Սիրիայից եկած Ծովիկի համար մարմնի արվեստը կենսակերպ է
2004թ. Հալեպից տեղափոխվելով Հայաստան` Ծովիկը որոշեց զարգացնել իր նախնիներից փոխանցված «ժառանգությունը»: Նկարելու տաղանդն էր, որն էլ նրան դարձրեց տատու արտիստ` հիմնելով «Body Art» դաջվածքի սրահը: Ստեղծագործական աշխատանքից ստացած հաճույքն, ասում է, ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել. «Փոքր տատուներից եմ սկսել: Հայաստանում նկարիչ եղբորս հետ էի աշխատում, նրանից սովորեցի»:
Հիմնականում այցելուները սփյուռքահայեր են: Հայաստանում բնակվողների շրջանում դեռևս բարդույթներ է նկատում: Կին լինել և Հայաստանում զբաղվել մարմնի արվեստով՝ Ծովիկի համար դժվար չէ, թեպետ տարիներ առաջվա պատկերն այսօր նրա աչքերով շատ է փոխվել. «Հայաստանում 8-9 տարի առաջ եթե տատու ունեիր, ուրեմն կամ համարում էին, որ դատված ես, կամ էլ անբարոյական: Բայց այսօր, օրինակ, եթե փողոցում մի պապիկ տեսնի, որ տատու ունես, կասի՝ ինչ արած ես, չի ասի՝ ինչի համար արած ես»,- ասում է Ծովիկը՝ ավելացնելով, որ ինքը վերջին 2 տարում է որոշել իր մարմնի վրա դաջվածք կրել:
Սիրում է այն հաճախորդներին, ովքեր հստակ գիտեն, թե ինչ են ուզում: Ինքն էլ հաճախ նրանց խորհուրդներ է տալիս, քանի որ, իր խոսքով, «ամեն տատու մարմնի վրա իր տեղն ունի»: Վստահեցնում է, որ մարմնի վրա չկա այնպիսի հատված, որի վրա չի կարելի դաջվածք անել:
Տատու արտիստի համոզմամբ՝ մարդկանց մեծ մասը նախընտրում է օգտվել մատչելի ծառայությունից՝ առանց որակին ուշադրություն դարձնելու. «Ամենակարևորը հենց նյութերի որակն է, որ հանկարծ մարդուն վնաս չտաս: Պարտադիր պետք է ուշադիր լինել՝ արդյոք դրանք ախտահանված են, թե չէ: Իսկ մարդիկ մեծամասամբ չեն հետաքրքրվում այդ ամենով, դրա համար էլ հիվանդանոցները լի են Հեպատիտ C-ով վարակվածներով»,- ասում է Ծովիկը:
Պատմում է, որ տարածված նշաններից հիմնականում երիտասարդները նախապատվությունը տալիս են հայկական արևխաչին և Արեգակնային համակարգության մոդելին:
Հայաստանյան միջավայրում մեծ թվով կին տատու-արտիստների չի ճանաչում: Միևնույն ժամանակ նշում է, որ շուկայում մրցակցությունը գնալով աճում է՝ մասնագետների թվի ավելացման պատճառով. «Բայց պետք չէ այդ ամենն անել որակի հաշվին: Երևանը շատ փոքր է, 10 միլիոն արտիստ պետք չէ ըլլա»:
Ծովիկն ասում է, որ Հայաստանում քչերն են գունավոր դաջվածքներ անում: Հորդորում է որոշում կայացնելուց առաջ երկար մտածել, վստահ լինել մինչև վերջ՝ խուսափելու համար հետագա բարդություններից. «Տատու մաքրելը շատ բարդ գործընթաց է, արվում է լազերային ճառագայթներով: Բայց վերջում էլի սպի է մնում, և ստացվում է, որ մարդը վճարում է 5 անգամ ավելի թանկ, քան տատու անելիս էր վճարել»:
Կատարած աշխատանքը չի խանգարում նաև անձնական կյանքին: Ծովիկն իր ընտանիքն ունի և հասարակության քննադատությունից չի վախենում, քանի որ, իր խոսքով, արվեստ կերտելը կյանքում գերագույն հաճույք է. «Կան բաներ, որոնք ես հրաժարվում եմ մարմնի վրա պատկերել, եթե անգամ հաճախորդը գա և դիմի ինձ: Ինձ համար հեշտ է, քանի որ ես ունեմ իմ մտածելակերպը, իմ առաջարկը, և ամենակարևորը` աջակցություն ընտանիքից»:
Նելլի Պետրոսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մեկնաբանել