HY RU EN

Գագիկ Աղբալյան

«Սպայկան» հաղթանակցու հողամասն օգտագործել է առանց նրա համաձայնության

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ Աննա Մագդալասովայի սեփականությունը հանդիսացող 1300 քմ մակերեսով հողամասում արդեն երկու անգամ բերք է ցանել «Սպայկա» ընկերությունը։ Մագդալասովան պնդում է, որ դա արվել է առանց իր համաձայնության։

«Սպայկան» սահմանամերձ Հաղթանակում մոտ 50 տնտեսությունից գնել է 40-45 հեկտար ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս, եւ այնտեղ կարտոֆիլ ու բողկ է ցանում, արտահանում։ Աննա Մագդալասովայի հողամասը գտնվում է «Սպայկայի» հսկայական տնտեսության մեջտեղում, եւ ընկերությունը վարել-ցանել է նաեւ այն։ 

Բնակիչներից ոմանք հեշտությամբ համաձայնել են վաճառել իրենց հողակտորները, իսկ Մագդալասովան մերժել է «Սպայկային»։ Այդուհանդերձ, նախորդ տարվա հոկտեմբերին ընկերությունն այդ հողակտորն օգտագործել է իր բիզնես-կարիքների համար։

«Հետքի» հետ զրույցում Հաղթանակում ընկերության ծրագրերը համակարգող, պահեստապետ Վահան Հարությունյանը ասաց, որ դրա դիմաց «Սպայկան» Աննա Մագդալասովայի հողի տարեկան տուրքն է վճարել։ Մագդալասովան հերքում է՝ իր հողի հարկը՝ տարեկան 4000 դրամ, որեւէ մեկը չի վճարել։ Այլ փոխհատուցում նույնպես չի եղել։

«Իմ հողը գնելու ցանկություն են հայտնել, ես մերժել եմ։ Ժամանակին այնտեղ խաղողի այգի էր, երկար տարիներ մնացել է անմշակ։ Չնայած ես չեմ համաձայնել հողամասը վաճառել, այնտեղ բողկ են ցանել։ Գարնանն էլ վարել են, ինձ ասում են՝ վարած հող է, արի տիրացիր, ինչ ուզում ես ցանիր»,-պատմեց Մագդալասովան։

Նրա որդին Ռուսաստանի Դաշնությունում զոհվել է ավտովթարից, դուստրը ծանր վիրահատություններ է տարել, ապրում են` մեծ դժվարություններ հաղթահարելով։ Հարցին, թե ինչու՞ է միայն հիմա բարձրաձայնում խնդրի մասին, հաղթանակցի կինը պատասխանեց․ «Մոտ 13-14 տարի առաջ մեր նախկին գյուղապետի հետ վեճ ունեցա, ասացի՝ ինչպե՞ս է, որ դու 30 հեկտար հող ունես, ես՝ չունեմ, ես ինչո՞վ եմ ապրելու, ասաց՝ դու էլ գնա հող կեր։ Ես տարիներ շարունակ դռնեդուռ ընկա, պետական մարմիններից ոչ ոք իմ բողոքը չլսեց, որոշեցի լռել։ Իսկ հիմա չեմ ուզում լռել։ Հեղափոխություն է եղել, ես ուզում եմ, որպեսզի նոր կառավարությունը մեր խնդիրներին ականջալուր լինի»։

Վահան Հարությունյանը պատմում է, որ նախ Մագդալասովայի հետ պայմանավորվել էին նրա 1300 քմ մետր հողամասը փոխանակել ուրիշ հատվածում գտնվող հողամասի հետ։ Հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուղղակի օգտագործեն նրա հողամասը։

«Էդ մարդը թե վիրավորվածություն ունի նախկին իշխանություններից, թե ինչ` չգիտեմ։ Սեփականաշնորհման տարիներին նրան տրամադրվել էր 3000 քմ հողամաս, բայց կադաստրի վկայականի մեջ արձանագրված է միայն 1300 քմ-ը։ Ի միջի այլոց, նման խնդիր բոլորի հետ է առաջացել։ Դա է իրեն զայրացրել երեւի։ Բայց մենք դրա հետ կապ չունենք։ Ես խորհուրդ եմ տվել գնալ կադաստր եւ զբաղվել այդ հարցով։ Անցած տարվա հոկտեմբերին բողկ ենք ցանել` փոխհատուցելով հողի վարձը՝ մոտավորապես 2000-3000 դրամ»,- ասաց «Սպայկայի» Հաղթանակի համակարգողը։

Վահան Հարությունյանը վստահեցրեց, որ հաղթանակցիները տրամադրված են վաճառել իրենց հողամասերն ու բացատրեց, թե ինչու․ «Որովհետեւ տարիներով չեն մշակել։ Ջուր չի եղել։ Էներգետիկ ճգնաժամի տարիներին, էստեղ խաղողի այգիներ կային, չորացան։ Ով չի մշակում, նրանք են վաճառում։ Հիմա հողակտոր ունենք, որ մեր գնած հողերի մեջտեղում է, սեփականատերը չի վաճառում։ Մենք էլ մեր ջուրը հանել ենք էդ տարածքից»։

Նշենք, որ «Սպայկան» այլեւս ոչ միայն արտահանմամբ է զբաղվում, այլեւ արտադրում կիսաֆաբրիկատներ եւ պահածոներ։ Այս ընթացքում ընկերությունը այգիներ է հիմնում ոչ միայն Հաղթանակում, այլեւ Շենիկում եւ Ալափարսում։

Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շառոյանը խոշոր ընկերության կողմից գյուղացիները հողերը գնելը համարում է դրական երեւույթ։ «Սպայկայի» գործունեությունը նրա համար է լավ, որ աշխատատեղեր է բացվել, ժողովուրդը ժպիտով գնում են գործի, գալիս։ Էսօրվա դրությամբ էլ մոտ 100 մարդ է աշխատում էդ հողերում։ Մարդիկ չեն ուզում էդ հողերը մշակել, սովոր են արտագնա աշխատանքի»,- նշեց Շառոյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը «Սպայկայի» մեկ պայմանավորվածության արդյունքում՝ Կրասնոդարի «Ռոզա վետռով» շուկան փակ ու անհասանելի էր դարձել մյուս արտահանողների համար։