HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Ալեքսեյ Նավալնին կալանավորվել է 30 օրով

Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն 30 օրով կալանավորելու որոշում է կայացրել՝ չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Կոռուպցայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարը ձերբակալվել էր մայիսի 5-ին՝ իր կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, որը չէր արտոնվել Մոսկվայի քաղաքապետարանի կողմից: Մայիսի 5-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Ռուսաստանի այլ քաղաքներում և կրել են «Նա մեր ցարը չէ» կարգախոսը: Ցուցարարները իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման 4-րդ ժամկետի:

Մայիսի 5-ի ձերբակալության ժամանակ Ալեքսեյ Նավալնու նկատմամբ վարչական երկու արձանագրություն է կազմվել՝ հասարակական կարգը խախտելու և ոստիկանության աշխատակցին չենթարկվելու համար: Արձանագրություններ կազմելուց հետո ընդդիմադիր գործիչը ազատ է արձակվել՝ մայիսի 11-ին դատարան ներկայանալու պարտավորությամբ, սակայն այդ օրվա նիստը տեղափոխվել էր այսօր՝ մայիսի 15-ին:

Մայիսի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ Ռուսաստանում ձերբակալվածների թիվը հասել էր 1600-ի: Այնուամենայնիվ, մայիսի 7-ին Կրեմլում կայացավ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը և նա 4-րդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը՝ 6 տարի ժամկետով: