HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Երբվանի՞ց է պարտավորություններից խուսափելը բարեգործություն համարվում

«Նարէներգո» ՍՊԸ-ի տնօրինությունը ցանկանում է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանից հեռացնել կատարվածի պատասխանատվությունը: Ուզում են համոզել, որ նա պաշտոնը չի համատեղել բիզնեսի հետ, սակայն փաստ է, որ վերջինիս բիզնեսն այդքան արտոնյալ չէր լինի, եթե նա պետական պաշտոն չզբաղեցներ: Առնվազն համայնքային գույքը խորհրդանշական գումարով չէր տրամադրվի նրան վարձակալության, հէկի գործունեության ժամանակաշրջանն էլ կսահմանափակվեր, եթե ոռոգման համակարգը նրա ղեկավարման ոլորտում չլիներ:

Հէկի տնօրինության պատասխանում ասվում է, որ Վ. Նարիմանյանն ընկերությունում ունեցած իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել եւ տեղյակ չի եղել, որ վարձավճարները չեն վճարվել համայնքային բյուջե: Հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո Նարիմանյանը հրաժարվե՞լ է իր ընկերության վերաբերյալ տարեկան հաշվետվություններին ծանոթանալուց, չի՞ հաշվարկել ընկերության ունեցած եկամուտը, ծախսերը, իր շահույթը:

Վոլոդյա Նարիմանյանը, որպես «Նարէներգո» ՍՊԸ-ի տնօրեն, ինքն է 2002 թ.-ի հուլիսի 18-ին գույքի վարձակալության պայմանագիր կնքել Գառնի համայնքի ղեկավարի հետ եւ 16 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի մտաբերել վարձակալած գույքի դիմաց վճարում կատարելու մասին: Նման բացատրությունը տրամաբանություն կունենար միայն այն դեպքում, երբ ընկերությունը կփաստարկեր, որ Նարիմանյանն այլեւս հէկի համասեփականատերը չէ, բայց նա առ այսօր ընկերության 50% բաժնեմասի տերն է: Եթե տեղեկացված է շահույթի մասին, ուրեմն տեղեկացված է նաեւ պարտքերի մասին:

Համայնքին համարում եք Ձեր երկարամյա գործընկերը, բայց ի՞նչ գործընկերություն կարող է լինել համայնքի ու նրան հարստահարողի միջեւ:

«Բնականաբար, մեզ համար, որպես տնտեսվարողի, ընդունելի չէ, որ տարեկան 36 000 դրամ վարձավճարը տույժ-տուգանքների հաշվարկման ոչ ճիշտ մեթոդաբանություն կիրառելու արդյունքում հասել է տարեկան շուրջ 700 000 դրամի»,- ասվում է հէկի տնօինության պատասխանում:

Ինչո՞ւ համայնքի ոռոգման ջրանցքի եւ ջրագծերի դիմաց սահմանված տարեկան 36 000 դրամ վարձավճարի չափը Ձեզ չի զարմացնում, բայց 700 000 դրամ տույժն ու տուգանքը զարմացնում է: Անցնող 16 տարիների ընթացքում իրավական ի՞նչ քայլեր եք կատարել ձեր անհամաձայնության շուրջ համաձայնության գալու համար: Թե՞ մտածում էիք, միեւնունն է, 36 000 հազար դրամն էլ չեք վճարում, ինչո՞ւ անհանգստանալ 700 000 դրամի համար:

Կրկին հիշեցնեմ, որ Վ. Նարիմանյանն անձամբ է, որպես ընկերության տնօրեն, Գառնի համայնքի ղեկավարի հետ հողի եւ գույքի վարձակալության պայմանագրերը կնքել, իսկ նոտարն ընդամենը վավերացրել է այն պայմանները, որոնք ընդունել են կողմերը:

Չեմ կարող չանդրադառնալ Ձեր «բարեգործությանը». հայտնում եք, որ վարձավճարի գոյացած պարտքի վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջին իսկ ծանուցման դեպքում ընկերությունը որպես նվիրատվություն համայնքին 400 000 դրամ է հատկացրել:

Պրն Նարիմանյան, Գառնի համայնքն է Ձեզ նվիրատվություն արել` 16 տարի անվարձահատույց տրամադրելով իր հողը, գույքը, ջուրը, իսկ Դուք համայնքի բնակչությանը զրկել եք եկամուտ ստանալու հնարավորությունից՝ նրան հասանելիք ջուրն օգտագործել եք տարեկան միլիոնավոր դրամների շահույթ ստանալու համար: Այսօր էլ համայնքից ակնկալում եք, որ Ձեզ բարեգործ հայտարարի 400 000 դրամ «նվիրաբերելու» համար: Ախր, դուք այդ համայնքին 8 մլն 257 հազար դրամ եք պարտք: Ի սեր Աստծո, բարեգործությունը վեհ առաքելություն է, եւ ամեն մեկին հասու չէ:

Վոլոդյա Նարիմանյանը 2001 թ.-ին հիմնել է նաեւ «Կայուն ջրային միջավայր» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն: Այդ ժամանակ նա Ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետն է եղել: ՀԿ-ն և´ դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում, և´ ունի ՍՊԸ-ը, որը բիզնես գործունեությամբ է զբաղված ջրային ոլորտում: Հէկի տնօրենի տրամաբանությամբ՝ Նարիմանյանն այս ՀԿ-ի համար էլ պատասխանատու չէ, որովհետեւ ստեղծել և հանձնել է այլոց կառավարման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter