
ՍԱՊԾ պետը մոլորեցնում է վարչապետին՝ իր գործառույթները վերագրելով այլ մարմինների
Մայիսի 10-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ կսահմանափակի Հայաստանից բանջարեղենի արտահանումը, եթե խախտումները կրկնվեն։
Պատճառն այն էր, որ Հայաստանից արտահանվող կարանտինային հսկողության տակ գտնվող բանջարեղենում միայն մայիսի 3-9 ընկած ժամանակահատվածում գրանցվել է խախտման 7 դեպք, որից մեկը՝ լոլիկի, մյուսը՝ վարունգների խմբաքանակում։
Երեկ կառավարության նիստի ժամանակ, դիմելով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր զարմանքն արտահայտեց արտահանվող գյուղմթերքի արգելքների վերաբերյալ։
Իշխան Կարապետյանը նշեց, որ հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում, ինչին ի պատասխան՝ վարչապետը ասաց, որ «Ռոսսելխոզնադզորի» նամակներում նշված է` խախտվել են ֆիտոսանիտարական նորմերը՝ հորդորելով ջանքեր գործադրել, որ գյուղմթերքն արտահանման որևէ խոչընդոտ չունենա։
ՍԱՊԾ-ն չի տիրապետում իր գործառույթներին
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ արտահանման ժամանակ խոչընդոտները պայմանավորված են մակնշման, փաթեթավորման, պահման պայմանների խախտմամբ, և քանի որ մոտենում է գյուղատնտեսության սեզոնը, ու բերքի արտահանման ծավալները մեծանում են, ինքը «խնդրում է», որ «համապատասխան գերատեսչությունները» տնտեսվարողների շրջանում աշխատանքներ իրականացնեն։
«Շատ հաճախ դեպքեր են լինում, որ «Վերին Լարս»-ի անցակետում ուժեղացված հսկողության ռեժիմ է լինում, ասենք՝ 6 օր, 1 շաբաթ, 2 շաբաթ, և բեռներ են լինում, որ բացում, տեսնում են, օրինակ՝ հայկական խնձորը դրված է բանանի արկղի մեջ, տրամաբանորեն մենք հասկանում ենք, որ գյուղացու համար դժվար է ապահովել նման խնդրի լուծումը, բայց սահմանային հսկողության տեսակետից՝ դա խնդիր է առաջացնում, բոլորս պետք է ուշադիր լինենք, որ նաև մշակույթ փոխենք»,- վարչապետին ասաց Ի․ Կարապետյանը։
«Դե հա, այդ պրոբլեմը կա»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Բայց վարչապետը չասաց` չէ՞ որ ՍԱՊԾ-ն է այն միակ գերտեսչությունը, որ պետք է զբաղվի կոնկրետ բարձրացված հարցերով, քանի որ «Բուսասանիտարիայի մասին» օրենքով, և կառավարության՝ 2010թ օգոստոսի 30-ի N1093-Ն որոշմամբ՝ ֆիտոսանիտարական անձնագրի տրամադրումը ենթադրում է նաև ապրանքի մակնշման, պահման պայմանների, փաթեթավորման ապահովման ճիշտ իրականացում․ առանց դրանց ապրանքը չի կարող ստանալ ֆիտոսանիտարական սերտիֆիկատ, առանց այդ սերտիֆիկատի էլ չի կարող հայտնվել «Վերին Լարս»-ում։
N 1093-Ն որոշում, 22-րդ կետ․ Ծառայությունը հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է արտահանման ներկայացվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննում և դրանց` ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է բուսասանիտարական հավաստագիր։
Հայաստանից արտահանված 5 տոննա լոլիկը ոչնչացվել է՝ ֆիտոսանիտարական խախտման պատճառով. 2018թ. մարտ
Ստացվում է, որ սահմանային անցակետում հայտնված ապրանքները չեն անցնել պատշաճ զննում, քանի որ դրանք ունեցել են ֆիտոսանիտարական սերտիֆիկատ և հասել են «Վերին Լարս», բայց հետ են ուղարկվել կամ ոչնչացվել են՝ ֆիտոսանիտարական նորմերի խախտումների պատճառով։
N 1093-Ն որոշում, 26-րդ կետ. Արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է միայն բուսասանիտարական զննումից հետո և անվճար:
Իշխան Կարապետյանը շարունակում է ծածկել ՍԱՊԾ գործառույթների թերացումները՝ հաստատելով, որ ապրանքները «պետք է ունենան փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջներ», արկղերը պետք է լինեն միանման, պետք է ունենան մակնշում՝ արտադրողի անվանումով, ապրանքին վերաբերող որոշակի ցուցանիշներով և զերծ լինեն կարանտինային և վնասատու օրգանիզմներից։ Բայց խնդրում է վարչապետին, որ համապատասխան գործողություններ իրականացվեն։
«Խնդրանքս՝ համապատասխան աշխատանք տարվի արտահանողների, գյուղացիների հետ»,- դիմելով վարչապետին՝ ասում է Իշխան Կարապետյանը` դարձյալ կոչ անելով աշխատանք տանել գյուղացիների հետ այդ ուղղությամբ, իսկ ում է ուղղված կոչը, հասկանալի չէ, որովհետև այդ գործառույթը հենց ՍԱՊԾ-ինն է։
«Ես արդեն այդ հանձնարարականը տվեցի»,- ասում է վարչապետը, Իշխան Կարապետյանն էլ շնորհակալություն է հայտնում։
Իսկ ու՞մ տրվեց հանձնարարականը, եթե թվարկված խնդիրների պատասխանատուն և միակ հասցեատերը ՍԱՊԾ-ն է։
ՍԱՊԾ-ն կարանտին միջոցառումներ չի իրականացրել վարակված տարածքներում
«Ռոսսելխոզնադզորի»՝ վերոնշյալ արտահանման արգելքի պատճառներից մեկը արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային թրիպսն էր (Frankliniella occidentalis Perg.) վարունգների խմբաքանակի վրա։
Ծաղկային թրիպս Հայաստանում հայտնաբերվել է և՛ 2016, և՛ 2017թթ ընթացքում՝ ՍԱՊԾ կողմից իրականացված ֆիտոսանիտարական միջոցառումների շրջանակներում։ Փորձաքննություններն իրականացվել են հանրապետության ողջ տարածքում։
2016 և 2017 թթ-ին կատարվել է մոտ 6000 փորձաքննություն, որոնց արդյունքում 2016թ․-ին հայտնաբերվել է 8 (կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ, կոլորադյան բզեզ, կալիֆորնիական վահանակիր, պտղատուների բակտերիալ այրվածք, արևելյան պտղակեր, ֆիլոքսերա, օղակաձև փտում, գաղձ ), իսկ 2017թ-ին՝ 7 կարանտին վնասակար օրգանիզմ (կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ, կալիֆորնիական վահանակիր, պտղատուների բակտերիալ այրվածք, արևելյան պտղակեր, ֆիլոքսերա, գաղձ, արևմտյան ծաղկային թրիպս):
Վարակի հայտնաբերման տարածքներում սակայն, ինչպես փաստում է նաև «Վերահսկիչ պալատի» 2017թ․ հաշվետվությունը, կարանտինային միջոցառումներ չեն իրականացվել՝ խախտելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 18-րդ հոդվածի կետերը, որի համաձայն կարանտինային միջոցառումների իրականացումը պարտադիր է։
Մեկնաբանել