HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նորատուսցի Ալիկի ազատության համար պատրաստ են 50 մլն դրամ գրավ վճարել

«Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած սպանության առթիվ հարուցված քրեական գործով անցնող ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի առողջական վիճակը կալանքի տակ գտնվելու ընթացքում էլ ավելի է վատացել: Այս մասին այսօր այս գործով տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ասաց Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրվի՝ նշելով, որ պաշտպանական կողմը պատրաստ է 50 մլն դրամ գրավ վճարել, եթե դատարանը նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարի:

Նշենք, որ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած սպանության գործով դատաքննությունն արդեն գտնվում է ավարտական փուլում: Այս գործով դատաքննության սկսվելուց առաջ Բանդուրյանը վիրահատվել է և առ այսօր դատարանի դահլիճ է բերվում անվասայլակով: Դատաքննության մեկնարկին Երեմ Սարգսյանը իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ Բանդուրյանն ունի սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, զարկերակային բարձր ճնշում, ողնաշարի եւ ողնուղեղի տուբերկուլյոզ:

Սարգսյանը նշել էր, որ իր պաշտպանյալին անհապաղ բուժում է հարկավոր խիստ անկողնային պայմաններում և երկարատև խնամք, որը քրեակատարողական հիմնարկում չեն կարող ապահովել: Այսօր Սարգսյանը դատարանին ներկայացրեց Բանդուրյանին ազատ արձակելու վերաբերյալ վերը թվարկված հիմքերը, ինչպես նաև ընդգծեց, որ օրեր առաջ իր պաշտպանյալին հետազոտել են ու բժիշկներն արձանագրել են, որ նրա մոտ նկատվում է տոբերկուլյոզ հիվանդության վիճակի վատթարացում:

Պաշտպանն ընդգծեց նաև, որ անվասայլակով դատարանի դահլիճ բերվող Բանդուրյանին քրեակատարողական հիմնարկից դատարան են տեղափոխում ոչ հարմարեցված մեքենայով: Սակայն Բանդուրյանի հիվանդությունը միակ հանգամանքը չէ, որ պաշտպանը դրել էր միջնորդության հիմքում: Ինչպես արդեն նշեցինք, գործը գտնվում է ավարտական փուլում: Ըստ պաշտպան Սարգսյանի՝ եթե անգամ ընդունենք, որ Բանդուրյանին կալանքի տակ պահելու հիմք է եղել, ապա այժմ՝ դատաքննության ավարտական փուլում նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա: Սարգսյանը ընդգծեց նաև, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ վերջինս փախուստի չի դիմի: Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ:

Վերջինս նշեց, որ Բանդուրյանին կալանքի տակ պահելու հիմքերը դեռևս առկա են, և նկատի ունենալով, որ բազմիցս անդրադարձել է այդ հիմքերին, հարկ չհամարեց դրանց ևս մեկ անգամ ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ: Նշենք, որ մեղադրող կողմը, նախկինում անդրադառնալով Բանդուրյանի կալանքի հարցին, ընդգծել է, որ չկան այն հիմքերը, որ Բանդուրյանը, ազատության մեջ գտնվելով, չի խոչընդոտի քննությանը, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից: Մեղադրողը նշել էր նաև, որ ազատության մեջ գտնվելով` ամբաստանյալը կարող է ճնշում գործադրել ականատես վկաների վրա:

Ավելին, մեղադրողը, հղում կատարելով գործի շրջանակներում արված գաղտնալսումներին, հայտարարել էր, որ Ալիկ Բանդուրյանն ապօրինի ազդեցություն է գործադրել ինչպես ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի, այնպես էլ դեպքի ականատես վկաների նկատմամբ: Դատարանը խորհրդակցական սենյակ հեռանալով՝ որոշեց մերժել պաշտպանի միջնորդությունը: Դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր հրապարակեց ևս մեկ միջնորդության վերաբերյալ որոշում, որն առնչվում է այս գործում առկա հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներին:

Նախորդ դատական նիստին Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի և Արմեն Գասպարյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների, դրանց կից ներկայացված նյութերի, այդ միջնորդությունները քննարկելու վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները: Բացի այդ՝ պաշտպանը միջնորդել էր նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու թույլտվություն ստանալու միջնորդության, դրան կից ներկայացված նյութերի պատճենները, նշված միջնորդության քննարկման համար կայացված դատական նիստերի արձանագրությունները և դրանց լազերային կրիչները:

Երեմ Սարգսյանն ընդգծել էր, որ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, փաստորեն, դատարան է բերվել ապացույց, որի ստեղծման ընթացակարգը պաշտպանական կողմը չի կարող գնահատել, հայտնի չէ, թե երբ կամ ինչ պայմաններում են արվել այդ գաղտնալսումները: Դատարանը որոշել էր այս միջնորդության լուծմանն անդրադառնալ այսօրվա նիստին, և այժմ հրապարակեց միջնորդությունը մերժելու մասին իր որոշումը: Այս որոշումից հետո Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն ներկայացրեց՝ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներն այս գործով անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ:

Երեմ Սարգսյանն իր խոսքում կասկածի տակ դրեց այս միջոցառման օրինականության հիմքերը, նշեց, որ պաշտպանական կողմը մեղադրող կողմի նկատմամբ անհավասար պայմաններում է գտնվում, զրկված է այս միջոցառման օրինականությունը ստուգելու, վիճարկելու հնարավորությունից: Սարգսյանն ընդգծեց, որ Ալիկ Բանդուրյանի և Արմեն Գասպարյանի ձայները նույնականացնելու համար նրանցից օրենքի խախտմամբ ձայնային նմուշներ են վերցվել: Մասնավորապես՝ այդ ձայնային նշումները վերցվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկի աշխատասենյակում իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում, այլ ոչ թե քննչական գործողությամբ, ինչպես նախատեսում է օրենքը:

Այսինքն՝ օրենքի համաձայն՝ ամբաստանյալներից ձայնից փորձանմուշ կարող էր վերցվել ոչ թե նրանցից գաղտնի արված գործողության միջոցով, ինչպիսին «ներքին դիտումն է», այլ քննիչը պետք է որոշում կայացներ մեղադրյալների ձայնից փորձանշում վերցնելու վերաբերյալ, նրանց այդ որոշմանը ծանոթացներ, ապա կատարեր փորձանշում վերցնելու համապատասխան գործողությունը, ըստ որում, նկատենք, որ այս դեպքում մեղադրյալներն իրավունք ունեն նաև լռելու: Մեղադրող դատախազը նշեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «ներքին դիտում» գործողությունը կատարվել է սպանության դեպքին առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու համար:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալներից զատ կան նաև սպանությանն առնչվող այն անձինք, որոնց ինքնությունը բացահայտել չի հաջողվել: Մեղադրողը նշեց նաև, որ այս գործով օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքում ձեռք բերված տվյալները քննվել են, կազմվել է արձանագրություն և այն որպես այլ ապացույց կցվել է քրեական գործին: Այսինքն՝ ըստ մեղադրող կողմի՝ պահպանվել են սահմանված բոլոր նորմերը: Դատարանը, սակայն, այս պահին միջնորդությունը չլուծեց, նշեց, որ դրան կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելիս: Այսօրվա նիստը հետաձգվեց, և մյուսը նշանակվեց հունիսի 5-ին:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Արմեն Լյովայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբր կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Ըստ մեղադրանքի` Պետրոս Իսրայելյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած` Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter