HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղհասարակությունը քննարկում է քաղբանտարկյալների հարցը

Հայաստանում եղել են ու կան քաղբանտարկյալներ, բայց այլևս պիտի չլինեն. սա այն հավաքական հաղորդագրությունն էր, որ այսօր հնչեցրին իրավապաշտպանները, փաստաբանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նրանք քննարկում էին քաղաքական բանտարկյալների կարգավիճակին ու հնարավոր ազատմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը ներկա էր նաև Կարո Եղնուկյանը, ում խափանման միջոց կալանքը օրեր առաջ էր 10 մլն դրամ գրավի դիմաց փոխվել: 22 ամսվա կալանքից հետո նա ազատության մեջ է:

Փորձագետ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց Եվրոպական դատարանի նախադեպերը՝ օրինակներով մատնանշելով, թե ինչպես են ներպետական դատարաններում քաղաքական պատճառներով խտրականություն դրսևորել քաղաքացիների նկատմամբ:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, քաղաքացիների արդար դատաքննության, ազատության անձեռնմխելիության իրավունքը հայաստանյան դատարաններում համատարած խախտվում են: Նա նշեց, որ 1990-ականներից սկսած՝ Հայաստանում ընտրություններից հետո քաղբանտարկյալներ են եղել: Հետո համաներումներով, իրավիճակի փոփոխության հիմքով ազատվել են: «Նրանց ազատազրկումը եղել է ցուցումով, ազատումը նույնպես եղել է ցուցումով: Վերջին իրադարձություններից հետո հանրությունը նույն հույսերն ուներ, բայց վարչապետն ասաց, որ ցուցումներ չի տալու դատարանին: Եթե մի անգամ տա, արդեն կշարունակի տալ: Ու հիմա դատարանները չգիտեն՝ ինչպես վարվել»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանը նկատեց, որ 2013-ից սկսած մենք ունեցել ենք պերմանենտ քաղբանտարկյալներ, «սկսվեցին նաև հնարավի, սարքովի գործերը, որոշ գործեր հիշեցնում են սարքովի գործեր՝ Շանթ Հարությունյան և ընկերներ, Գևորգ Սաֆարյան, Հայկ Կյուրեղյան»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց ԵԽԽՎ-ի գնահատականները քաղբանտյարկյալների կարգավիճակի առնչությամբ:

Ըստ այդմ, դեռևս 2012-ին ԵԽԽՎ-ն հենց Հայաստանում ու Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների կարգավիճակի հստակեցման առնչությամբ ընդունել է 1900 բանաձևը: Ըստ այդ բանաձևի, ազատությունից զրկված անձը կարող է համարվել քաղբանտարկյալ՝ եթե ազատությունից զրկումը կիրառվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ, մասնավորապես՝ մտքի, խղճի ու կրոնի ազատության, արտահայտվելու և տեղեկություն ստանալու ազատության, ինչպես նաև հավաքների ազատության խախտմամբ: Եվ երկրորդ՝ եթե ազատազրկումը կիրառվել է միայն քաղաքական պատճառներով, որևէ հանցանքի կատարման բացակայությամբ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց. «Պատկերացրեք, եթե քաղբանտարկյալների թեման քննարկեինք 2 ամիս առաջ, բալորովին այլ իրավիճակում կամ այլ տրամաբանությամբ պետք է գնահատեինք քաղաքական հետապնդումների փաստը: Հիմա այլ է իրավիճակը՝ խախտված իրավունքներով անձանց խնդիրն ենք փորձում լուծել»:

Արթուր Սաքունցը շեշտեց, որ առաջին երկիրը չենք, որ անցնում է անցումային արդարադատության փուլ, ավելին՝ նրա կարծիքով, Հայաստանը առաջին անգամ չէ անցումային արդարադատություն անցնում: Ըստ Սաքունցի, Խորհրդային երկրի փլուզումից հետո, եթե իսկապես Հայաստանը անցներ անցումային արդարադատության շրջանը, երկրորդ շրջանի կարիքը չէր լինի: Ըստ իրավապաշտպանի, այդպես էլ որևէ իրավական ու քաղաքական գնահատական չտրվեց մարդու իրավունքների շարունակական, համակարգված խախտումներին:

Գալով «Սասնա Ծռերի» գործողություններին ու ՊՊԾ գնդի գրավման դեպքերին, Արթուր Սաքունցը նկատեց, որ հիմա պետք է «Սասնա Ծռերը» հստակ նշեն, որ զենքով հարցեր լուծելու մտադրությունից հրաժարվում են, քանի որ այլ է այսօր իրավիճակը: «Նույնիսկ պետությունը չհամարձակվեց ահաբեկչություն ճանաչել «Սասնա Ծռերի» գործողությունները, փոխարենը ամեն ինչ արվում էր, որպեսզի ՀՀԿ-ի իշխանության բուն բովանդակությունը մոռացության տրվեր և չոր ու ցամաք իրական տերմիններով մոտեցումները հիմնավորեին: Իսկ եթե «Սասնա Ծռերի» նպատակը սպանելը լիներ, ապա այնտեղ շատ ոստիկաններ կային»: Ըստ Արթուր Սաքունցի, ՊՊԾ գնդի գրավումը ապստամբություն էր:

Արթուր Սաքունցի ու Ավետիք Իշխանյանի կարծիքով, պետք է «Սասնա Ծռերի» որոշ անդամների խափանման միջոցները փոխվեն և ապա արդար դատաքննություն լինի:

«Հոդված 3» ակումբի ղեկավար Գայանե Աբրահամյանը հիշեցրեց, որ «Մարտի 1-ի» գործով, թեպետ հայտնի էր, որ «Չերյոմուխա» տեսակի զենքով են սպանվել հավաքի 4 ցուցարարները, սակայն այդպես էլ որևէ պատասխանատվություն չհետևեց, որևէ ոստիկան չպատժվեց:
«Ժառանգություն» կուսակցությունից Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ քաղաքացիական հասարակությունը կարող է կազմել «Մագնիտսկու» ցուցակի հայկական օրինակը, ինչպես կազմվել էր Հաց բերողի անունով. «Կոնկրետ մարդու իրավունքները կոպտորեն խախտած, անօրեն որոշումներ կայացրած դատավորներին, քննիչներին, դատախազներին այդ ցուցակով ենթարկել պատասխանատվության»:

Քննարկումը կազմակերպվել էր «Բաց հասարակության հիմնդրամներ-Հայաստանի» կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter