Դեսպան Արտաշես Թումանյանն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը
Քիչ առաջ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը նամակ է ուղարկել «Հետքին», որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Ներկայացնում եմ անհրաժեշտ տեղեկատվություն ս.թ. մայիսի 24-ին «hetq.am» կայքում հրապարակված հոդվածի կապակցությամբ:
Սկսած 2006 թ. ՀՀ-ում գրանցված «Lisam» ընկերությունը, որի խորհրդի նախագահ եմ եղել 2006-2015 թթ., զբաղվել է իրավաբանական և գործարար խորհրդատվությամբ: Ընթացիկ գործունեությանը զուգահեռ ընկերության ներկայացուցիչները եղել են նաև մի շարք արտասահմանյան երկրներում (ՌԴ, Ղազախստան, Իտալիա, Չեխիա) տնտեսական համագործակցության ծրագրեր քննարկելու նպատակով: Չեխիայում հանդիպումների ընթացքում եղել են առաջարկություններ ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործունեություն իրականացնելու ուղղությամբ:
Չեխիայում ընկերություն հիմնադրելուց և մեկ տարվա նախնական աշխատանքից հետո չի հաջողվել որևէ ծրագիր իրականացնել, որից հետո որոշում է կայացվել լուծարել այն:
Հարկ եմ համարում նշել, որ «hetq.am» կայքում հրապարակված տեղեկատվությունն ինձ համար անակնկալ էր, քանի որ 2009 թ. դիմում է ուղարկվել չեխական համապատասխան մարմիններին՝ ընկերությունը լուծարելու վերաբերյալ:
Կայքի տեղեկատվության համար շնորհակալ եմ և այժմ պատրաստվում եմ համապատասխան քայլեր իրականացնել հանգամանքները պարզելու համար, այդ թվում նաև կապված իմ հայտարարագրի հետ:
Հ.Գ. Հոդվածում նշված հանգամանքները, կապված Չեխիայի վիզա ստանալու դյուրությունների հետ, համապատասխանում են իրականությանը, սակայն ո´չ ես, ո´չ ընտանիքիս անդամները չենք օգտվել այդ հնարավորություններից:
Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ և´ որդիս, և´ դուստրս պետական ծառայության մեջ չեն եղել և տասնութ տարի է՝ զբաղվում են մասնագիտական և գործարար գործունեությամբ:
Հարգանքով՝ Արտաշես Թումանյան
24.05.2018 թ.
Մեկնաբանել