HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոինտեգրման ճանապարհին

Ա.Հ. Ալեքսանդրյան, Հայաստան 
«Nouvelles d'Armenie Magazine», մեկնաբան 

Հայաստանը եվրոպականացման ձգտումների, անվտանգության աշխարհագրական պարտադրանքների եվ արժեքային համակարգի համապատասխանեցման անհրաժեշտության եռանկյունում 

Եվրոինտեգրումը Հայաստանում հայտարարված է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Հայաստանը 2001 թ. հունվարից Եվրախորհրդի անդամ է (ԵԽ), իսկ 2004 թ. հունիսին Եվրամիության (ԵՄ) կողմից ներառվել է «Ընդլայնված Եվրոպա, նոր հարեւաններ» ծրագրում: Հայ բարձրաստիճան պաշտոնատարները բազմիցս հայտարարել են ապագայում ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու ցանկության մասին: 

 ԵՄ-ը վաղուց այլեւս միայն տնտեսական միություն չէ եւ, անգամ եթե նրան դեռեւս չի հաջողվել ստեղծել անվտանգության եւ պաշտպանության սեփական համակարգ, ունի իր հավաքական շահերը, ԵՄ-ի 25 անդամներից 19-ը ՆԱՏՕ-ի անդամ են: Այս պայմաններում, ցանկացած երկրի համար, եվրոինտեգրման ուղղությամբ ձեռնարկված քայլերին զուգահեռ, տրամաբանական պետք է լիներ անվտանգության երաշխիքները որոնել, առաջին հերթին, եվրոատլանտյան կամ եվրոպական շրջանակներում: Երեւանի իշխանավորները, սակայն, բազմաթիվ առիթներով հայտարարել են, որ Հայաստանը, գոնե առայժմ, իր առաջ չի դրել ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր: Ընդհակառակը, երկրի անվտանգության կապակցությամբ նրանք հայացքն ուղղել են դեպի հյուսիս: Փաստորեն, Երեւանը դեռ անցած դարի 90-ականների սկզբից, այսինքն՝ անկախանալուց քիչ անց, անվտանգության ոլորտում ռազմավարական հարաբերություններ է մշակել Ռուսաստանի հետ: Հայաստանը նաեւ նախկին խորհրդային 6 հանրապետություններից կազմված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է: Հայաստանի եվրոինտեգրման այլ հարցերին անդրադառնալուց առաջ անհրաժեշտ է, ուրեմն, պարզաբանել առաջին հայացքից տարօրինակ այս երեւույթը:

Ապագա պատկանելիության փնտրտուքը` Եվրոպայում, անվտանգության երաշխիքը` Ռուսաստանում 

 Անվտանգության հյուսիսային ընտրությունը պայմանավորվել է աշխարհա-քաղաքական գործոններով, առաջին հերթին՝ ղարաբաղյան հակամարտությամբ եւ Թուրքիայի հետ չլուծված խնդիրների առկայությամբ: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անվտանգության ծրագրերում, «Կենտրոնական Ասիա-Կասպից տարածաշրջան-Թուրքիա» առանցքի հարավկովկասյան հատվածում հատուկ դեր է վերապահված Թուրքիային եւ Ադրբեջանին: Այս պայմաններում, ամբողջությամբ մաս կազմել անվտանգության արեւմտյան համակարգին, նշանակում է Հարավային Կովկասում ընդունել այդ երկու երկրների ռազմավարական դերակատարությունը։ Մի բան, որ Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ: 

 Արեւմուտքը Հայաստանի այս ընտրությունը մինչ օրս շարունակում է ըմբռնումով ընկալել, Երեւանի եւ արեւմտյան մայրաքաղաքների միջեւ բնականոն ձեւով զարգացող հարաբերություններ կան: Ավելին, գիտակցելով Ռուսաստանի ազդեցության հետեւողական թուլացումը, վերջին տարիներին ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանի նկատմամբ ռազմավարական հետաքրքրությունների աճին զուգահեռ, Հայաստանն աստիճանաբար համագործակցություն է զարգացնում անվտանգության արեւմտյան համակարգի հետ: Այս միտումը թելադրվում է նաեւ անվտանգության բնագավառում Ադրբեջանից ու Վրաստանից շատ ետ չմնալու մտահոգությամբ: Հատկապես Ատլանտյան դաշինքի հետ իր հարաբերություններում՝ Հայաստանը ներկայումս քիչ բանով է զիջում իր երկու հարեւաններին, առանց, սակայն, առայժմ այդ դաշինքին միանալու մտադրություն ցուցաբերելու: Սրանով հանդերձ, արեւմուտքի հետ այս համագործակցությունը ռուսականի համեմատ դեռեւս մնում է երկրորդական մակարդակի վրա: «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքն այսօր այլընտրանք չունի»,- 2004 թ. դեկտեմբերին հայտարարեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: 

 Հայաստանի կողմից «փոխլրացման» տերմինով որակված այս քաղաքականության տարբեր շերտերն անվտանգության բնագավառում դեռեւս փոխադարձաբար իրար չեն հակասում: Բայց պատկերը կարող է փոխվել ԱՄՆ-Ռուսաստան կամ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կտրուկ սրացման կամ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ակտիվացման եւ այդ երկրի կողմից գործողություններ ձեռնարկելու պարագայում:

Ներկա փուլում Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքը, ըստ էության, չի հակասում նաեւ Հայաստանի եվրոինտեգրման ձգտումներին, «մանավանդ Ռուսաստանի Դաշնություն-Եվրամիություն մերձեցման պայմաններում», ինչպես արձանագրում էր Ս. Սարգսյանը դեկտեմբերին: Նման հակասություն կարող է առաջանալ Հայաստանի ԵՄ-ին անդամակցության թեկնածության դեպքում։ Մի բան, որը ԵՄ-ի օրակարգում դեռեւս չկա եւ չի նախատեսվում առնվազն մոտ ապագայում: 

Այնուամենայնիվ, մի կողմից՝ ապագա պատկանելիության ու զարգացման մոդելի ռազմավարական ընտրանքի եւ մյուս կողմից՝ անվտանգության համակարգի ընտրության միջեւ առկա ճեղքվածքը, չնայած այն փակելու փորձերին, մնում է փաստ, որը չի կարող հավերժ շարունակվել: 

Համենայն դեպս, նույնիսկ եթե հարթվեն մնացած բոլոր խոչընդոտները, Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի անդամներ չեն դառնա այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը: Իսկ հակամարտության լուծման դեպքում վերացած կլինի մեկը այն գլխավոր գործոններից, որոնք դարձել են նշված ճեղքվածքի պատճառը: 

Քաղաքական դաշտը եւ արտաքին ուղղվածությունը 

 Ինչպիսի՞ դիրքորոշումներ կան Հայաստանի քաղաքական դաշտում ինտեգրման եւ անվտանգության ընտրանքների կապակցությամբ: 

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կան երկու ուղղություններ, որոնց շուրջ քաղաքական դաշտում մեծ տարակարծություններ չկան:

Դրանք են՝ եվրոինտեգրման ընդհանուր սկզբունքը եւ Իրանի հետ հարաբերությունները: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների եւ ուժերի կարեւոր հատվածը կողմնակից են եվրոպական կառույցներում երկրի ինտեգրմանը, չնայած ինտեգրման աստիճանը ճշտելու եւ այն իրագործելու հարցերում կան տարակարծություններ:

Համարյա առանց բացառության, բոլորը համակարծիք են նաեւ անկախությունից հետո Իրանի հետ հաստատված բնականոն եւ բարեկամական հարաբերությունների պահպանման հարցում: Այդ հարաբերությունները չեն ներառում անվտանգության համակարգը:

Իրանը Հայաստանի համար չափազանց կարեւոր հարեւան է, որի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու ռազմավարական արժեքը բազմապատկվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կիրառվող շրջափակման պայմաններում: Հայաստանը չափազանց տհաճ վիճակի կմատնվի, եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասնեն լուրջ առճակատման մակարդակի: 

Բայց Ռուսաստան-Արեւմուտք ուղղությունների կապակցությամբ իշխանությունների դիրքորոշումները քաղաքական դաշտում միանշանակ չեն ընկալվում: Առաջ ե'ւ իշխանամետ, ե'ւ ընդդիմադիր ուժերի շարքերում մեծամասնություն էին կազմում ռուսամետ, երբեմն նույնիսկ անվերապահորեն ռուսամետ ուժերը: Բայց վերջին 1-2 տարիների ընթացքում մի քանի գործոններ ինչ-որ չափով սասանեցին այդ իրավիճակը:

Դեռեւս 2003 թ.-ի ընտրությունների ժամանակ ընդդիմության «անվերապահ ռուսամետ» հատվածի մոտ վրդովմունք էր առաջացրել Ռոբերտ Քոչարյանին՝ Ռուսաստանի կողմից ցուցաբերված պաշտպանությունը: Իշխանամետ եւ ընդդիմադիր ուժեր եւ գործիչներ հիասթափություն եւ վրդովմունք են հայտնում այն իրողության կապակցությամբ, որ տարբեր առիթներով Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իրեն իսկապես որպես ռազմավարական գործընկեր չի դրսեւորում:

Միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հարցի քննարկումների ժամանակ, օրինակ, Ռուսաստանի ներկայացուցիչները ոչ մի անգամ հայկական մոտեցումները չեն պաշտպանել, թեեւ պատահել է, որ պաշտպանեն Ադրբեջանի մոտեցումները:

2004 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, Վրաստանի հետ իր հարաբերությունների «մշակման» փուլում, Ռուսաստանը միակողմանիորեն փակեց Վերին Լարսի սահմանային անցակետը՝ լրիվ անտարբերություն ցուցաբերելով այն իրողության նկատմամբ, որ դրանով ավելի շատ վնաս էր հասցնում Հայաստանին եւ անցակետում խռնված հարյուրավոր հայերին:

Նախկինում, անվտանգության իմաստով, Հայաստանի համար բացի Ռուսաստանից այլընտրանք չտեսնողների համար վերջին ժամանակներում որոշ կասկածներ է հարուցում նաեւ այն փաստը, որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Մոսկվան չի կարողանում պահպանել իր իսկ դիրքերը, իսկ Արեւմուտքը (եւ հատկապես ԱՄՆ-ը) անարգել թափանցում է այդ տարածք:

Այս ամենը բերեց նրան, որ վերջին 1-2 տարում Հայաստանի քաղաքական շրջանակներում Ռուսաստանի նկատմամբ նախկին վստահությունը սասանվեց: Նախկին ընդդիմադիր մի հատվածի մոտ արդեն երեւում են հայացքը արեւմուտք ուղղելու միտումներ («Հանրապետություն» կուսակցության մի թեւը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը): Մյուսները, որոնք դեռ ռուսամետ են մնում, մտքներում ունեն բազմաթիվ հարցականներ: 

Սակայն կան նաեւ փոքրամասնություն կազմող անվերապահորեն արեւմտամետ ուժեր («Հայոց համազգային շարժում», Ազատական առաջադիմական կուսակցություն), որոնք, ընդհակառակը, պնդում են, թե Եվրոպական կառույցներին եւ հատկապես ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրումը սեփական անվտանգությունը լիովին ապահովելու միակ երաշխիքն է:

Նրանք պահանջում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, գտնելով որ Ռուսաստանը պատմականորեն չի երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Եւ քանի որ, միեւնույնն է, արեւմտյան կառույցները մտնում են տարածաշրջան, ապա արագ չշարժվելու պարագայում Հայաստանը լինելու է միակ տուժողը:

Սակայն նույնիսկ ռուսամետի համբավ չվայելող որոշ քաղաքական գործիչներ, որոնցից է Վազգեն Մանուկյանը, առարկում են, թե Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ որդեգրել բացառապես ռուսամետ, բացառապես եվրոպամետ կամ բացառապես ամերիկամետ քաղաքականություն: 

Եվրոինտեգրումը` ռազմավարական ընտրանք 

«Հասկացողության խնդիրները եւ ընկալումների միջեւ տարբերությունները միշտ էլ եղել են, սակայն հիմնականը Կովկասում քաղաքական որոշումներ կայացնողների կարճաժամկետ մոտեցումն է, որոնք ընդհանրապես ցանկանում են ԵՄ-ի հետ հարաբերություններից օգուտներ քաղել նյութական, ֆինանսական կամ քաղաքական վարկանիշերի մակարդակներում:

Եվրոպացիները ցուցաբերում են երկարաժամկետ մոտեցում՝ իսկական քաղաքական եւ տնտեսական փոփոխություն առաջացնելու նպատակով: Թեեւ այս տարբերությունը փոքրանում է, բայց խնդիրը մնում է նույնը՝ միեւնույն ուղղությամբ առաջ գնալու համատեղ ընտրություն կատարելը: Չենք իմանում, թե Հարավային Կովկասի երեք երկրների դեպի Եվրոպա առաջանալու ընտրությունը ճշմարի՞տ է, թե՞ միայն հռետորական»: 

Այս խոսքերը պատկանում են «Միջազգային Ճգնաժամի խմբի» (International Crisis Group) «Կովկաս» ծրագրի նախկին ղեկավար Դամիեն Հելիին: 

Եւ իրոք, ի՞նչ են ակնկալում եվրոինտեգրումից Հարավային Կովկասի երկրները, այս դեպքում՝ Հայաստանը` իր ղեկավարությամբ եւ ժողովրդով: Իսկ ի՞նչ է մեզանից սպասում Եվրոպան: 

Չնայած նեղ շահադիտության մասին արված ակնարկության ճշմարտացիությանը, ինչպես նաեւ պահանջված նույնիսկ տարրական ստանդարտների կիրառումից խուսափելուն կամ թույլ տրված բազմաթիվ խախտումներին, եվրոինտեգրման ձգտումը Հայաստանում, խորքային իմաստով, թելադրված է ռազմավարական լուրջ ակնկալիքներով:

«Եվրոպական բարեկեցիկ կյանքի» առավելությունները ճաշակելու երազանքի կողքին, տնտեսական անսանձ ազատականությամբ ուղեկցվող գլոբալացման ստեղծած անորոշությունների պայմաններում, զարգացած կայունության չհասած Հայաստանի նման երկրներին եվրոինտեգրումը տալիս է համեմատաբար ապահով կայունությամբ օժտված միջավայրում ապրելու հույսը:

Մյուս կողմից, ինչպես նախապես նշվեց, աշխարհաքաղաքական ներկա պայմաններում անվտանգության համակարգի բացառապես արեւմտյան ընտրանքը Հայաստանի ազգային անվտանգության հարցերին լուծում չի բերում: Այնուամենայնիվ, հարեւան երկրների հետ համատեղ ԵՄ-ի անդամակցությունը (եթե, իհարկե, յուրաքանչյուրի այդ ձգտումը իրականություն դառնա), անվտանգության կարեւոր երաշխիք կներկայացնի Հայաստանի համար, որովհետեւ համատեղ անդամակցությունն ամենայն հավանականությամբ կապահովի տարածաշրջանային կայունություն:

Ռազմավարական եւ երկարաժամկետ բնույթի այս ակնկալիքներից բացի, կարճաժամկետ առումով, Եվրոպական կառույցների հետ սերտ հարաբերությունները կարող են մասնավորապես մեծացնել մեկուսացումից խուսափելու, միջազգային կառույցների հետ հաղորդակցությունները բաց պահելու, տնտեսության, գիտության եւ մշակույթի զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ նպաստել Թուրքիայի հետ հարաբերություններում առկա մի շարք հարցերի լուծմանը։

 

ԵՄ-ի անդամակցության կամ ընդհանուր իմաստով եվրոինտեգրման ընձեռած առավելություններից օգտվելու համար, Հայաստանն ու մյուս «ինտեգրվող» երկրները, բնականաբար, պարտավոր են խստորեն կիրառել այդ կառույցների կողմից սահմանված ստանդարտները:

(Բացի ստանդարտների ապահովումից, ԵՄ-ի անդամակցության հնարավորությունը, իհարկե, մեծապես կախված է այդ կազմակերպության՝ իր սահմաններն էլ ավելի ընդլայնելու քաղաքական որոշումից):

Հարաբերությունների սերտացման համար եվրոկառույցների պահանջներն են, ամփոփ. 1) ժողովրդավարության եւ ազատությունների ապահովում, 2) ազատ շուկայական, իսկ ԵՄ-ի պարագայում՝ նաեւ զարգացած տնտեսություն եւ 3) հանդուրժողականություն եւ հակամարտությունների լուծում խաղաղ միջոցներով: 

Այս իմաստով, ԵՄ-ին Հայաստանի ինտեգրվելու ամենաբարդ խոչընդոտներն են ժողովրդավարության ցածր մակարդակը, շուկայական հարաբերությունների ձեւավորումը խոչընդոտող բազմաթիվ խութերի գոյությունը, ինչպես նաեւ տնտեսության զարգացման ցածր մակարդակը եւ ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու իրողությունը:

Հարաբերությունների որակական զարգացումների համար ԵՄ-ի սկզբունքային պահանջներից մեկն էլ Մեծամորի ատոմակայանի փակումն է, որը ներկայումս ապահովում է ՀՀ-ի էլեկտրաէներգիայի մինչեւ 40%-ը: 

Համընկնող եւ վիճելի ստանդարտներ արժեքային համակարգում 

Թվարկված խոչընդոտներով հանդերձ՝ եվրոպական ընտրանքը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար քաղաքակրթական իմաստով ունի առարկայական լուրջ հիմունքներ: Իր էթնո-մշակութային արժեքների համակարգի շատ տարրերով, աշխարհագրական դիրքով (Արեւելք-Արեւմուտք հատման գծում գտնվելու իրողություն), Արեւմուտքի հետ պատմական եւ մշակութային բազում կապերով, քրիստոնեական դավանանքով, ինչպես նաեւ այնտեղ բնակվող մեծաթիվ հայկական սփյուռքի գոյության բերումով, Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ իմաստներով ավելի մոտ են կանգնած եղել եվրոպական արժեքներին, քան շատ ուրիշներ: 

 Այլ գործոններ, այդ իմաստով, ունեցել են զսպիչ ազդեցություն: Սոցիալ-հասարակական հարաբերություններում որոշ պահպանողականության առկայության փաստը, ընտանիքի բարձր արժեւորումը եւ հայ ժողովրդի պատմության մեջ Հայաստանի առաքելական եկեղեցու խաղացած կարեւոր դերակատարությունը՝ մի կողմից, արեւելյան, ռուս-սլավոնական, «կովկասյան» եւ սովետական արժեքների ու բարքերի թողած ազդեցությունը՝ մյուս կողմից, հայ ժողովրդին բնութագրում են արեւմտյան-եվրոպականից տարբերվող առանձնահատկություններով: 

 Մի կարեւոր գործոն, որը որոշակի դժվարություններ է ստեղծում եվրոինտեգրման գործընթացում, եվրոպական որոշ ստանդարտների ընկալման դժվարությունը կամ նույնիսկ միանշանակ մերժումն է հասարակության կարեւոր մի հատվածի եւ քաղաքական դաշտի ոչ-արհամարհելի քանակությամբ ներկայացուցիչների կողմից:

Խոսքը ժողովրդավարության տարրական սկզբունքների մասին չէ, ինչպիսիք են ազատ ընտրությունները, մեծամասնության իշխանության իրավունքը, փոքրամասնության իրավունքների պահպանումը, խոսքի, խղճի, հավաքվելու ազատությունները եւ այլն, որոնք արեւմուտքում արմատավորվել են անցնող ավելի քան երեք դարերի ընթացքում եւ արդեն ստացել են տիեզերական հնչեղություն:

Խոսքն այնպիսի սկզբունքների մասին է, որոնք արեւմտյան Եվրոպայում «ստանդարտացվել» են վերջին 30-35 տարիներին, եւ որոնք ԵԽ-ը եւ հետեւաբար ԵՄ-ը առանց վիճարկելու իրավունքի պահանջում են իրենց անդամներից: 

Այս ստանդարտներից են. մահապատժի վերացումը, որը մինչեւ 1980-ականների սկզբները կիրառվում էր բազմաթիվ եվրոպական երկրներում եւ դեռեւս կիրառվում է ԱՄՆ-ում, միասեռականության ապաքրեականացումը (որը Անգլիայում եւ Ուելսում ուժի մեջ է մտել 1967-ին, իսկ Իռլանդիայի Հանրապետությունում՝ միայն 1993-ին) եւ որոշակի հատվածների կողմից «վտանգավոր» որակված կրոնական կազմակերպությունների ազատ գրանցումն ու գործունեությունը: 

 Այս կատեգորիայի ստանդարտները հասարակության որոշ հատված Հայաստանի պայմանների համար «էկզոտիկ» է համարում այն առումով, որ դրանք թելադրվում են այնպիսի հասարակությունների նկատմամբ, որտեղ շատ դեպքերում չեն հարգվում արեւմուտքում վաղուց արդեն ինքնըստինքյան հասկանալի համարվող մի շարք շատ տարրական իրավունքներ, ինչպես կյանքի նվազագույն մակարդակի եւ կրթության իրավունքները: 

Վերջում՝ հասարակական կարծիքի ուսումնասիրության որոշ տվյալներ Հայաստանի ԵՄ-ի անդամակցության հարցի կապակցությամբ: 

 Ըստ 2004 թ. վերջին Ռազմավարական եւ Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի (ՌԱՀՀԿ) անցկացրած հարցախույզի արդյունքների՝ ամբողջ Հայաստանի տարածքում հարցված մոտ 2000 քաղաքացիների 64%-ը կողմ է արտահայտվել Հայաստանի ԵՄ-ի անդամակցությանը, 11,8%-ը՝ դեմ, մինչ 24,2%-ը դժվարացել է կողմնորոշվել: Հարցվածների 29,4%-ը անդամակցությունից առաջին հերթին ակնկալում է տնտեսական իրավիճակի բարելավում, 16,7%-ը՝ ղարաբաղյան հարցի արդար լուծում, իսկ 7,3%-ը՝ ազգային անվտանգության մակարդակի բարելավում: 30%-ը մտահոգություն է հայտնում ԵՄ-ի անդամակցության արդյունքում ազգային ինքնության եւ պետականության ատրիբուտները կորցնելու կապակցությամբ, 52,9%-ը նման մտահոգություն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter