
Նուռնուսում փակել են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամաս տանող ճանապարհը
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ամառանոցային թաղամասի բնակիչներն այսօր փակել են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ճանապարհը: Նրանք նորաստեղծ կառավարության ուշադրությունն են հրավիրում տարիներ շարունակ ընկերության սնկի արտադրությունից տարածվող գարշահոտության խնդրի վրա և պահանջում են շուտափույթ լուծում տալ դրան:
Ամառանոցային թաղամասի բնակիչ Անին «Հետք»-ին պատմեց, որ այս պահին բնակիչները քարերով փակ են պահում ճանապարհը դեպի «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամաս և հերթապահություն են սահմանել, որպեսզի աշխատակիցները չկարողանան մուտք գործել արտադրամաս:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Նուռնուսի ամառանոցային թաղամասի բնակիչները նույն հարցի համար ճանապարհ են փակել: Դեռևս 2014-ին նրանք նույնանման ակցիա իրականացրին:
Իսկ 2015-ին, արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բնապահպանության և առողջապահության նախարարների հետ այցելել էր արտադրամաս` իրավիճակին անձամբ ծանոթանալու համար, իսկ ԲՆ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը խոստումներ էր տվել, որ հարցը արագընթաց լուծում կստանա, և տհաճ հոտը կվերանա:
Մեկնաբանել