HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման օրը Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին տասնյակ պաղեստինցիներ են զոհվել

Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին իսրայելական բանակի կիրառած միջոցների հետևանքով զոհվել է առնվազն 52 պաղեստինցի, կան մոտ 2500 վիրավորներ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Պաղեստինի իշխանություններին: 

Այս իրադարձությունները տեղի են ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հանդիսավոր արարողության ֆոնին: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ. դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:

Մայիսի 14-ի առավոտվանից հազարավոր պաղեստինցիներ հավաքվել են Գազայի հատվածում և շարժվել են դեպի Իսրայելի հետ սահմանային գոտի, որտեղ իսրայելական ուժայինները ցուցարարներին դիմավորել են կրակով: Հաղորդվում է, որ իսրայելական հատվածից գործել են նաև դիպուկահարներ: 

Պաղեստինցիների «Վերադարձի մեծ քայլերթը» մեկնարկել էր դեռևս մարտի 30-ից: Նրանք պահանջում են միլիոնավոր փախստականների և նրանց ժառանգների վերադարձը այն տարածքներ, որոնք հիմա վերահսկվում են Իսրայելի կողմից: Ի սկզբանե նախատեսվում էր, որ բողոքի ակցիաները պաղեստինա-իսրայելական սահմանին կշարունակվեն մինչև մայիսի 15-ը: Հենց այդ օրը պաղեստինցները նշում են Նակբան (al-Nakbah, արաբ.՝ - աղետ)՝ ազգային աղետի օրը՝ 1948թ. ավելի քան 700 հազար պաղեստինցի արաբների տեղահանումը իրենց հայրենի հողից:

Պաղեստինի կառավարությունը Իսրայելին է մեղադրել այսօրվա «սարսափելի կոտորածի» մեջ, և դիմել է միջազգային հանրությանը՝ օգնության խնդրանքով: Իսրայելական բանակն էլ իր հերթին հայտարարել է, որ մոտ 35 հազար պաղեստինցիներ զանգվածային անկարգություններ են հրահրել և փորձել են կոտրել սահմանային արգելապատնեշները, իսկ իսրայելցի զինծառայողները գործել են իրավիճակից դրդված:

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը ամերիկյան կողմից մասնակցել են դեսպան Դևիդ Ֆրիդմանը, նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, և վերջինիս ամուսին Ջարեդ Քուշները, ով նաև Թրամփի խորհրդականն է Մերձավոր Արևելքի հարցերով: Հատկանշական է, որ այսօր՝ մայիսի 14-ին, իսրայելցիները նշում են իրենց պետության ստեղծման 70-ամյակը:

Իսրայելը Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը, իսկ պաղեստինցիները հավատում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Ըստ պաղեստինցիների՝ ԱՄՆ-ն այս քայլով ճանաչում է Իսրայելի իշխանությունը ոչ միայն Երուսաղեմի արևմտյան հատվածի, այլ նաև արևելյան հատվածի վրա:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 21-ին բանաձև էր ընդունել, որը կոչ էր անում Երուսաղեմը չճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի մեջ մասնավորապես ասվում էր.

«Գլխավոր ասամբլեան հաստատում է, որ ցանկացած միջոցառոումներ և գործողություններ, որոնք ուղղված կլինեն Սուրբ քաղաք Երուսաղեմի կարգավիճակի կամ ժողովրդագրական կազմի փոփոխությանը, ոչ մի իրավական ուժ չունեն և պետք է չեղարկվեն Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով»:

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter