HY RU EN

Դիանա Ղազարյան

Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը կներմուծի տրիկոտաժե գործվածքներ՝ մաքսատուրքի վճարից ազատվելով

Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց արտոնություն տրամադրել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը: Մասնավորապես, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի առաջարկով՝ կառավարությունը որոշեց փոփոխություն կատարել ապրիլի 5-ին ընդունած որոշումում և ընկերությանը թույլատրել Թուրքիայից և Ուզբեկստանից տրիկոտաժե գործվածքներ ներմուծել Հայաստան՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով: Որոշման նախագծում ասվում է, որ ապրանքների ներմուծման ժամանակ ծածկագրի և ապրանքի նույնականացման խնդիր է առաջացել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է փոփոխություն կատարել ապրիլի 5-ին ընդունած որոշումում:

Բացի դրանից, կառավարության ներկայացված որոշման նախագծում նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է «Ալեքս Տեքստիլ»-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին կառավարությունը  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանը հարկային արտոնություն էր տվել՝ «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը թույլատրելով Հայաստան ներմուծել թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով։

Հավելենք, որ օրեր առաջ ազգային անվտանգության ծառայությունը պարզել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

ԱԱԾ տվյալներով՝ «Ալեքս Հոլդինգ»-ի ղեկավար կազմը, մինչև 2018 թ. հունվարից մինչև մայիս ամիսը ներառյալ, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել է 461 ԱՁ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:

Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել է առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։