
Մասիսի քաղաքապետը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել իր օգնականի հոր հետ
Հունիսի 1-ը նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Մասիսի քաղաքապետարանը տոնին նվիրված միջոցառման կազմակերպման համար նախատեսում է ձևավորել այգին՝ փուչիկներով , խաղալիքներով, ժապավեններով: Այդ նպատակով քաղաքապետարանի՝ ի դեմս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և անհատ ձեռնարկատեր Վարդան Ղուկասյանի միջև, մայիսի 29-ին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Այդ պայմանագրի շրջանակներում միջոցառման կազմակերպման նպատակով պետք է ձեռք բերվեն նաև ձայնային տեխնիկա՝ բարձրախոսներ, օդային նկարահանում, տեսահոլովակի պատրաստում և այլն:
Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 850 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ պայմանագրի կողմ հանդիսացող Վարդան Ղուկասյանը Մասիսի քաղաքապետի օգնական Էդգար Ղուկասյանի հայրն է: Այսինքն՝ քաղաքապետը պայմանագիր է կնքել օգնականի հոր հետ:
Նշենք, որ Էդգար Ղուկասյանը Մասիսի քաղաքապետի օգնականն է դարձել 2016թ. դեկտեմբերի 1-ին:
Քաղաքապետի օգնականի հայր Վարդան Ղուկասյանը Մասիսի քաղաքապետարանին ծառայություններ է մատուցել նաև մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առթիվ: Այդ օրը, ըստ կնքված պայմանագրի, ԱՁ Վարդան Ղուկասյանը պետք է ձեռք բերեր լայնաֆորմատ տպագրություն՝ քառօրյա պատերազմին զոհված տղաների նկարներով: Բացի այդ, համերգային ծրագրի համար վարձակալեր հնչյունային տեխնիկա, ինչպես նաև իրականացներ նկարահանում: Այս պայմանագիրը կնքվել է մայիսի 25-ին, որի գինը կազմել է 750 հազար դրամ:
Պարզվում է Վարդան Ղուկասյանը նաև համակարգչային սարքավորումների ընթացիկ նորոգման ծառայություններ է մատուցել Մասիսի քաղաքապետարանին: Մասնավորապես՝ հունվարի 24-ին քաղաքապետ Համբարձումյանի և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքվել է պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 500 հազար դրամ:
Նշենք, որ համակարգչային սարքավորումների ընթացիկ նորոգման ծառայություններ մատուցելու պայմանագրում, թեև նշված է քաղաքապետի անունը, սակայն ստորագրությունն ակնհայտ տարբերվում է մյուս պայմանագրերի ստորագրություններից:
Ընդհանուր առմամբ Մասիսի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում 2 մլն 100 հազար դրամի պայմանագիր է կնքել քաղաքապետի օգնականի հոր հետ:
Lուսանկարում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել