HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դատարանը փոխեց «Սասնա ծռերի» անդամ Մանվել Աթոյանի խափանման միջոց կալանավորումը, իսկ Վարդգես Գեւորգյանինը` թողեց անփոփոխ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ։ Արա Ղարագյոզյանը որպես այլընտրանքային խափանման միջոց ներկայացրել էր 1 մլն դրամ գրավը։ Փաստաբանը նշել էր, որ Մանվել Աթոյանը խնամքի տակ ունի անչափահաս երեխա։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։

Նիստի մեկնարկին դատավորը՝ Արտուշ Գաբրիելյանը, որոշում էր կայացրել փոխել նաեւ Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը եւ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ չհեռանալը։

Միջնորդություն ներկայացրեց նաեւ հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը, որն իր պաշտպանյալ Վարդգես Գեւորգյանի նկատմամբ միջնորդեց խափանման միջոց կալանավորումը վերացնել եւ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել ստորագրությամբ չհեռանալը։

«Ագահ հայրենասերը չի կարող հանցագործություն անել։ Վարդգես Գեւորգյանը առաքելության, համեստությամբ փայլել է, ինքը մեծ ծառայություններ է բերել Հայաստանին»,- ասաց Արմեն Լամբարյանը՝ միանալով ներկայացրած միջնորդությանը։

Դատախազ Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ մարտական ուղին շեշտելով՝ հարցը չի լուծվում, քանի որ Վարդգես Գեւորգյանի տնից հայտնաբերվել են փամփուշտներ եւ թմրամիջոց։ Բացի այդ, նա նաեւ հեռախոսազրույց է ունեցել ՊՊԾ-ում գտնվող Պավել Մանուկյանի հետ։

«Գտնում ենք, որ ստորագրությունը, նաեւ գրավը չի ապահովի նրա ոչ պատշած վարքագիծը, ոչ միայն գործ ունենք դատարան ներկայանալու միջնորդության հետ, այլեւ վարքագծի հետ»,- նշեց մեղադրողը։

«Ես ուզում եմ անդրադառնալ իմ տնից հայտնաբերված իրերին, կա ակտ։ Հրաձգությունն անցկացրել եմ գյուղում, բայց փամփուշտը պիտի հանձնեի, փամփուշտը ինձ մոտ է եղել, իմ արխիվում»,- ասաց Վարդգես Գեւորգյանը, հետո շարունակելով խոսքը` նշեց, որ թմրամիջոցի հետ ինքը առնչություն չունի։ «Ցույց տվեք էդ նարկոտիկը, ցույց տվեք, որ ես կպել եմ, իմ մատնահետքերը կան, ես հանձնել եմ անալիզներ, որ ես մաքուր եմ»,- ասաց Վարդգես Գեւորգյան։

Վարդգես Գևորգյանը

Լրագրողների հետ զրույցում Լյուդվիգ Ավետիսյանն ասաց, որ իր պաշտպանյալը զինվորական ծառայության մեջ է եղել, եղել է սահմանապահ ջոկի հրամանատար. «Երեւանի 70-80 կմ հեռավորության վրա նրան ձերբակալել են՝ զուտ մեկ հեռախոսազրույցի հիման վրա»,- նշեց պաշտպանը։

Դատարանը որոշեց մերժել պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը՝ կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ։

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդեց Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Հովհաննես Վարդանյանի վերաբերյալ անցկացնել դատաբժշկական փորձաքննություն։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter