HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային հեղափոխությունը՝ հաղթանակի ճանապարհ

Հասկանալի պատճառներով Հայաստանի անկախության 100-ամյակի թեման ստվերված է մնալու քաղաքական բուռն իրադարձությունների ֆոնին: Թեև անկախ ամենից էլ պետք է փաստել, որ Հայաստանում նման թեմաները հիմնարար քննարկելու հանրային ռեսուրս չկա, և հազիվ թե նույնիսկ լավագույն դեպքում հնարավոր լիներ խուսափել մի քանի օրվա զուտ կենացային-կարգախոսային հուշ-երեկո ոճի «նշումից»: Քանի դեռ մեզանում պատմությունն ու պատմագիտությունն ընկալվում են որպես անցյալի մասին հուշ, «տարեդարձ-տարելից», այլ ոչ թե անցյալի փորձից ներկայի համար տքնաջան վերլուծությամբ կորզվող կենդանի ու արդիական գիտելիք, անբովանդակ և անիմաստ են անցնելու բոլոր 100, 50 և 30-ամյակները:

Ինչևէ, մայիսի 28-ին ընդառաջ՝ անօգուտ չէր լինի հիշել, որ ժամանակին Հայկական հեղափոխություն էր կոչվում ոչ թե 2018-ի ապրիլ-մայիսյան շարժումը, այլ 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի հայկական ազատագրական պայքարը, ինչից այսօր մեզ հուշ է մնացել միայն մեր քաղաքական դաշտի շարքային կուսակցություններից մեկի՝ Հայ հեղափոխական դաշնակցության անվանումը: Անվանում, որի իմաստը տարակուսանքի առիթ է՝ ի՞նչ հեղափոխություն, ինչու՞ հեղափոխություն: Մի կողմ թողնելով այսօրվա ՀՅԴ-ն՝ փորձենք հասկանալ՝ կարո՞ղ է որևէ կապ լինել անցյալի և ներկայի հայկական հեղափոխությունների միջև:

Պատմական վերլուծության կոչումը պետք է լինի անցյալի ու ներկայի երևույթների միջև հենց այսպիսի՛ կենսական կապեր ստեղծելը, անցյալը մշտապես արդիականացնելն ու կենդանի պահելը: Բնականաբար, փոքրիկ հրապարակախոսական հոդվածով չհավակնելով գիտականության՝ ընդամենը կփորձենք ուղիներ հուշել անցյալի և ամենաթարմ ներկայի՝ երկու հայկական հեղափոխությունների միջև կենդանի կապեր տեսնելու և ստեղծելու համար:

Չպահանջված անկախություն թշնամու պահանջով (պատմական դիալեկտիկայի դասերից)

Նախ՝ փորձենք հասկանալ, թե ի՛նչ էր 1918-ի մայիսի 28-ը հենց 1918-ին այդ օրերն ապրող ականատեսի տեսակետից: 1918-ի մայիսին անկախություն հռչակելը Հայաստանի պատմության ամենահակասական երևույթներից է: Այդ այսօր է դա ընկալվում իբրև տոն և նշելու առիթ:

Բայց 1918-ի մայիսին իրավիճակն այլ էր: Հայկական քաղաքական ուժերից և ոչ մեկը 18-ի նախորդող տարիներին և տասնամյակներին Արևելյան Հայաստանում անկախ հայկական պետություն ստեղծելու նպատակ չի դրել: Վերջին անգամ Արևելյան Հայաստանում անկախ պետություն ունենալու նպատակը քիչ թե շատ լրջորեն դրված է եղել միայն 18-րդ դարավերջում-19-րդ դարասկզբում՝ ռուսական նվաճումից առաջ, երբ հույս կար ռուսների օգնությամբ վերականգնելու հայկական պետությունը: Բայց ռուսական նվաճման արդյունքում միանգամայն այլ իրողություն ստեղծվեց, որի հետ հայերի մեծ մասը հաշտվեց (ինչ պատճառներով և ինչ հանգամանքներում՝ մեր շարադրանքից դուրս է): Ճիշտ է, Հնչակյան կուսակցությունը 1888-ի իր ծրագրում հեռահար նպատակ դնում էր նաև Արևելյան Հայաստանի անկախացումը (ի դեպ, ներառյալ Պարսկական Հայաստանը, այսինքն՝ ներկայիս Իրանական Ադրբեջանի մի մասը, ինչն այսօրվա տեսակետից էկզոտիկ թեմա է), բայց դա՝ միայն թղթի վրա. այն երբեք որպես անմիջական, գործնական նպատակ չի ձևակերպվել: Հայկական ազատագրական պայքարի մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար գործնական օրակարգ է եղել հեղափոխական պայքարը Արևմտյան Հայաստանում (սրա պատճառներն էլ առանձին խնդիր են, այստեղ զուտ փաստն ենք արձանագրում):

Նույնիսկ 1917-ի ռուսական հեղափոխության ընթացքում, այսինքն՝ 1918-ին անմիջապես նախորդող շրջանում ոչ մի հայ քաղաքական ուժ Ռուսահայաստանի անկախացման խնդիր չէր դնում: Կար մշակութային ինքնավարության, Կովկասի կանտոնացման ծրագիր, բայց ոչ ավելին: Նույնն էր, ի դեպ, Վրաստանում և առավել ևս՝ Ադրբեջանում: Վրացական հիմնական քաղաքական ուժը՝ սոցիալ-դեմոկրատները, առհասարակ իրենց տեսնում էին համառուսական հեղափոխության մեջ, և նույնիսկ հայերի մշակութային ինքնավարության համեստ պահանջն այդ տեսակետից համարվում էր «շովինիզմ»:

Կա ավելին: Անկախ Անդրկովկասի, իսկ ապա՝ անկախ Վրաստանի և անկախ Ադրբեջանի ստեղծումը.... թուրքերի պահանջն էր: Անկախ Հայաստանինը՝ նույնպես, բայց կային կարևոր նրբություններ: Թուրքերը դա առաջին անգամ առաջարկել են 1914-ի ամռանը՝ Դաշնակցության հետ բանակցություններում, միասնական հակառուսական ճակատ ստեղծելու պահանջին զուգահեռ: Ըստ այդմ՝ հայերը պետք է կամավորական ջոկատներ կազմեին ապագա պատերազմում թուրքերի կողմից ռուսների դեմ կռվելու համար, որի դիմաց հաղթանակից հետո պետք է ստեղծվեր անկախ Հայաստան: Հետագայում, ինչպես գիտենք, եղավ հակառակը. հայկական կամավորները կռվեցին ռուսների կողմից՝ ընդդեմ թուրքերի: Թուրքական առաջարկն ընդունելու մե՛կ կողմնակից կար Դաշնակցության մեջ՝ Ռուբեն Տեր-Մինասյանը՝ Հայաստանի ապագա պաշտպանության նախարարը և Դաշնակցության ապագա փաստացի բյուրոյապետը, «Հայ հեղափոխականի հուշեր» գրքի հեղինակը, որին դեռ կհանդիպենք այս հոդվածում:

Երկրորդ կարևոր նրբությունը: 1918-ին թուրքերը տարակուսում էին. արդյո՞ք Վրաստանի և Ադրբեջանի անկախության հետ մեկտեղ նաև անկախ Հայաստան պետք է լինի: Երկու գործոն նպաստեցին, որ Հայաստանի գոյությունն ընդունվի. Սարդարապատի ճակատամարտը և գերմանացիների դիրքորոշումը՝ հօգուտ գոնե նվազագույն սահմաններով Հայաստանի ստեղծման (վերջին կետը չեմ պնդում, բայց այդպիսի տպավորություն եմ ստանում գերմանական քաղաքականությանը վերաբերող այսօր արդեն հրապարակված փաստաթղթերից):

Եվ այսպես, անկախություն՝ նախապես չպահանջված, և անկախություն՝ թշնամու պահանջով, անկախություն մի փոքրիկ հողակտորի վրա, որը նույնիսկ այսօրվա Հայաստանի մի փոքր մասն է՝ առանց Արարատյան ու Շիրակի դաշտերի: Սա է 1918-ի գարնան-ամռան իրողությունը: Սա է այն անկախությունը, որի 100-ամյակը նշում ենք:

Բազմաթիվ հարցեր են, իհարկե, ծագում:

Ինչու՞ ենք նշում: Ինձ համար պատասխանը պարզ է: Նշում ենք, որովհետև չնայած 1918-ի մայիսի հակասական իրականությանը, որում հռչակվել է հայկական պետությունը, մեկ անգամ ստեղծվելով՝ 1918-ի մայիսից ի վեր, այն, բոլոր փոփոխություններով հանդերձ, շարունակում է գոյություն ունենալ ցայսօր: Պատմական ցանկացած իրողություն գոյանում է հակասություններով լի միջավայրում, «դիալեկտիկորեն», բայց գնահատականի համար ամենից էականը արդյունքն է:

Հայկական պայքարի գնահատականը՝ նիհիլիզմի եւ դատարկ պաթոսի արանքում

Բայց մնում է մյուս կարևոր հարցը: 1918-ի անկախությունը, հետևապես և մեր այսօրվա պետության արմատը բացարձակ պատահականությու՞ն էր, բախտի քմահաճու՞յք, թե՞, այդուհանդերձ, կապ կա նախորդ շրջանի ազատագրական պայքարի և հայկական պետության միջև: Պատասխանն ակնհայտ է թվում՝ չնախատեսված և թշնամու կողմից պարտադրված անկախությունը կարող է լինել միայն բախտի քմահաճույքի, բայց ոչ սեփական ջանքի արդյունք: Սակայն սա պատասխան է, որը հաշվի չի առնում ոչ միայն 1918-ի դեպքերի, այլև ընդհանրապես պատմական և քաղաքական վերլուծության հիմնաքարը՝ դրա՝ հակասական տարրերից բաղկացած, ոչ միագիծ ու միաշերտ, դիալեկտիկ բնույթը:

Հարցին ավելի խորը պատասխանելու համար պետք է հասկանանք, թե ի՛նչ էր Հայկական հեղափոխությունը՝ 1890-1908թթ. միջակայքում ընկած ազատագրական պայքարը: Դրա բնույթի և գնահատականի վերաբերյալ կա երկու ծայրահեղ մոտեցում։

ա) Մեկն ամբողջովին ժխտում է դրա իմաստն ու արժեքը, արդյունքն էլ համարում բացարձակ ձախողում (այս մոտեցման «ավետարանը» Լեոյի «Անցյալից» գիրքն է)։

բ) Մյուսը՝ ավելի ավանդականը, պաթոսի այս կամ այն չափով պարզապես վերաշարադրում է դեպքերը՝ առանց լուրջ քննադատության փորձ կատարելու՝ ավելի շատ նմանվելով վատ վեպի, քան գիտության:

Երկու մոտեցումներն էլ, ի վերջո, հնդկական կինոյի ժանրից են: Իհարկե, այս երկուսի արանքում կան տարբեր միջանկյալ տեսակետներ, որոնք փորձում են երկու ծայրահեղությունների արանքում ձևական հավասարակշռություն պահել ու «ոսկե միջին» ստեղծել: Բայց այդպիսի միջինը չի կարող համարվել լիարժեք երրորդ դիրքորոշում, քանի որ չունի սեփական դիտակետ, առանցք. այն ընդամենը խառնում է երկու անհամատեղելի մոտեցումներ և փաստացի՝ լղոզում:

Իրական երրորդ տեսակետը պետք է բխի միանգամայն ինքնուրույն, մյուս երկուսից անկախ դիտակետից: Այն ոչ թե պետք է խառնի երկու ծայրահեղ տեսակետների տարրերը, այլ ինքնուրույն ելակետներ առաջարկի՝ դուրս բերելով մեզ երկու հավասարապես տափակ, սև-սպիտակ ծայրահեղությունների միջև ըտրություն կատարելու ծուղակից:

Նման վերլուծությունը պետք է ունենա երկու հիմնաքար՝ 1. Հայկական հեղափոխության դիտարկումը լայն՝ համաշխարհային պատկերում, 2. Հայկական հեղափոխության ներքին հակասությունների բացահայտումը:

Իտալացի աղջկա երգը

Հայկական հեղափոխությունն ինքնամփոփ, ինքնաբավ գործընթաց չէր: Դա մասն էր համաշխարհային գործընթացի՝ ազգային-ազատագրական շարժումների մի շղթայի, որի ակունքները Ֆրանսիական հեղափոխության ու Նապոլեոնյան պատերազմների գաղափարներն ու շարժումներն էին, և որը 19-րդ դարի ընթացքում տարածվեց Արևմտյան և Հարավային Եվրոպայից դեպի ավելի ու ավելի արևելք (Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Սերբիա, Բուլղարիա և այլն): Ի դեպ, այս առումով պատահական չէ, որ մեր հիմնի հիմքում ընկած Նալբանդյանի բանաստեղծությունը կոչվում է «Իտալացի աղջկա երգը». սա կարևոր հուշում է մեր ազատագրական պայքարի ակունքների մասին: Բալկաններից մինչև Հնդկաստան՝ ազգերը ելնում էին ազատագրական պայքարի: Հայերը, ուզեին էլ, չէին կարող անմասն մնալ այս համաշխարհային միտումից: Այդ պատճառով էլ անարդյունավետ է ըմբռնելու ցանկացած փորձ, որը հայկական շարժումը դիտարկում է որպես ամեն ինչից կտրված, վակուումում տեղի ունեցող զուտ հայկական երևույթ, և կարծում է, որ հայերը կարող էին այնքան ավելի ուժեղ լինել իրենց ապրած ժամանակաշրջանից, որ չներգրավվեին այս ամենակուլ հոսքի մեջ: Երբեք որևէ հանրույթ, ժողովուրդ չի կարող լինել իր ապրած ժամանակից այդքա՛ն ավելի ուժեղ:

Գաղափարական հոսանքներն ու ռազմավարական-մարտավարական մոտեցումները, որոնք հիմքն ու մասը կազմեցին Հայկական հեղափոխության, նույնպես օդից չէին և զուտ հայկական չէին, այլ համաշխարհային միտումների հայկականացված տարրեր էին: Ներմուծվելով հայկական միջավայր և ստանալով տեղին համապատասխան գունավորում՝ դրանք կազմեցին հայկական ազատագրական պայքարի ներքին քարտեզը՝ իր հակասություններով հանդերձ:

Քաղաքական հոսանքների քարտեզը

Հայկական հեղափոխությունը բաղկացած էր էությամբ իրար հակադիր երկու աշխարհայացքային և դրանից բխող գործնական-մարտավարական տարրերից՝ ազգային-լիբերալ և բուն հեղափոխական կամ ազգային-հեղափոխական: Այս երկվությունը երբեք լիարժեքորեն չի վերացել, ինչն էլ պետք է համարել Հայկական հեղափոխության ձախողումների հիմնական պատճառներից մեկը: Մեր ազատագրական պայքարը քննադատվել է հիմնականում որպես օտար լծի դեմ անհավասար ուժերով ապստամբության փորձ, որպես անիրատեսական քաղաքականություն: Մինչդեռ մեր հեղափոխությունը պետք է քննադատվի նրա համար, որ հետևողականորեն հեղափոխական չի եղել: Այս պնդումը պետք է փորձենք հասկանալ ավելի մանրամասնորեն՝ մտքում անընդհատ պահելով, որ այն, ինչ ասվում է երեկվա մասին, պետք է ստեղծագործաբար (ոչ անպայմանորեն բառացի) մեկնաբանվի նաև որպես ներկայի հետ կապված ասելիք:

Նախ՝ ի՞նչ իմաստով լիբերալ և ի՞նչ իմաստով հեղափոխական: Սրանք 19-րդ դարավերջում հայերիս մեջ եղած գաղափարական հոսանքներին տրված որոշ իմաստով պայմանական անվանումներ են:

Այդ երկուսից բացի՝ կային նաև պահպանողական և ձախ՝ սոցիալիստական հոսանքները: Բայց վերջին երկուսը տարբեր պատճառներով դեմ էին ազատագրական շարժմանը:

  1. Ազգային-պահպանողական (սովետական եզրաբանությամբ՝ «կղերա-պահպանողական») հոսանքը համարում էր, որ օտար լծի դեմ պայքարը, այն էլ՝ զինված, անխոհեմություն է: Բացի այդ՝ պահպանողականների համար խորթ էին եվրոպական առաջադիմական շարժումներից փոխառյալ այն գաղափարները, որոնք հեղափոխական պայքարի հիմքն էին:

  2. Իսկ սոցիալիստական հոսանքն իր տարբեր թևերով համարում էր, որ հարցը ոչ թե ազգային, այլ դասակարգային ազատագրումն է, և որ հայ ժողովրդի խնդիրը համառուսական դեմոկրատական պայքարին մասնակցելն է:

Ուստի, այս երկուսը Հայկական հեղափոխության հետ կապ ունեն միայն որպես դրա անհրաժեշտությունը ժխտող հոսանքներ: Ի դեպ, ազատագրական շարժման 1920-30-ականների բոլշևիկյան քննադատության մեջ զարմանալիորեն համընկան պահպանողական և սոցիալիստական հայացքները: Լեոյի «Անցյալից»-ը, մեծ հաշվով, ավել բան չէ, քան նախկին կարկառուն ազգային-լիբերալի կողմից ազգային-պահպանողական հոսանքի վաղուց հնչեցված փաստարկների խտացում։

Մեր շարադրանքի տեսակետից, ուրեմն, կարևոր են երկու՝ ազգային-լիբերալ և ազգային-հեղափոխական հոսանքները:

«Զագրանիցա նամ պոմոժետ»

Ա) Լիբերալ թևի գաղափարախոսներից էր Գրիգոր Արծրունին՝ «Մշակ»-ի խմբագիրը: Ազգային հարցում նրա հղացքն էր՝ թուրքահայոց ազատագրում օտար, տվյալ դեպքում՝ ռուսական ուժով, ռուս-թուրքական հերթական պատերազմի միջոցով, իսկ մինչ այդ՝ թուրքահայոց հարցի ակտիվ բարձրաձայնում, քարոզչություն «առաջադեմ մարդկության», «միջազգային հանրության» շրջանում: Ո՞րն էր այս հղացքի հիմքը, և ի՞նչ կապ ունի այստեղ լիբերալիզմը:

Արծրունու վրա, որը մենակ չէր և ներկայացնում էր գաղութահայ (թիֆլիսահայ) քաղքենիությունը (մանր բուրժուազիան), անշուշտ, տպավորություն էր թողել 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը և դրա հետևանքով Բուլղարիայի ազատագրումը, նաև՝ Կարսի միացումը Ռուսաստանին: Միտքը պարզ էր. նման մի պատերազմի միջոցով «ազատել», տվյալ դեպքում՝ Ռուսաստանին կցել նաև Արևմտյան Հայաստանի մնացած հատվածները: Բայց սա ոչ թե գաղափարական, այլ իրավիճակային հիմքն էր:

Իսկ գաղափարակա՛ն հիմքը 19-րդ դարի «պրոգրեսիզմին» բնորոշ ընդհանուր հավատքն էր առ այն, որ մարդկությունը մտել է առաջադիմության մի փուլ, որն այլևս անկասելի է, և որ առաջադեմ, լուսավոր ուժերն անխուսափելիորեն հաղթելու են, իսկ հետադիմականները՝ պարտվելու: Մի պարզունակ հավատո հանգանակ, ըստ էության՝ աշխարհիկ կրոն, որն այսօր էլ կենսունակ է:

Ըստ առաջադիմական հավատո այս հանգանակի՝ աշխարհի բոլոր պետությունները առաջադիմության սանդղակում դասվում են որպես ավել կամ պակաս առաջադեմ և ավել կամ պակաս հետադեմ: Առաջադեմներին սպասում են միայն հաջողություններ, հետադեմներին՝ ձախողումներ: 19-րդ դարի վերջում այս հավատը դեռ իր առավել մաքուր, կուսական վիճակում էր: Օսմանյան կայսրությունն այս սանդղակում առավել հետամնացների շարքում էր: Նույնիսկ ցարական Ռուսաստանը համարվում էր ավելի առաջադեմ, ավելի եվրոպական և լուսավոր: Հետևաբար, Օսմանյան կայսրությունն անխուսափելիորեն քանդվելու էր: Ուրեմն և հայ ժողովուրդը, իր հույսը դնելով համաշխարհային առաջադիմության, առաջադեմ մարդկության և «միջազգային հանրության» վրա, պետք է պայքարի լծվեր ընդդեմ հետադիմական, անխուսափելիորեն քանդվելիք Օսմանյան կայսրության: Քանի որ Ռուսաստանն աշխարհի այս պատկերում Թուրքիայից համեմատաբար ավելի առաջադեմ էր, ուրեմն հայ ժողովուրդը կարող էր և պետք է «ազատագրվեր» ռուսների միջոցով:

Իհարկե, սրանում առկա էր նաև քրիստոնյա պետությունների օգնության հանդեպ ավանդական հայկական հույսը: Բայց դա զարմանալի չէ. նախկին կրոնական աշխարհայացքին փոխարինելու է գալիս աշխարհիկ կրոնականը, ուր քրիստոնյա աշխարհի փոխարեն այժմ գործում է առաջադեմ մարդկությունը, ընդ որում՝ չի փոխվում նույնիսկ դրա աշխարհագրությունը, քանի որ «առաջադեմ մարդկությունը» կամ «միջազգային հանրությունը» քրիստոնյա աշխարհի այլ՝ ավելի ժամանակակից անվանումն է:

Ստորև կտեսնենք, թե ինչպիսի գործնական քաղաքականություն էր բխում այս աշխարհայացքից:

Բ) Պայմանականության այս կամ այն չափով որպես բուն հեղափոխական հոսանքի մարմնավորում կարող ենք համարել Րաֆֆուն (իսկ նախակարապետ՝ Մ. Նալբանդյանին): Հեղափոխական գաղափարի հիմնական հղացքն էր բռնակալության դեմ հայ ժողովրդի զինված պայքարը ՝ հենվելով սեփակա՛ն ուժերի վրա:  

Առաջին հայացքից այս մոտեցումն առավել անիրատեսական էր: Հայ ժողովուրդն ինչպե՞ս կարող է ինքնուրույն պայքարել և հաղթել իրենից շատ ավելի ուժեղ կայսերական բռնակալությանը: Բայց մեր ազատագրական պայքարի փորձը հակառակն է ցույց տալիս. բոլոր ձեռքբերումները կապված են հեղափոխական, իսկ ձախողումները՝ ազգային-լիբերալ գծի հետ:

Ձախ լիբերալիզմի «մանկական հիվանդությունը» հայոց մեջ

1880-1890-ականներին կազմավորվեցին հայ հեղափոխական կուսակցությունները, տվյալ դեպքում՝ Հնչակյաններն ու Դաշնակցությունը, որոնք ազատագրական պայքարը տեսությունից վերածեցին գործի: Անվամբ սրանք հեղափոխական էին, այսինքն՝ իրենց հռչակում էին Րաֆֆու և Նալբանդյանի, այլ ոչ թե Արծրունու գծի ժառանգորդներ: Բայց գործնական՝ ոչ անվանական իրականությունն ավելի բարդ էր: Դաշնակցականներին իզուր չէին 1890-ականներին անվանում ձախ մշակականներ: Հնչակյանների, ապա և Դաշնակցության գործնական քաղաքականությունը Հայկական հեղափոխության առավել արյունալի՝ 1894-1904թթ. տասնամյակում լիբերալ և հեղափոխական մոտեցումների մի խառնուրդ էր: Ավելի ստույգ՝ այս շրջանի ազատագրական պայքարը մարտավարությամբ հեղափոխական էր, իսկ ռազմավարությամբ բխում էր լիբերալ մոտեցման տրամաբանությունից: Ինչպե՞ս:

Զինված պայքարը, որպես միջոց, էությամբ հեղափոխական էր: Բայց նպատակը, որին պետք է ծառայեր այդ միջոցը, «միջազգային հանրության» ուշադրությունը գրավելն էր, օտար միջամտություն հրահրելն ու դրա օգնությամբ հայկական հարցը լուծելը: Այսինքն՝ զինված պայքարի նպատակը ոչ թե հայ ժողովրդին ինքնակազմակերպելը և դրա միջոցով ազատագրման հասնելն էր՝ հեղափոխական տրամաբանությանը համապատասխան, այլ բխում էր «առաջադեմ մարդկության» մասին լիբերալ պատկերացումից:

Մաքուր լիբերալիզմը՝ մշակականությունը, զինված մեթոդների կողմնակից չէր: Այն համարում էր, որ պետք է գործել «դիվանագիտությամբ», քարոզչությամբ և այդ միջոցներով առաջ բերել օտար միջամտություն կամ էլ սպասել մեծ տերությունների միջև պատերազմին՝ միանալով առաջադեմ մարդկության պայքարին՝ ընդդեմ հետադիմական Թուրքիայի (մի մտահղացում, որը «փայլուն» կերպով իրացվեց 1914-1918թթ.՝ հանգեցնելով արևմտահայության համար համապատասխան արդյունքներին):

«Ցուցական» տասնամյակը

Այսպես կոչված «ցուցական գործողությունները», այսինքն՝ զինված կամ անզեն խոշոր ելույթները միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և առաջադեմ մարդկության միջամտությամբ թուրքահայոց հարցը լուծելու նպատակով, եղել են հայկական երկու հեղափոխական կուսակցությունների՝ Հնչակյանների և Դաշնակցության գործունեության հիմնական ռազմավարական առանցքը Սասունի երկու՝ 1894-ի և 1904-ի ապստամբությունների միջև ընկած տասնամյակում: Մնացած ամենը, ինչ արվել է այդ տարիներին, եղել է ցուցական ռազմավարությունն ապահովելուն ծառայող մարտավարություն: Այդ մարտավարության կարևորագույն մասն է եղել, օրինակ, զինված խմբերի և զենքի ներմուծումն Արևմտյան Հայաստան: Այդ խմբերի անդամների զգալի մասը նահատակվել է դեռ տեղ չհասած՝ սահմանային ընդհարումներում, և մեծ ջանքերով ձեռք բերված զենքի միայն փոքր մասն է հասել հասցեատերերին:

Միաժամանակ, ազատագրական պայքարի այսպես ասած ընդերքում հասունացել է այլընտրանքային մոտեցումը, որի կրողն են եղել հատկապես Տարոնում գործող Հրայր Դժոխքը, ինչպես նաև հեղափոխական հիմնական կենտրոններում՝ Տարոնում և Վանում գործող այլ տեղական գործիչներ: Այդ այլընտրանքային՝ բուն հեղափոխական մոտեցման տեսակետի հիմքում ընկած էր այն պատկերացումը, որ պետք է խուսափել աղմկալից ցուցական գործողություններից, աննպատակ ընդհարումներից, «առաջադեմ մարդկության» ուշադրությունը գրավելու փորձերից և, ընդհակառակը, կենտրոնանալ ժողովրդի ինքնակազմակերպման անաղմուկ, ընդհատակյա գործի վրա: Ցավոք, հենց նույն Հրայր Դժոխքը և այլ գործիչներ, որպես կարգապահ կուսակցականներ, զոհվեցին ցուցական ռազմավարության տարիներով պատրաստված խոշորագույն գործողության՝ Սասունի 1904-ի ապստամբության ժամանակ։

Այդ ապստամբության ձախողմամբ ջախջախիչ պարտություն կրեց ցուցական գործողության ամբողջ ռազմավարությունը: Պարտությունը Հայ հեղափոխական դաշնակցությանը ստիպեց հրաժարվել նախկին ռազմավարությունից: Հնարավորություն բացվեց բուն հեղափոխական ռազմավարության համար: Ծանր գին վճարվեց նախորդ տասնամյակի ռազմավարական ուղղության համար՝ 1894-1896-ի հայկական կոտորածներ, բազմաթիվ նվիրյալ և կարող գործիչների նահատակություն, դժվարությամբ ձեռք բերված միջոցների մսխում, առավել հայաշատ և հեղափոխական տրամադրված շրջանների՝ Տարոնի, Սասունի, Վասպուրականի հայության տնտեսական, ժողովրդագրական թուլացում և այլն։

Այս ամբողջը տուրք էր հայ մտավորականության կույր հավատքին առ մարդկային առաջադիմություն, առ միջազգային հանրություն, առ լուսավորչական գաղափարախոսություն: Սա ոչ թե հայ ազգայնականության կամ հայ հեղափոխականության, այլ հայ «առաջադիմականության», գաղութահայ լիբերալիզմի պարտությունն էր:

