
«Սասնա ծռեր»-ի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան. դատարանը խորհրդակցական սենյակում է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու կամ այն վերացնելու` նրանց պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 16:00-ին:
Դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո նիստին ներկա քաղաքացիները փակեցին Արշակունյաց փողոցը, որտեղ գտնվում է դատարանի շենքը: Նրանք հայտարարեցին, որ պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել նաև գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի դիմաց:
Այս պահին Արշակունյաց պողոտան շարունակում է երկկողմանի փակ մնալ:
Նշենք, որ մեղադրող կողմն առարկել է ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդության դեմ: Այն ժամանակ, երբ մեղադրող Պետրոս Պետրոսյանն իր դիրքորոշումն էր հայտնում, քաղաքացիներն, իբրև բողոքի նշան, սուլում և քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր էին անում:
Մեկնաբանել