HY RU EN

Կապանի կոմբինատի հանքում 6 հոգի հացադուլ է սկսել. պահանջն աշխատավարձերի բարձրացումն է

«Մենք ենք տերը ընդերքի», «Մենք ենք տերը մեր հանքի» կոչերով այսօր Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել՝ տնօրինությունից պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Առավոտյան ժամը 09:30-ից նրանք երթով շարժվել են դեպի Սյունիքի մարզպետարան և Կապանի քաղաքապետարան, ապա վերադարձել կոմբինատի մոտ: Այստեղ նրանք հանդիպել են կոմբինատի տնօրեն Դմիտրի Ուշկովին, ով նշել է, որ եթե չվերադառնան աշխատանքի, ապա զանգվածային կրճատումներ է անելու:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը:

Գործադուլի մասնակիցներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, մեզ հետ հեռախոսազրույցում նա նշել է, որ իրենք շարունակում են գործադուլը, ապա ավելացրել, որ քիչ առաջ է դուրս եկել հանքից, որտեղ այս պահին 6 հանքափոր հացադուլ է սկսել: Նրանք մինչև 30 տարեկան երիտասարդներ են: Հացադուլ սկսած աշխատակիցներին ջուր, ծածկոց ու լույս են տարել՝ ըստ գործադուլի մասնակցի:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հացադուլի մասին տեղեկացրել են Դ. Ուշկովին, ով այս անգամ ավելի մեղմ է խոսել, սակայն գործադուլավորների պահանջին չի անդրադարձել: Գործադուլի մասնակիցը մեզ նաև հայտնել է, որ վաղը Ռուսաստանից «Պոլիմետալ» ընկերությունների խմբի ներկայացուցիչ է գալու Կապան:

Տեսանյութերը՝ Արմեն Փարսադանյանի