Հայոց պետության առաջին էսքիզը 20-րդ դարում

1904-1908 թվականները Հայկական հեղափոխության առավել անաղմկալից, արտաքին իրադարձություններով ու արյունալի բախումներով աղքատիկ, արտաքուստ անշուք, բայց իրականում առավել փայլուն, արդյունավետ և միակ իրական հեղափոխական տարիներն են: Կուսակցության գաղութահայ «ջոջերը» ստիպված եղան հրաժարվել նախկին ռազմավարությունից։ Փոխարենը գործի անցան հեղափոխական երկրորդ սերնդի գործիչները, որոնք, հենվելով Հրայր Դժոխքի և այլոց նախապատրաստած հողի վրա, ջախջախիչ պարտությանը հետևած ծանրագույն պայմաններում առաջ տարան նոր ռազմավարությունը: Հատկապես 3 երիտասարդ ղեկավարներ՝ Ռուբեն Տեր-Մինասյանը, Արամ Մանուկյանը և Իշխանը, հենվելով տեղական ուժերի վրա, 4 տարվա ընդհատակյա հետևողական աշխատանքով Տարոնում և Վասպուրականում ստեղծեցին նոր իրականություն, որի արդյունքները, որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, վայելում ենք ցայսօր:

Ո՞րն էր այդ հեղափոխական ռազմավարության էությունը: Երկրից դուրս բերվեց ֆիդայական ուժերի մեծ մասը: Շեշտն այժմ դրվում էր ոչ թե փոքրաթիվ ֆիդայական ջոկատներ պահելու վրա, որոնց միակ լուծելիք ռազմավարական խնդիրը կարող էր լինել կարճատև ապստամբությունը՝ դրսի ուշադրությունը հրավիրելու նպատակով, այլ բուն ժողովրդին զինելու և վարժեցնելու, ժողովրդական լայն ինքնապաշտպանության ցանց կազմակերպելու: Ժողովրդի զինումը և զինվորական մարզումն ու ինքնակազմակերպումը թիվ մեկ խնդիրն էր, որը լուծվեց 1904-1908թթ. հեղափոխական նոր ռազմավարության շրջանակներում:

Ի տարբերություն նախորդ շրջանի՝ այժմ զենքը ոչ թե ներմուծվում էր դրսից՝ մեծ զոհողություններ պահանջող զինված խմբերի օգնությամբ, այլ ժողովուրդն ինքն էր պարտավոր իր համար զենք գնել և բարվոք վիճակում պահել: Հեղափոխական ընդհատակյա կազմակերպությունը հետևում էր, որ յուրաքանչյուրի գնած զենքը պահվի կարգին վիճակում, ոչ թե վաճառվի կամ փչացվի: Բացի այդ, ժողովրդի զինվորական մարզման ծրագիր էր իրականացվում: Արդյունքում՝ յուրաքանչյուր հայ գյուղ դարձավ մեկ զինվորական միավոր: Եվ բոլորը միասին փաստացի ժողովրդական բանակ էին:

Արդեն ոչ թե փոքրաթիվ ֆիդայիներն էին անզեն ու կռվին անվարժ ժողովրդի պաշտպանը, այլ ինքը՝ հայ ժողովուրդն էր զինված և զենքին ու զինվորական արվեստին ու կարգապահությանը վարժված: Ժողովրդի ինքնակազմակերպումը, բնականաբար, հանգեցրեց նաև նրա վիճակի բարելավմանը: Կառավարության վերահսկողությունն այսպես թե այնպես միշտ էլ թույլ էր հատկապես Վանա լճի ավազանի շրջանում, ուր տեր ու տիրական էին քրդերը: Շնորհիվ ժողովրդի զինված ինքնակազմակերպման՝ հնարավոր եղավ լուծել քրդերի հետ կուտակված շատ խնդիրներ: Եթե նախորդ՝ «ցուցական» շրջանում, որի հույսն առաջադեմ մարդկության միջամտությունն էր, հայկական գյուղերը կոտորվում ու թալանվում էին՝ ավելի ու ավելի մեծ կախման մեջ ընկնելով քրդերից, ապա այժմ, երբ շեշտը դրվեց ներքին կազմակերպման վրա, որոշ չափով հնարավոր եղավ նույնիսկ բարելավել հայերի դրությունը:

Ռազմական ինքնակազմակերպումից բացի՝ նույն 1904-1908թթ. (նախ և առաջ՝ Վասպուրականում) Հայկական հեղափոխությունն այս կամ այն չափով կարողացավ ստեղծել նաև այլընտրանքային դատական իշխանություն: Պետական կաշառակեր ու անարդյունավետ դատարանի փոխարեն ընդհատակյա հեղափոխական դատարանները դարձան այն ատյանը, որը լուծում էր ոչ միայն ներհայկական վեճերը, այլև որին դիմում էին անգամ քրդերն ու թուրքերը: Այս այլընտրանքային դատարանի վճիռները մի կողմից՝ արագ էին և անկաշառ, մյուս կողմից՝ ավելի խիստ և կատարողական։

Բացի այդ, փորձ արվեց մտնել նաև կրթական համակարգ. հատկապես նույն Վասպուրականում տեղի հայկական դպրոցներն աստիճանաբար անցան հեղափոխության վերահսկողության տակ:

Կարճ ասած՝ 1908-ի Օսմանյան հեղափոխության նախօրեին Վանի և մասամբ Տարոնի շրջանում հաջողվեց ստեղծել պետություն պետության մեջ՝ իր ռազմական, մասամբ նաև դատական և կրթական համակարգերով: Այդ շրջանների հայ ժողովուրդը վերածվեց իրական ուժային գործոնի, որի հետ այլևս չէին կարող հաշվի չնստել ո՛չ քրդերը, ո՛չ էլ Օսմանյան կենտրոնական իշխանությունը: Հատկանշական է, որ այդ ամենին հաջողվեց հասնել առանց խոշոր զոհերի և կոտորածների: Սա էր մաքուր հեղափոխությունը, որն ազատված էր «առաջադիմական» գաղափարաբանությամբ պարտադրված ցուցական ռազմավարությունից: Ընդամենը 4 տարում այն տվեց փայլուն արդյունք:

Հայկական պետության նախահիմքը ստեղծվեց հենց այդ տարիներին, հենց այդ քաղաքականության արդյունքում: Սա 20-րդ դարում Հայոց պետության առաջին իրական էսքիզն էր՝ քաղաքական կազմակերպության ցանցով, ժողովրդական բանակով, նաև՝ դատական իշխանության և կրթական համակարգի տարրերով:

«Առաջադիմական» հայերը` պատմության դատաստանի առջեւ

Նպատակ չունենալով կենտրոնանալու 1908-1918թթ. դեպքերի վրա՝ միայն մի քանի կարճ ձևակերպում տանք ապագայի ծավալուն և բարդ խոսակցության համար:

Երիտթուրքերի և դաշնակցականների միջև 1908-1912թթ. համագործակցությունը հետևանք էր հայ ժողովրդի՝ ուժային գործոնի վերածվելու, որով Օսմանյան կայսրության նոր կառավարությունը ճանաչում էր այդ ուժը: Այս համագործակցությունը հասկանալի պատճառներով շատ է քննադատվել: Այստեղ միայն համառոտակի նշենք մեր կարծիքը. սխալ էր ոչ թե համագործակցությունը, այլ համագործակցության խզումը, որը հետևանք էր հին՝ «դիվանագիտական» ռազմավարության վերադարձի և հեղափոխական ճանապարհից շեղման: Հեղափոխական քաղաքականությունը պետք է շարունակեր հայ ժողովրդի ինքնակազմակերպման գործը նոր պայմաններում, որով թուրքական կառավարությունն ավելի ու ավելի էր ստիպված լինելու հաշվի առնել հայկական պահանջները: Մինչդեռ դրա փոխարեն կրկին ընտրվեց «դրսից տղա բերելու» տարբերակը:

Դաշնակցության ղեկավարությունը, որն այդպես էլ վերջնականապես չհաղթահարեց իր գաղութահայ, «առաջադիմական», «հեղափոխական ձախ լիբերալի» աշխահայացքը, աստիճանաբար վերադարձավ նախկին քաղաքականության գիրկը՝ ի հեճուկս երկրի առավել հեղափոխական շրջանների կոմիտեների կամքի: Այս նոր շրջադարձի հետևանքն էր 1912-ին երիտթուրքերի հետ համագործակցության խզումը, Պոլսի օտար դեսպանների հետ գործարքի մեջ մտնելը, Հայկական հարցի նոր միջազգայնացումը, շեշտի փոխադրումը ներքին ուժերի վրա հենվելուց դեպի առաջադեմ մարդկության և միջազգային հանրության ուժով հարցերի լուծումը, դրսից տղա բերելու քաղաքականությունը:

Հատկանշական է, որ երիտթուրքերի հետ խզմանն ամենից կտրուկ դեմ են արտահայտվել երկու առավել հեղափոխական, առավել ուժեղ, թուրքերի դեմ բոլորից շատ կռված կոմիտեները՝ Տարոնինը և Վանինը: Տարոնի ներկայացուցիչներն առավել կտրուկ էին այդ հարցում: Ռուբեն Տեր-Մինասյանը նոր քաղաքականությունն ուղղակիորեն որակում էր դավաճանություն: Վանի կոմիտեն ավելի չափավոր և զգուշորեն, բայց նույնպես դեմ էր նոր «դիվանագիտացմանը»:

Հատկանշական է նաև, որ 1912-ից սկսած նոր «դիվանագիտական», «միջազգայնացման» փուլի հետևանքով տեղի ունեցած Հայոց Եղեռնի ընթացքում հայ ժողովրդի մնացորդները փրկողները նույն այն կոմիտեներն ու գործիչներն էին, որոնք դեմ էին 1912-ի խզմանը և 1914-ի կամավորական շարժմանը: Առավել կազմակերպված, երկարատև ինքնապաշտպանություններն էին Արամ Մանուկյանի գլխավորածը՝ Վանում, և Ռուբեն Տեր-Մինասյանինը՝ Սասունում (վերջինիս հետ կապված բազում հարցեր կան, որոնք մեր թեմայից դուրս են, բայց փաստն այն է, որ դրա շնորհիվ Սասունի հայության մի մասին հաջողվեց փրկվել): Այդ ինքնապաշտպանությունները հնարավոր չէին լինի, եթե ժողովուրդը նախապես՝ 1904-1908թթ. ինքնակազմակերպված, զինված և զենքին վարժված չլիներ՝ վերածված լինելով  ոչ պաշտոնական բանակի: Դատարկ տեղում ինքնապաշտպանություն կազմակերպելն անհնար է. դրա համար քիչ է միայն քաջ ու համարձակ լինելը: Անհրաժեշտ է ունենալ նախապես զենքին ու կարգապահությանը սովոր, կազմակերպված ժողովուրդ:

1914-18թթ. իրականացավ հայ «առաջադիմական» մտքի, գաղութահայ լիբերալիզմի վաղեմի երազանքը՝ «առաջադեմ» մարդկությունը կռվի բռնվեց հետադիմական Թուրքիայի եւ Գերմանիայի դեմ: Հայ ժողովուրդը դարձավ «առաջադեմ մարդկության»՝ Անտանտի հավատարիմ դաշնակիցը: Այդ երազանքը վերածվեց մղձավանջային երազի: Հայ ժողովուրդը բնաջնջվեց եւ կորցրեց իր` հազարամյակներով փայփայված հայրենիքը` ի հատուցում իր առաջնորդների կույր հավատի դեպի «առաջադեմ մարդկությունը» եւ դրա միջամտությամբ ազատագրումը: Այս մղձավանջի մեջ փոքրիկ լուսավոր կետեր կային միայն, որոնք առկայծումն էին հեղափոխական՝ սեփական ուժերի վրա հենվելու գաղափարի: Միայն դրանց շնորհիվ հայ ժողովորդի հատվածները փրկվեցին ոչնչացումից, եւ փրկվելով` հիմք դարձան անկախ հայկական պետության:

