HY RU EN

Գրիշա Բալասանյան

Դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ոստիկանություն. կատարվում է հետաքննություն

Գլխավոր դատախազության լրատվության բաժնից «Հետք»-ին տեղեկացրին, որ մայիսի 15-ին հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են համայնքապետի ընտանիքի անդամներին» վերնագրով հոդվածը Արմավիրի դատախազությունն ուղարկել է ոստիկանության Էջմիածնի բաժին՝ նյութ նախապատրաստելու նպատակով: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը փոխանցեց, որ դատախազությունից հրապարակումը ստացել են: Պարզում են հանգամանքները, կատարվում է հետաքննություն:

Բնակիչները դիմել են նաև տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Նախարարին տեղեկացրել են, որ մայիսի 15-ից Արմավիրի մարզի համայնքի շուրջ 700 բնակիչ իրենց ստորագրությամբ բողոքի ձայն են բարձրացնում և ակցիաներ կազմակերպում համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանի և ավագանու անդամների գործունեության վերաբերյալ: Գյուղացիները հայտարարություն էին տարածել՝ պահանջով հրապարակել և մասայական ծանոթացման ներկայացնել Նորակերտ համայնքի բյուջեի, վերջին 10 տարիների վերաբերյալ մանրամասն հաշվետվություն՝ մուտքագրված և ելքագրված գումարների հստակ պարզաբանումներով։

Պահանջել են նաև, որպեսզի հրապարակվի և մասսայական ծանոթացման ներկայացվի Նորակերտ համայնքին, վերջին 10 տարիների ընթացքում օրենքի ուժով սեփականության իրավունքով պատկանող շարժական և անշարժ գույքերի ցանկը, դրանց օտարման վերաբերյալ ավագանու որոշումները և օտարման վերաբերյալ համապատասխան պայմանագրերը։ Նշված պահանջն իր մեջ ներառում էր նաև նվիրատվությունները, նվիրաբերությունները և անհատույց օգտագործման հանձնված գույքերը։ Նշված պահանջը կարևորել են այնքանով, որ համայնքային նշանակության մի քանի գույքեր, որոնք նախկինում օգտագործվել են համայնքի բնակիչների կարիքները հոգալու, որոշակի ծառայություններ մատուցելու համար, ձեռք են բերվել համայնքի ղեկավարի, նրա հետ փոխկապակցված անձանց կամ համայնքի ղեկավարի թողտվությամբ այլ անձի կողմից՝ շուկայականից անհամեմատ էժան գներով։

Գյուղացիները պահանջում են, որ Նորակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող այն բոլոր գույքերը, որոնք օտարվել է օրենքի պահանջների խախտմամբ, համայնքի բնակիչների կարծիքն անտեսելու հետևանքով վերադարձնել համայնքին կամ հրապարակային խոստանալ, որ հիշյալ պահանջները կկատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Քանի որ պահանջները չեն կատարվել և խոստում էլ չի հնչել կատարելու, իսկ շենք-շինությունների աճուրդով գնելու հիմնավորումները չեն բխում օրենքի պահանջներից, արդեն մայիսի 16-ին ևս մեկ հայտարարություն են տարածել՝ պահանջելով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հրաժարականը։

«Ի զարմանս համայնքի բնակիչների, համայնքի ղեկավարը փոխանակ իր հստակ դիրքորոշումը ներկայացներ` հանրությանն առանց որևէ պարզաբանում ներկայացնելու, լրատվամիջոցների ներկայությամբ լքեց համայնքի տարածքը` խուսափելով պատասխանատվության ստանձնելուց։ Այժմ փակված են գյուղապետարանի վարչական շենքի դռները և փաստացի Նորակերտ համայնքի ղեկավարը չի իրականացնում իր պարտականությունները։ Հաշվի առնելով այս իրավիճակը և նկատի ունենալով, որ համայնքի բնակիչների արդարացված բողոքն ի պաշտոնե լուծող մարմինը՝ համայնքի ղեկավարը, համայնքից, դաշտամիջյան ճանապարհով հեռացել է անհայտ ուղղությամբ` պահանջում ենք արձանագրել Նորակերտ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների հրաժարականի փաստը և Նորակերտ համայնքում նշանակել արտահերթ ընտրություններ», - գրված է նախարարին ուղղված գրության մեջ։

Նորակերտցիները նախարարից և Արմավիրի մարզպետից պահանջում են իրենց իրավասության սահմաններում Նորակերտ համայնքում իրականացնել ֆինանսատնտեսական և իրավաբանական աուդիտ և արդյունքները ներկայացնել հանրությանը։ Միաժամանակ ակնկալում են հանդիպում նախարարի և մարզպետի հետ։