HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարը Նորակերտ համայնքում կատարված ուսումնասիրության արդյունքներով դիմել է դատախազություն

Արմավիրի մարզպետի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ՝ նպատակ ունենալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ միասին ուսումնասիրել մարզի Նորակերտ համայնքին վերաբերող` գյուղացիների բարձրաձայնած հարցերը: Պետք է ստուգվեին համայնքապետարանի փաստաթղթերը, որպեսզի տեղում հասկանային օրենքի խախտում՝ պաշտոնական դիրքի չարաշահում եղել է, թե ոչ: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:

Հիեցնենք, որ 2002թ-ից համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Շահեն Կարապետյանից նորակերտցիները պահանջում են հետ բերել տարիներ առաջ «կոպեկներով» մերձավորներին օտարված համայնքային սեփականությունը: Մասնավորապես՝ համայնքապետարանի շենքը, բուժկետը, մանկապարտեզի հարակից այգին աճուրդով օտարվել են 2006թ.: Գնորդները եղել են համայնքապետի որդին՝ Գևորգ Կարապետյանը և քրոջ ամուսինը՝ Աղասի Դովլաթյանը: Վերջինիս պատկանում է ամբուլատորիայի շենքը, որը ձևակերպված է համայնքապետի որդու անունով: Գյուղացիները պահանջում են նաև ներկայացնել մանրամասն հաշվետվություն, թե ինչպես է տնօրինվում համայնքային բյուջեն, քանի որ դրանից տեղյակ չեն:

«Հետք»-ին հայտնի դարձավ, որ համայնքապետի նախաձեռնությամբ ավագանին 2017թ. որոշել է աճուրդով օտարել նաև մեկ տարի առաջ ձեռք բերված Toyota Land Cruiser Prado 2.7L մակնիշի 2008թ. արտադրության ավտոմեքենան: Որոշվել է, որ ավտոմեքենայի հետագա շահագործումը ոչ նպատակահարմար է: Նորակերտցիները պատմում են, որ ավտոմեքենան վաճառվել է ցածր գնով:

Արմինե Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ երեկ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով, նախարարության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետներն աշխատանքային այց են կատարել Արմավիրի մարզի Նորակերտ համայնք՝ բնակիչների կողմից բարձրացված հարցերին տեղում ծանոթանալու համար:

Մինչդեռ նախարարության աշխատակիցները չեն կարողացել գույքի օտարման օրինականությունն ուսումնասիրել, քանի որ առկա չեն եղել անհրաժեշտ փաստաթղթերը: Բաժնի աշխատակիցներ Չերչինյանն ու Սարգսյանը զեկույց են ներկայացրել նախարարին: Նշել են, որ Նորակերտի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներն ասել են, թե փաստաթղթի փաթեթները գտնվում են համայնքի ղեկավարի տանը: Վերջինս հեռախոսով հավաստիացրել է, որ մայիսի 21-ին բոլոր փաստաթղթերը կներկայացնի համայնքապետարան:

Նախարարության աշխատակիցները նաև արձանագրել են, որ համայնքապետ Շահեն Կարապետյանն Արմավիրի մարզպետին գրավոր տեղեկացրել էր, թե մայիսի 17-20-ը գտնվելու է արձակուրդի մեջ, մինչդեռ համայնքապետարանում Շ. Կարապետյանի արձակուրդում գտնվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն եղել:

Տեղեկացանք նաև, որ հաշվի առնելով «Հետք»-ի մայիսի 15-ին՝ «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են համայնքապետի ընտանիքի անդամներին» վերնագրով հրապարակումը և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների՝  Նորակերտ համայնքում կատարված ուսումնասիրության արդյունքները, նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Վերջինս տեղեկացրել է, որ Նորակերտ համայնքի ղեկավարի և ավագանու կողմից իրականացված գործողություններում առկա են քրեական օրենսդրությամբ սահմանված հանցակազմի առերևույթ տարրեր և խնդրել է քրեական գործ հարուցել։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի դատախազությունը մեր նույն հրապարակումն ուղարկել է ոստիկանության  Էջմիածնի բաժին՝ նյութ նախապատրաստելու նպատակով: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը փոխանցել էր, որ դատախազությունից հրապարակումը ստացել են: Պարզում են հանգամանքները, կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter