
2 մլն 120 հազար եվրո՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Երևանի 2800 ամյակին նվիրված համերգի կազմակերպման համար
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Հայաստանում՝ հոկտեմբերին: Գագաթնաժողովի միջոցառումների և Երևան քաղաքի 2800 ամյակին նվիրված համերգի միջոցառումների դիզայնի մշակման, կազմակերպման և իրականացման հարցերով խորհրդակցական, աջակցման ծառայությունների մատուցման համար Արտաքին գործերի նախարարությունը պետական կարիքների համար ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել ֆրանսիական «Աժանս Պյուբլիկս-Գրուպ ԷՍԼ/ Նետվորկ» ընկերության հետ:
Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է ապրիլի 14-ին, իսկ գինը կազմում է 2 մլն 120 հազար եվրո, կամ համարժեք՝ 1 մլրդ 277 հազար 724 հազար դրամ: Պայմանագրով նշված է, որ փոխարժեքի տատանումներից ելնելով գինը չի կարող գերազանցել 1 մլրդ 314 հազար 400 հազար դրամը: Գինը ներառում է ընկերության կողմից իրականացվող բոլոր ծախսերը, այդ թվում՝ հարկերը, տուրքերը, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդրությամբ սահմանված այլ վճարները:
Ըստ պայմանագրի՝ ամբողջ գումարի 30%-ը, այն է՝ 636,000 եվրոն վճարվել է պայմանագրի ստորագրման պահին, իսկ մնացած վճարումը փուլ առ փուլ իրականացվելու է մինչև հոկտեմբերի 15-ը:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։ 2012թ. հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ, որին մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Հայաստանը ձեռք է բերել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով 54-րդ անդամ-երկիրը:
Նախատեսված է, որ Երևան քաղաքի 2800 ամյակի և Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի համերգների կազմակերպման համար նախատեսված է Հանրապետության հրապարակում 30x20 մետր չափերով շերտապատված համերգային բեմի տեղադրում և պահպանում՝ համերգից համերգ: Տեղադրվելու է երկու մեծ տեսաէկրան՝ Հանրապետության հրապարակի ողջ հատվածում ներկա գտնվող հանդիսատեսի համար համերգի տեսանելիությունն ապահովելու նպատակով: Այլ ծառայությունների մատուցում ևս նախատեսված է:
Ինչ վերաբերում է գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը, ապա պետությունների և պատվիրակությունների ղեկավարների համար պատրաստվելու է 90 տեղանոց օթյակ՝ իր դիզայնով: Տեղադրվելու են LED էկրաններ և այլն:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել