HY RU EN

Ստեփան Դանիելյան

Ո՞րն էր բանակի ու ոստիկանության սաբոտաժի պատճառը

Ապրիլին Հայաստանում կատարվածը ռեֆլեքսիայի պահանջ ունի, և ապագայում փորձեր են արվելու հասկանալ, թե դա ի՞նչ հեղափոխություն էր, և որո՞նք էին դրա պատճառները: Այդ հարցերի պատասխանների որոնումն անհրաժեշտ է երկրի զարգացման հետագա ընթացքը ճիշտ կազմակերպելու համար

 Հեղափոխություններն ընդունված է տարանջատել մի քանի դասական տեսակների՝

  • սոցիալական,
  • քաղաքական, երբ փոխվում է տնտեսության կացութաձևը,
  • ազգային-ազատագրական,
  • կրոնական:

Իշխանության ոչ սահմանադրական եղանակներով փոփոխությունները կոչվում են հեղաշրջումներ, և հեղաշրջման տարբերակը չենք դիտարկում, եթե չփորձենք այն ընդունել որպես ժողովրդի կողմից կազմակերպված «հեղաշրջում»: Որքան էլ այդ արտահայտությունն աբսուրդ հնչի, քանի որ, ըստ Սահմանադրության, իշխանությունը պատկանում է ժողովրդին, այնուամենայնիվ, Հայաստանում կա խորքային անվստահություն ընտրությունների ինստիտուտի հանդեպ, որի պատճառով «ժողովրդական հեղաշրջում» հասկացությամբ կկարողանանք մեր ներդումն ունենալ համաշխարհային քաղաքագիտական մտքի մեջ: Սակայն զերծ մնանք նման նորամուծություններից և փորձենք դասական տարբերակները  քննարկել։

Պարզ է, որ վերը նշված հեղափոխություններից Հայաստանի համար մենք կարող ենք ընտրել առաջին տարբերակը՝ սոցիալականը: Հատկապես կարևոր է նշել, որ Հայաստանում արտաքին միջամտություն չի եղել, ավելին` բոլոր արտաքին խաղացողներն, անկախ իրենց վերաբերմունքից, ընդգծված կերպով չեզոք դիրք էին գրավել։

Դիտարկենք սոցիալական հեղափոխությունների դասական պատճառները և համադրենք Հայաստանի իրավիճակին:

Սոցիալական հեղափոխությունների համար դասական համարվող հիմնական չորս պատճառներն են.

  • հանրության տարանջատումը մասերի (սոցիալական, դասակարգային, էթնիկ),
  • հակասություններ իշխող էլիտայի մեջ,
  • պաշտոնական գաղափարախոսությանը հակընդդեմ այլ գաղափարախոսության տարածում հասարակության մեջ,
  • իշխանության հեղինակության անկում:

Վերը նշված չորս պատճառներից երեքը (բացի գաղափարախոսական տարանջատումը) Հայաստանի դեպքին բնորոշ են: Իշխանության և բողոքող զանգվածի մոտ գաղափարախությունների բացակայությունն այն հիմնական պատճառն էր, որը թույլ տվեց խուսափել արյունահեղությունից, իսկ հեղափոխությունից հետո՝ ինքնաբուխ վենդետաներից:

Սերժ Սարգսյանն իր համար ստեղծել էր ագրեսիվ փոքրամասնություն, որի վրա փորձում էր հենվել` նրանց դնելով սոցիալական մրցակցությունից վեր, մնացածներին զրկելով սոցիալական շանսից: Ազգային հարստությունը տարբեր բաժնեմասերով տրվում էր այդ փոքրամասնությանը, և այդ գործելակերպը բացահայտող դեռ բազմաթիվ «գործեր» են հայտնի դառնալու:

Մյուս կարևոր պատճառն իշխող էլիտայի մեջ եղած հակասություններն էին: Սերժ Սարգսյանի վարչապետությունը ոչ միայն հանրության շրջանում էին խիստ բացասական ընդունել, այլև հենց Հանրապետական կուսակցության և բիզնես էլիտայի հատվածներում։ Զանգվածային ցույցերի առաջին իսկ օրերից նրանք աջակցում էին փողոցին` հույս ունենալով օգտվել իրավիճակից: Սակայն, ամենակարևոր գործոնն իշխանության հեղինակության անկումն էր, հատկապես` բանակում և իրավապահ մարմինների շրջանում:

Բանակի և ոստիկանության սաբոտաժը

Բանակի և իրավապահ մարմինների վերաբերմունքը Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ պայմանավորված էր երկու իրադարձություններով` Ապրիլյան պատերազմով և «Սասնա ծռեր»-ի գործողությամբ:

Ապրիլյան պատերազմից հետո հանրության և հատկապես բանակում առաջացան հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չտրվեցին։ Ցոփ կյանքով ապրող «էլիտան» այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու է բանակը «80-ականների» զենքերով զինված, որի պատճառով հարյուրից ավել զինվոր զոհվեց, և ինչու էին նրանք իրենց կյանքը տվել «անպետք» հողերի համար։ Դա բանակի համար հարված էր։ Պատահական չէր, որ Ապրիլյան պատերազմից հետո շատ սպաներ զորացրվելու դիմումներ էին գրել։ Պատերազմից հետո այդպես էլ ոչ ոք պատասխանատվություն չկրեց, իսկ բանակի կոռուպցիան չէր վերանում։ Պարզ էր, որ այդպես շարունակվել  չէր կարող, բայց շարունակվում էր։

Ապրիլյան պատերազմին հետևեց «Սասնա ծռեր»-ի գործողությունը, որի հետևանքով երեք ոստիկան սպանվեց։ Ոստիկանության համար նույնպես անհասկանալի էր, թե ինչու իրենք պետք է իրենց կյանքը զոհեն հանուն կոռումպացված, անգաղափար, երկրի համար որևէ հեռանկար չխոստացող քաղաքական իշխանության։

Հեղափոխության ընթացքում, երբ մեծ էր ուժ կիրառելու գայթակղությունը, ոստիկանապետ Վովա Գասպարյանն իշխանությանը դիմեց կոչով` ակնարկելով, որ ուժի կիրառումը կարող է քայքայել բանակն ու ոստիկանությունը, որից հետո հարցականի տակ էր հայտնվելու պետականությունը։

Ետհեղափոխական շրջանում նախկին և ապագայի համար հույսեր փայփայող «էլիտան» այդպես էլ չհասկացավ, թե ինչու հանրությունը դուրս եկավ փողոց և չի հասկանում, որ վերադարձի շանսերը հավասար են զրոյի` անկախ նրանից, թե իրեն ինչպես կդրսևորի նոր կառավարությունը։