HY RU EN

Դիանա Ղազարյան

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Երևանի 2800-ամյակի առթիվ բարեկարգվող այգում կատարված ծառահատումների

16:03

Այս պահին քաղաքապետարանի շենքի դինաց հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ցուցարարները արդեն տեւական ժամանակ է փորձում են մուտք գործել քաղաքապետարանի շենք, սակայն նրանց արգելում են: Ցուցարարները նշում եմ, որ տարածքում կան սադրիչներ, ովքեր արգելում են ցուցարարներին մտնել շենք եւ փորձում բախում հրահրել:

15:28

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը քիչ առաջ քաղաքապետարանի շենքի առաջին հարկ հասնելով` մոտեցավ այնտեղ կանգնած` քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանին եւ ասաց` «Քո բաժնի աշխատակիցները ցուցարարներին բրթելու համար չեն» եւ հեռացավ:

Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի մուտքի դիմաց կանգնած տղամարդիկ ցուցարարներին արգելում են ներս մտնել: Նրա փոխանցմամբ՝ արգելողները այս բաժնի աշխատակիցներն են: Նրա խոսքով` քիչ առաջ այնտեղ կանգնած է տեսել այդ աշխատակիցներին, սակայն դժվարացավ նրանց անուններն ասել:

Նշենք, որ քաղաքապետարանի մուտքի դիմաց լարված իրավիճակ է, անծանոթ տղամարդիկ կանգնել են մուտքի մոտ եւ ցուցարարներին արգելում են ներս մտնել` փակելով ճանապարհը:

15:03

Այս պահին Երեւանի քաղաքապետարանի ներսում լարված իրավիճակ է: Քաղաքապետարանի դիմաց հավաքված ցուցարարներն ամեն կերպ փորձում են մտնել շենք, որքան էլ անվտանգության աշխատակիցները խիստ հսկողություն են սահմանել մուտքի մոտ:

14:50

Հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանց արգելում են մուտք գործել շենք եւ միանալ քաղաքապետարանի ներսում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին: Ցուցարարները փակել են Արգիշտի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցները, երթեւեկությունը դադարել է:

14:19

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը դիմել է ոստիկանությանը: Գրավոր դիմումում ասված է.

«Հարգելի պրն Օսիպյան,

օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

14:16

Երեւանի քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները քաղաքապետարան եկած ցուցարարների նոր խմբին արգելում են մտնել շենք եւ միանալ Տարոն Մարգարյանի աշխատասենյակի առջեւ բողոքի ակցիա իրականացնողներին:

13:52

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ցուցարարներին առաջարկեց քաղաքապետարանի այլ մասնաշենքում հանդիպել Տարոն Մարգարյանին, փոխքաղաքապետերին եւ համապատասխան վարչության պետերին՝ հուզող խնդիրները լուծելու համար: Սակայն ցուցարարները հրաժարվեցին՝ ասելով, որ քաղաքապետին սպասում են այստեղ՝ իր աշխատասենյակի առջեւ:

13:28

Այստեղ են փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը եւ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Ցուցարարները բարեկարգվող այգուց հատված կանաչ ծառ են բերել Տարոն Մարգարյանի աշխատասենյակ: 
Դավիթ Օհանյանը ցուցարարներին առաջարկեց բարձրանալ ճեպազրույցների սենյակ եւ բարեկարգվող այգու վերաբերյալ քննարկում անցկացնել մասնագետների հետ: Ցուցարարներն ասացին, որ կհամաձայնեն, եթե քննարկմանը գա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Օհանյանը ցուցարարներին ասաց, որ քաղաքապետը կգա այն ժամանակ, երբ մասնագետների պատասխանները բավարար չլինեն: Ցուցարարները, միեւնույն է, մերժում են՝ ասելով, որ քաղաքապետարանի շենքում կմնան այնքան ժանանակ, մինչեւ հանդիպեն Տարոն Մարգարյանին: 

13:24

Քաղաքապետարան մտած ցուցարարները Տարոն Մարգարյանի աշխատասենյակ են հասել եւ շարունակ բղավում են՝ Տարոն, հեռացիր: Ցուցարարները ձեռքերը վերեւ են պարզել՝ ցույց տալով, որ իրենց ակցիան խաղաղ է: 

13:14

Ցուցարարներից ոմանք մտել են Երեւանի քաղաքապետարանի շենք եւ բղավում են` «Տարոն, հանցագործ», «Տարոն, իջիր»: Նրանք ցանկանում են այգու ծառահատումների վերաբերյալ պարզաբանում ստանալ անձամբ քաղաքապետից:

Չնայած փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի եւ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցների ջանքերին`  ցուցարարները մտան քաղաքապետարան եւ այս պահին քաղաքապետարանի հարկերով բարձրանում են` վանկարկելով՝ «Տարոն, հեռացիր»:

13:08

Քաղաքապետարանի պաշտոնյաների դիտարկմանն ի պատասխան, թե հատված ծառերը չոր են, ցուցարարներն այգու վերջից հատված ծառեր բերեցին՝ հարցնելով` սա չո՞ր է: 
Հատված կանաչ ծառերը ցուցարարները բերեցին եւ դրեցին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց` Երւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ասելով. «Տարոն, է՞ս ա չորացած ծառը»:

 

12:51

Բողոքի ակցիայի մասնակիցներին Երեւանի քաղաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ասաց, որ 40-45 բարձրարժեք ծառ է տնկվելու այգում, շատրվաններ են կառուցվելու եւ դրանց հարեւանությամբ տնկվելու են նոր ծառեր: Նրա փոխանցմամբ` հատված ծառերը փտած են եղել, 50 տարվա հնության եւ արդեն վտանգավոր էին: Ցուցարարները վարչության պետից հստակ ապացույցներ պահանջեցին, որ այդ ծառերը փտած են եղել: Նա նշեց, որ սեպտեմբերին նոր այգի կլինի եւ քաղաքացիները կտեսնեն, թե ինչպիսի տեսք այն ունի:

Այստեղ է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Ցուցարարները պաշտոնյաներին մեղադրեցին առանց հանրային լսում կազմակերպելու նման ծավալի ծառահատում իրականացնելու համար:

Ցուցարարներից ոմանք Դավիթ Օհանյանին ասացին, որ նա հրաժարական պետք է տա քաղաքի նման տեսքի, այսչափ ծառահատում իրականացնելու համար: «Մենք մեր ծառերն ենք ուզւոմ, մեր հարյուր տարվա ուռենիներն ենք ուզում»,- Օհանյանին ասաց ցուցարարներից մեկը: 

12:28

Ցուցարարները պատռեցին այգին փակած բարեկարգման պաստառները, քանդեցին որոշ թիթեղներ եւ մտան այգի՝ տեսնելու, թե այն ինչ վիճակում է: 
Այս պահին ցուցարարները շարունակում են պոկել այգին փողոցից շրջափակած պաստառները: Տղամարդիկ քանդում են թիթեղները:
 

12:14

Երեկ համացանցում հրապարակվեց Երեւանի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում, Երևանի 2800-ամյակի առթիվ բարեկարգվող այգու լուսանկարը, որից պարզ դարձավ, որ բարեկարգման աշխատանքների անվան տակ ծառահատումներ են կատարվել: Այդ փաստը շատերի զարմանքն ու զայրույթն առաջացրեց եւ այսօր արդեն բողոքի ակցիայի առիթ դարձավ:

Տասնյակ ցուցարարներ եւ բնապահպաններ են այժմ հավաքվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Ցուցարարների մի մասը քիչ անց պատրաստվում է գնալ այգի եւ ներսից տեսնել, թե ինչ վիճակում է այն, քանի ծառ է հատվել եւ ինչ աշխատանքներ են կատարվել:

Քաղաքացիները երեկ սոցիալական ցանցերում տարածում էին լուսանկար, թե ինչպիսին էր այգին մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարումը, և ինչ տեսք ունի այն այժմ:

Երեկ Երևանի քաղաապետարանը պարզաբանեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր:

Քաղաքապետարանը հավաստիացնում է, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին բարեկարգվում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից և նվիրվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Հավելենք, որ այս այգում կատարված գիշերային ծառահատումների մասին ահազանգել էինք դեռևս փետրվարի 3-ին: