Միհրան Պողոսյանի Պանամայի օֆշորների գործը պետք է վերաբացել
ԴԱՀԿ ծառայության պետ, արդարադատության գեներալ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ «Հետքի» հետաքննության հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց եւ որոշ ժամանակ հետո այն «փակվեց»։ Իսկ սկանդալի մեջ հայտնված գեներալը դարձավ Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր։
Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ն քննություն չի իրականացրել, որովհետեւ նույնիսկ չեն դիմել մեզ գործին առնչվող փաստաթղթերին ծանոթանալու համար։ Իսկ այդ փաթեթում առկա են Միհրան Պողոսյանի ընկերություններին վերաբերող հարյուրավոր փաստաթղթեր, նամակագրություններ, շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների մասին տեղեկություններ։ Բազմիցս գրել ենք, որ ՀՔԾ-ն «փակել» է այս գործը։ ՀՔԾ-ն խմբագրությանն այդպես էլ չտրամադրեց կարճման որոշումը։ Այդ որոշումը չի տրամադրում ու չի հրապարակում մի պատճառով՝ ակնհայտ կդառնա, որ քննություն չի իրականացվել։ Ակնհայտ կդառնա, որ ՀՔԾ-ն «Պանամայի փաստաթղթերը» ձեռք չի բերել եւ չի էլ փորձել դա անել, ավելին՝ Շվեյցարիային իրավական օգնության խնդրանքով դիմելուց հետո ոչ թե մերժվել է, ինչպես նշել են, այլ սխալ է լրացրել փոխօգնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։
Նման գործը կարող էր փակվել երկու դեպքում՝ կա՛մ Սերժ Սարգսյանի հրահանգով, կա՛մ էլ մեծ չափի կաշառք ստանալու դիմաց։ Սա այն դեպքերից է, երբ երկուսն էլ եղել են։ Այսինքն՝ և՛ Սերժ Սարգսյանի հրահանգն է եղել, և՛ կաշառք՝ ՀՔԾ-ին՝ քննություն չիրականացնելու դիմաց։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի քեռիները՝ Գրիշա եւ Միխաիլ Հարությունյանները Սերժ Սարգսյանի մոտ ընկերներն են։
Այժմ ունենք արդարադատության նոր նախարար։ Եւ նոր նախարար Արտակ Զեյնալյանը կարող է դիմել Շվեյցարիայի համապատասխան մարմիններին եւ տեղեկություններ ստանալ Միհրան Պողոսյանի, նրա քեռիների՝ Միխաիլ եւ Գրիշա Հարությունյանների, Միխաիլ Հարությունյանի որդու՝ պատգամավոր Վահան Հարությունյանի շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների եւ փողերի մասին։ Դրանք պետք է վերադարձնել պետության բյուջե։ Ինչպես կասեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ուրեմն, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարտավոր է օգտագործել շանսն ու վերաբացել Միհրան Պողոսյանի օֆշորների գործը։
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել