Սառույցը շարժվեց
Ռազմիկ Թորոսյան
Փետրվարի 8-ին թափառաշրջիկների հարցը լսվեց խորհրդարանի բարձր ամբիոնից: ԱԺ հայտարարությունների ժամին այն հնչեցրեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գագիկ Ավետյանը:
Նախաձեռնության հեղինակն անօթեւանների հարցերով զբաղվող «Սոցիալական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունն էր:
«Դեկտեմբերին ես պաշտոնական գրություն էի ուղարկել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, եւ ոչ միայն նրան, նաեւ առաջին տիկնոջը' Բելլա Քոչարյանին: Բայց, ի տարբերություն տիկին Քոչարյանի գրասենյակի, ԱԺ խոսնակն անմիջապես արձագանքել էր մեր նամակին, եւ նրա հետագա ընթացքը հանձնարարել ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը եւս հարցի հրատապությունն ընդունեց, եւ պատրաստվեց հայտարարության համատեղ տեքստը, որը հնչեցվեց փետրվարի 8-ին»,-ասում է «Սոցիալական աջակցության կենտրոն» հ/կ-ի նախագահ Նանե Մակուչյանը:
Թափառաշրջիկներին հրատապ օգնություն կարող է ցուցաբերել միայն կառավարությունը, եւ բոլոր ածանցյալ գործողությունները, ի վերջո, միտված են կառավարությանը գործողության մղելուն: «Սոցիալական աջակցության կենտրոն»-ի առաջին փորձերն այս ուղղությամբ, սակայն, անհաջողության են մատնվել:
«Դեռեւս սեպտեմբերին' մեր գործունեության սկզբում, պաշտոնապես դիմեցինք վարչապետին' խնդրանքով, որ թափառաշրջիկներին հատկացվի գեթ կացարանի շենքը, մնացածը' նրանց կերակրել, այլ տեսակի օգնություն ցուցաբերել, կազմակերպությունը ստանձնում էր»,-ցույց տալով նամակները' շարունակում է Ն. Մակուչյանը: Վարչապետի աշխատակազմից գրությունը մակագրվել էր Պետական գույքի կառավարման վարչությանը: Կազմակերպության նախագահը հույս ուներ, որ առողջապահական եւ կրթական հաստատությունների օպտիմալացման արդյունքում ազատված բազմաթիվ շենքերից մեկը կտրամադրվեր անօթեւանների համար նախատեսվող կացարանին: «Սակայն, մեր խնդրանքը մերժվեց' անհրաժեշտ շինություն չունենալու պատճառաբանությամբ»,-ասում է Նանե Մակուչյանը:
Ն. Մակուչյանը լավատես է եւ հույս ունի, որ այդ հարցն, ի վերջո, լուծվելու է: «Կարեւորն այն է, որ թափառաշրջիկների խնդրի հրատապությունը գիտակցեն պետական մարմինները, եւ այս առումով մենք սկսել ենք երկրի օրենսդիր մարմնից,-ասում է նա:
Մեկնաբանել