
Ջերմուկի մի քանի առողջարաններ ու հյուրանոցներ աջակցություն են հայտնում Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող բնակիչներին
Ջերմուկ քաղաքի մի շարք առողջարաններ և հյուրանոցներ հայտարարություն են տարածել Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին իրենց դիրքորոշման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ջերմուկ նյուզ» լրատվականը։
«Հաշվի առնելով Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հետ կապված զբոսաշրջիկների մոտ եղած անհանգստությունը, բնապահպանական կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգությունները, Գնդեվազ, Կեչուտ և Ջերմուկ բնակատեղիների բնակիչների դժգոհությունները, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով բնապահպանական ռիսկերն ու զբոսաշրջության զարգացման վրա բացասական ազդեցությունը՝ Ջերմուկ քաղաքում առողջարանային և հյուրանոցային բիզնես իրականացնող կազմակերպություններով մեր աջակցությունն ենք հայտնում իրենց բողոքն արտահայտող բնակիչներին:
Պետական մարմիններին կոչ ենք անում ուշադրություն դարձնել զբոսաշրջության զարգացմանը, ներդրումներ ուղղորդել այս ոլորտ, քանի որ Ջերմուկում առկա հնարավորությունները բավարար են աշխատատեղերի հարցն ամբողջությամբ լուծելու համար՝ առանց հանքարդյունաբերության զարգացման»,- գրված է հայտարարության մեջ, որին միացել են «Hyatt Place Jermuk», «Armenia wellness & spa hotel», «Անուշ», «Վերոնա» հյուրանոցները, «Օլիմպիա», «Գլաձոր», առողջարանները:
Մեկնաբանել