gayarmenia.blogspot.am/2012/05/mps-of-arf-dashnaktsutyun-party-bail.html
[2] Id.
Մեկնաբանություններ (20)
Մեկնաբանել