Հայաստանի անկախությունը` հեղափոխության եւ ժողովրդական շարժման արդյունք

Ի՞նչ տեղի ունեցավ 1918-ի առաջին կեսին: Մեր պատմագիտությունը Սարդարապատի ճակատամարտը ներկայացնում է իբրև հրաշք: Նահանջող զորքը հանկարծ որոշեց կռվել, բարոյալքված ռուսահայ սպաները հանկարծ առյուծ կտրեցին ու ջարդեցին թուրքերին, ժողովուրդն էլ հանկարծ ուշքի եկավ և կռվի ելավ: Պատմությունը հեքիաթի վերածելով՝ այն զրկում ենք որևէ իմաստ կրելու, կենդանի գիտելիք և փորձ փոխանցելու ներուժից: Սարդարապատը ոչ թե ինքնաբուխ հրաշք էր, երկնքից իջած պարգև կամ ռուսահայ սպայության հանկարծակի արթնացած համարձակության արդյունք, այլ ժողովրդական հեղափոխական կազմակերպման և շարժման հետևանք:

Նույն Արամ Մանուկյանն էր կենտրոնական անձը, ինչպես և 1904-1908 և 1915 թվականներին: Նույն հեղափոխական փորձն ու քաղաքականությունն է գործում: Հիմքում նույն գաղափարաբանությունն է. կռիվ՝ սեփական ուժերով, կռիվ՝ ժողովրդական ինքնակազմակերպմամբ: Այդ թվերին Վանի նախկին կոմիտեն Երևանում էր, և Երևանը դառնում է Հայաստանի փաստացի կենտրոն՝ շնորհիվ Վանի հեղափոխական գաղթական ժողովրդի։

Մայիսյան ճակատամարտերը հետևանք էին նախորդ մի քանի ամսվա հետևողական կազմակերպչական գործի: Վանի Կոմիտեի «Աշխատանք» թերթը 1918-ի գարնանը Երևանի ժողովրդին շարունակաբար քարոզում էր ինքնապաշտպանություն և դիմադրություն: Այս քարոզի շուրջ ծավալվեց ժողովրդական հրապարակային մի շարժում: Մարտ-ապրիլ-մայիս ամիսներին Երևանը դարձել էր հանրահավաքների կենտրոն (դրանք տեղի էին ունենում Անգլիական այգում), որոնց պահանջը առաջխաղացող թուրքերին դիմադրության կազմակերպումն էր: Այս շարժումն իր առաջնորդ ընտրեց Արամ Մանուկյանին: Ժողովրդական այս շարժումը հայ սպայությանը, հայ հոգևորականությանը, նաև՝ տեղական կառավարությանը պարտադրեց դիմադրության քաղաքականություն: Այս շարժման արդյունքն էին Սարդարապատը և Բաշ-Ապարանը: Հայաստանը փրկվեց։ Եվ Հայաստան պետությունը, որն ունենք այսօր, ստեղծվեց այս ժողովրդական շարժման շնորհիվ, որի հիմքն էր 1904-1908թթ. ինքնակազմակերպված Վանի հայ ժողովուրդը: Աշխարհից կտրված, միայնակ մնացած, առաջադեմ մարդկությունից մոռացված հայ ժողովուրդը միմիայն սեփական ուժերի վրա հենվելով նվաճեց իր անկախությունը:

Հետագայում ևս՝ Առաջին հանրապետության օրոք, Վանի և Տարոնի՝ 1904-1908թթ. զինվոր դարձած ժողովուրդն էր Հայաստանի վարած բոլոր փոքր ու մեծ կռիվների առաջնագծում:

Հաղթանակի եւ պարտության ճանապարների միջեւ

Հոդվածս, որն առանց այդ էլ չափից ավելի երկարեց, չեմ ուզում ավարտել այսօրվա հետ անմիջական զուգահեռներով: Կարծում եմ՝ ուշադիր ընթերցողը, որն այս նյութի հասցեատերն է, ինքնուրույն կանի դա: Կարևորը բառացի զուգահեռները չեն, այլ ընդհանուր ուղենիշները:

Որպես նախնական ամփոփում՝ նշենք միայն հետևյալը:

Ինչպես երեկ, այսօր էլ կա երկու ճանապարհ:

Առաջինը հեղափոխությունը որպես վերացական, «համամարդկային» իդեալների ինքնանպատակ հաստատում ընկալելն է, որում կարևոր չէ, թե այդ իդեալները որտեղ են հաստատվում՝ Հայաստանում, Չինաստանում, թե Բրազիլիայում, և որում դոգմաների վերածված իդեալներն ու իդեոլոգիաներն ավելի բարձր են ու կարևոր, քան երկիրը: Այս մոտեցման տեսակետից Հայաստանն ինքնին արժեք չունի. Հայաստանի նոր և հին պատմությունը, հայկական միջավայրը մի մութ ու անարժեք տեղանք են, ուր պետք է դրսից պարտադրվեն «վեհ ճշմարտությունները»: Հայաստանն ընդամենը ևս մի հողակտոր է, ուր առաջադեմ մարդկությունը պետք է տոնի իր հաղթանակը, իսկ առաջադեմ մարդկության լիազոր ներկայացուցիչ էլիտար խմբերը պետք է վերևից իրացնեն իրենց լուսավորչական առաքելությունը:

Երկրորդ ճանապարհը ազգային-հեղափոխականության ճանապարհն է, որի համար գլխավոր արժեքը Հայաստանն է՝ իր ժողովրդով, իր պատմությամբ, և որի համար 2018-ի հեղափոխությունը ևս մեկ դրվագ է հայոց պատմության չընդհատվող շղթայում: Այս մոտեցման տեսակետից քաղաքական միակ և գերագույն նպատակը Հայաստանն է, որը միշտ եղել է և կա, իսկ մնացածը զուտ միջոց է Հայաստանն ուժեղացնելու: Այստեղ գլխավոր հենքն է սեփական ուժերի հանդեպ հավատը և հայ ժողովրդի ինքնակազմակերպումը:

Առաջինը ձախողման ճանապարհն է:

Երկրորդը՝ ազգային-հեղափոխականը՝ հաղթանակի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter