HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կարո Եղնուկյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց Կարո Եղնուկյանի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց եւ կիրառել 10 մլն դրամ գրավ։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը։

Նիստի մեկնարկին Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու` գրավով փոխարինելու մասին։ Պաշտպանը հիշեցրեց Կարո Եղնուկյանի հիվանդությունների մասին, հավելեց, որ դրանց պատճառով իր պաշտպանյալը չէր կարողանում նիստերին ներկա գտնվել։ Սակայն, դատավորի կողմից հրապարակած բժշկական հետազոտության արդյունքներիի համաձայն` Եղնուկյանի մոտ հայտնաբերված հիվանդությունները չեն կարող խոչընդոտել  դատական նիստերին մասնակցելուն եւ կալանքի հետ համատեղելի են։

«Նրա մեղադրանքում չկա քրեորեն պատժելի արարք, անգամ եթե դա հաստատվի։ Հիշեցնենք, որ մեղադրանքում չկա հստակ պարզաբանում, ամբողջն անհիմն է և անհեթեթ։ Մենք հավատում ենք, որ դատարաններն այսուհետ ազատ են և կաշկանդված չեն որևէ իշխանությունից, ուստի միջնորդում ենք վերացնել խափանման միջոց կալանքը կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց»,- միջնորդության մեջ նշեց պաշտպանը։

«Ես համաձայն եմ փաստաբանի միջնորդության հետ։ Մեղադրող կողմն այս 2 տարվա ընթացքում կրկնում է, որ կարող եմ փախուստի դիմել, ազդել քննության վրա, բայց չկա հիմնավորում»,- ասաց Կարո Եղնուկյանը` հավելելով, որ իր նկատմամբ իրականացվել է անհիմն քաղաքական հետապնդում։

Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը։

Մեղադրող Հակոբ Ենոքյանը միջնորդության առնչությամբ ասաց, որ Կարո Եղնուկյանի կալանքի առնչությամբ մինչ օրս կայացված որոշումներն ապօրինի չեն եղել եւ ունեցել են հիմնավորումներ: «Որպես կալանքը պահպանելու հիմք դիտարկվում է քննությանը խոչընդոտելը և քննությունից թաքնվելը: Արձանագրում ենք, որ այս պահին, ըստ այսօր ներկայացված փաստաթղթի, առողջական վիճակով պայմանավորված՝ նվազել է քննությանը խոչընդոտելու հանգամանքը, ինչը նախկինում չկար: Ուստի, կարող ենք դիտարկել խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, որովհետեւ գրավը զսպող գործոն է»,- հայտնեց դատախազը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter