HY RU EN

Նարեկ Ալեքսանյան

Պարիսպների ապամոնտաժումից մինչև քաղաքապետի հրաժարականի պահանջ (լուսանկարներ)

Մայիսի 15-ին սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարն այսօր բազմաթիվ քաղաքացիների բերել էր Երևանի քաղաքապետարան։ «Ուռենիների պուրակ»-ի ճակատագրով մտահոգ քաղաքացիները սկզբում քաղաքապետարանի մոտ էին իրենց բողոքի ակցիան իրականացնում, հետո անցան դիմացի մայթ՝ ապամոնտաժելու պուրակի շինարարական պարիսպները, ինչպես իրենք էին ասում, որպեսզի քաղաքացիներին ցույց տան, թե ինչ տեսք ունի քանդված այգին։ Այնուհետև ցուցարարները մտան քաղաքապետարանի շենք, որտեղ արդեն պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու ազատ արձակումը։ Քաղաքապետարանում էին նաև Տարոն Մարգարյանի համակիրները։ Վերջինս դուրս եկավ քաղաքապետարանի շենքից միայն այն ժամանակ, երբ առավոտյան 12։00-ից քաղաքապետարանի մոտ նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները երեկոյան 17։00-ի սահմաններում իրենց բողոքի ակցիան տեղափոխեցին դեպի դատախազություն, այնուհետև Սարյան փոստի մոտ գտնվող Բուլվար, որտեղ նույնպես շինարարական աշխատանքներ են ընթանում։ Քաղաքապետարանի դիմաց Տարոն Մարգարյանին քաղաքացիները դիմավորեցին «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրություններով։

Մայիսի 16, 2018 թ.։