
Էռնեկյանի ընկերության աշխատակիցները պատմում են, թե ինչպես են թունավորվել
Սոնյան Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է, արդեն 10 տարի՝ աշխատում է «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ում, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 57 տարեկան է: Աշխատում է խաղողի այգիներում, և այս օրերին խաղողի վազերի ավելորդ բողբոջներն են մաքրում: Նա գոհ է իր աշխատանքից, ասում է՝ տանը պարապ նստելուց շատ լավ է:
«Հանգիստ գործ է, ղեկավարներն էլ շատ լավն են: Օրը 6000 դրամ աշխատավարձ են տալիս: Սնունդը, սուրճը, հագուստն ու կոշիկները իրենք են տալիս, գոհ ենք: Տարին մեկ անգամ նույնիսկ բուժզննում ենք անցնում, թե ինչու այդպես ստացվեց՝ չգիտենք», - ասում է Սոնյան:
Նա ընկերության խաղողի այգիներում սննդային թունավորում ստացած և հոսպիտալացված 80 քաղաքացիներից մեկն է: Պատմեց, որ գործատուի հաշվին շաբաթվա ընթացքում դաշտում տարբեր ուտելիքներ են ուտում՝ փլավ, կոտլետներ, թռչնամսով, կարտոֆիլով բրդուճներ և այլն: Երեկվա սննդի մենյուի մեջ եղել են հավի մսով, կարտոֆիլով համբուրգերներ: Տիկին Սոնյան ասում է, որ կերել է միայն կարտոֆիլը, թռչնամիս դարձյալ չի կերել, քանի որ չի սիրում:
Ընդմիջում արել են ժամը 12-ի մոտակայքում: Ժամը 13-ի սահմաններում սկսել են աշխատել, իսկ դրանից 1-2 ժամ անց աշխատակիցների ինքնազգացողությունը սկսել է վատանալ:
«Երևի կարտոֆիլին կպած ա եղել, դրա համար ուշ է ազդել: Ինձ վատ չէի զգում, բայց գիշերը զգացի, որ ստամոքսս ցավում է, սիրտս խառնում է», - ասում է Սոնյան: Նա այսօր առավոտյան որոշել է գալ Մեծամորի հիվանդանոց՝ եղբոր որդուն տեսակցելու, քանի որ նա էլ էր թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Կինը պատմեց, որ իր ոտքով նստել է ավտոբուս, բայց զգացել է, որ ճանապարհին ինքնազգացողությունը գնալով վատանում է: Հասել է հիվանդանոց և անմիջապես հոսպիտալացվել է:
Սոնյան պատմեց, որ ուտելիքը արևի տակ երբեք չի մնացել: Առավոտյան հայտնում են աշխատողների թվաքանակը, և ըստ այդ թվաքանակի էլ ուտելիք է պատրաստվում: Պատրաստի ուտելիքը դաշտ բերում են հենց ընդմիջման ժամին:
Հռիփսիմե Խաչատրյան
Աշխատողներից Հռիփսիմե Խաչատրյանը սկզբում գլխապտույտ է ունեցել, մտածել է՝ արևից է: Քիչ անց սրտխառնոցից, գլխապտույտից ու արագ սրտխփոցից բողոքել են բոլորը: Գլխապտույտով անմիջապես տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետև Մեծամորի ԲԿ: Ավելի ուշ ի հայտնի են եկել թունավորմանը բնորոշ այլ ախտանիշեր՝ բարձր ջերմություն, փորացավ և այլն:
«Կերել ենք մեր մշտական բուտերբրոտները, որի մեջ եղել է պանիր, հավի միս, կարտոշկա: Միանգամից բոլորի մոտ սկսվեց, շատ քիչ մարդիկ կային, որ գանգատ չունեին»,- հավելեց Հռիփսիմեն:
Վարդիթեր Մարտիրոսյանը եղել է խմբի բրիգադիրը: Նա նույնպես թունավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Իր աշխատանքային խմբում աշխատել է 30 հոգի: Միայն մի մասի մոտ են թունավորման նշաններ ի հայտ եկել:
«Չեմ կարող ասել, թե ինչու մի մասի մոտ եղավ, մյուսների մոտ՝ ոչ: Այդ բուտերբրոտներից մենք էլի ենք կերել, մեր մենյուի մեջ կա: Շաբաթվա ընթացքում փոխում են՝ երշիկ, հավի միս և այլն: Մենք ուտելիքը միանգամից ենք ուտում, չի մնացել, որ ասեմ՝ արևի ջերմությունից փչացել է», - ասում է Վարդիթերը:
«Մեծամոր ԲԿ»-ի տնօրեն Միքայել Վանյանը «Հետք»-ին ասաց, որ հիվանդների հոսքը սկսվել է երեկ երեկոյան՝ ժամը 18-ից: Հիվանդները դիմել են Արմավիրի հիվանդանոց: Ժամը 20:30-ի դրությամբ արդեն 58 հիվանդ հոսպիտալացված էր, 19-ն էլ՝ Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, որը գործում է Մեծամորի ԲԿ-ի տարածքում: Արմավիրի հիվանդանոցի այլ բաժանմունքներ ևս հիվանդներ ընդունել են:
Հիվանդներից 4-ի վիճակը ծանր է եղել և բուժումը սկսել են վերակենդանացման բաժանմունքից: Այսօր առավոտյան հիվանդների մեծ մասը դուրս է գրվել: Հիվանդանոցում մնացել է 4 հիվանդ, որոնցից երկուսը բուժօգնության էին դիմել երեկ, իսկ 2-ը՝ այսօր:
«Երբ ահազանգը եղավ, ամբողջ կոլեկտիվը ոտքի վրա էր: Առաջին տպավորությունը սննդային թունավորումն էր, բայց, ինչ խոսք, մտավախություն կար` հաշվի առնելով մասսայական բռնկումը, այլ տարբերակներ էլ էինք քննարկում: Փառք Աստծո, ծանր հիվանդ չունենք», - ասում է Միքայել Վանյանը և հավելում, որ հիվանդներից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատոր փորձաքննության:
ԲԿ-ի տնօրենը նշեց, որ մինչև ուշ գիշեր հիվանդանոցում են եղել առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու գլխավոր պետական սանիտարական բժիշկ Արտյոմ Վանյանը:
Արդեն տեղեկացրել ենք, որ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։ Ըստ ՔԿ-ի՝ ընկերության լիազորված անձի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ընկերության թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաև նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս և «ՎազգենՂուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր:
Դեպքի առթիվ ՔԿ-ի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը), կատարվում է նախաքննություն:
Մեկնաբանել