
Հայաստանը պետք է դատապարտի ցեղասպանության հարցի շահարկումը
Թուրք-իսրայելական հարաբերությունները կրկին լարվել են: Թուրքիայում Իսրայելի դեսպանը երկրից դուրս է վռնդվել: Ինչպես և սպասելի էր, միանգամից Իսրայելի Կնեսեթում արծածվեց հայերի Ցեղասպանության ճանաչման խնդիրը:
Իսրայելի դեսպան Էյտան Նաէն ոչ միայն Թուրքիայից վռնդվել է, այլև ցուցադրաբար նվաստացվել է: Առանց հաշվի առնելու դիվանագիտական անձեռնմխելիությունը, անցակետում նրան ստիպել են հանել բաճկոնը և կոշիկները: Ավելին, օդանավակայանում նախօրոք հրավիրել էին լրագրողներին, որ այդ «պատմական» պահը տեսագրվի։
Մինչ այդ Թուրքիան ետ էր կանչել Թել-Ավիվի իր դեսպանին։ Թուրքական կողմն իր այդ քայլը բացատրում է նրանով, որ դեսպանը հրաժարվել էր վճարել ու անցնել VIP սրահով, իսկ սովորական սրահով անցնելիս պետք է ենթարկվի ընդհանուր կանոններին, այսինքն` դա դեսպանի կողմից ծրագրված պրովոկացիա է եղել։
Ի պատասխան` Իսրայելը պահանջել է, որ Թուրքիայի` Երուսաղեմի հյուպատոսը լքի Իսրայելը ։
Հարաբերությունների լարումը պայմանավորված էր Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևանքով սպանվել է 60 արաբ, վիրավորվել՝ 2,7 հազար մարդ։ Այս իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխումն է։
Հայաստանի քաղաքացիներին երեք հարց պետք է հետաքրքրի․
- Ինչո՞վ կավարտվի թուրք-իսրայելական կոնֆլիկտը, և որքանով հեռու կգնան կողմերը:
- Արդյոք Իսրայելը կճանաչի հայերի ցեղասպանությունն, ու այդ դեպքում մենք ինչպե՞ս պետք է արձագանքենք դրան:
- Ինչու՞ է Թուրքիան այդքան «սրտին մոտ» ընդունել 60 պաղեստինցիների մահը, իսկ Սիրիայի հարյուր հազարավոր արաբների մահվան նկատմամբ այդքան անտարբեր է։
Իսրայելի համար Թուրքիան շատ կարևոր գործընկեր է և, ըստ երևույթին, հրապարակային վեճը դրանով էլ կավարտվի։ Թուրքիային ընդամենը պետք էր ցուցադրել իր վճռականությունը սունի մուսուլմանների իրավունքների պաշտպանության գործում իր ազդեցությունը իսլամական աշխարհում մեծացնելու համար։ Դա PR ակցիա է, ինչը Իսրայելում շատ լավ են հասկանում։ Պատահական չի, որ Թուրքիային մեղադրում են Աթաթուրքի թուրքիզմը օսմանիզմով փոխարինելու համար։ Մյուս կողմից` Թուրքիայում ընտրություններ են սպասվում, և Էրդողանը չէր կարող այդ առիթը բաց թողնել երկրի ներսում իր հեղանակության բարձրացման համար։
Իսրայելյան Newpress կայքի «Ամուսնալուծություն և օսմանյան ազգանունի վերականգնում»վերլուծական հոդվածում նշվում է, որ Էրդողանը Իսրայելը «տեռորիստական պետություն» է անվանել զուտ իր քաղաքական վարկանիշի բարձրացման համար և որ ճիշտ պահն է` ճանաչել հայերի Ցեղասպանությունը։ Սակայն, Իսրայելի Էներգետիկայի, ջրամատակարարման և ենթակառուցվածքների նախարար Շտեյնիցն ասում է`չնայած նրան, որ Թուրքիան ողջ արևմտյան աշխարհի համար գլխացավանք է դարձել, այնուամենայնիվ, ոչ մի երկիր, realpolitik-ից ելնելով, չի խզում իր կապերն այդ երկրի հետ։ Նախարարը նշում է, որ Էրդողանի այդ քայլերը պայմանավորված են հունիսի 24-ին Թուրքիայում սպասվող միաժամանակյա խորհրդարանական ու նախագահական ընտրություններով, և պետք չէ շտապել միջպետական հարաբերությունները խզել։ Շտեյնիցը վարում է Իսրայելի և Թուրքիայի միջև կարևոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, որով իսրայելական գազը պետք է մատակարարվի Թուրքիա։
Իսկ այդ ընթացքում «Հրեական Տուն» կուսակցության ֆրակցիան Կնեսեթ է ներկայացրել հայերի Ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Դա նշանակում է, որ հրեաները հասկանում են, որ Էրդողանը «դերասանություն» է անում, սակայն զգուշացնում են, որ չափերը չանցնի։ Փաստորեն, հերթական անգամ Ցեղասպանության հարցը Թուրքիայի նկատմամբ որպես մահակ է օգտագործվում։
Ժամանակն է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա և զգուշացնի, որ բավական է Իսրայելը հայերի ողբերգությունը որպես գործիք օգտագործի իր նպատակներին հասնելու համար՝ կա´մ թող ճանաչի, կա´մ այդ հարցը մոռանա։ Քաղաքականության մեջ ցինիզմը և անբարոյականությունը սահմաններ պետք է ունենան։
Եվ չպետք է վախենալ նման հայտարարություն անելուց, Իսրայելում բավականին շատ բարոյական ու ազնիվ մարդիկ կան, որոնք կողջունեն նման կարծիքը և դրանից հետո հարգանքով կլցվեն Հայաստանի հանդեպ։
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել