HY RU EN

Դիանա Ղազարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը պարտվել է

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է «Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Որպես փոխհատուցում դիմումատուին պետք է վճարի 865 եվրոյին համարժեք դրամ` որպես արդարացի հատուցում: Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց, որ այդ գումարը արդարադատության նախարարությանը կհատկացնի իր պահուստային ֆոնդից:

Այս գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ապրիլի 5-ին և հատուցման գումարի վճարման վերջնաժամկետ սահմանել մինչ հուլիսի 5-ը:

Գործի փաստական հանգամանքները

2004 թվականի դեկտեմբերի 30-ին քննիչը որոշել է դիմումատուի կողմից ենթադրաբար վաշխառություն կատարելու փաստի առնչությամբ քրեական գործ հարուցել։

2005 թվականի հունիսի 20-ին դիմումատուին արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել՝ որպես արհեստ վաշխառություն կատարելու համար, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ։ Ամիսներ անց քննիչը դիմումատուին ևս մեկ մեղադրանք է առաջադրել՝ խարդախությամբ գույք ձեռք բերելու առնչությամբ։

2006 թվականի մարտի 7-ին քննիչը որոշել է փոփոխել դիմումատուին առաջադրված մեղադրանքը, նոր մեղադրանք առաջադրել ապացույցներ կեղծելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, որպես արհեստ վաշխառություն կատարելու մասով, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ:

Վարչական շրջանի դատարանի որոշմամբ՝ գործով դատաքննություն է նշանակել: 2006 թվականի օգոստոսի 25-ից մինչև 2007 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում դատարանը նշանակել է 12 նիստ, որոնք հետաձգվել են տուժողների և (կամ) վկաների բացակայության պատճառով։ Բացի այդ, տասը նիստերը հետաձգվել են դատախազի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, իսկ ինը դեպքերում՝ դիմումատուի միջնորդությունները բավարարելու արդյունքում։ Դեպքերից երեքում դատարանը որոշում է կայացրել դատարան չներկայացած տուժողներին և (կամ) վկաներին բերման ենթարկելու մասին։

Արդեն 2007 թվականի հոկտեմբերի 15-ին դիմումատուի գործը քննող դատավորի լիազորությունները կասեցվել են, և մեկ այլ դատավոր է գործը վարույթ ընդունել, գործի քննությունը վերսկսել։

Նույն տարվա նոյեմբերի 21-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում դատարանը նշանակել է 40 նիստ: Դրանք հետաձգվել են դիմումատուի կամ նրա փաստաբանի բացակայության պատճառով, նրանց կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա։ Բացի այդ, դեպքերից 35-ում նիստերը հետաձգվել են տուժողների կամ վկաների բացակայության պատճառով, նրանց կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա: 32 նիստ էլ հետաձգվել է դատախազի միջնորդությունները բավարարվելու պատճառով կամ էլ դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշել է հետաձգել գործի քննությունը։ Դեպքերից հինգում դատարանը նիստին չներկայացած տուժողներին և վկաներին բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել։

2009 թվականի օգոստոսի 28-ին և 2010 թվականի հոկտեմբերի 12-ին դատախազը որոշել է մեղադրանքը փոփոխել և (կամ) դիմումատուին նոր մեղադրանքներ առաջադրել:

Արդեն 2011 թվականի հունվարի 31-ին Վարչական շրջանի դատարանի որոշմամբ՝ դիմումատուն մեղավոր է ճանաչել խարդախության, շորթման, վաշխառության, ապացույցները կեղծելու համար և դատապարտել է նրան ինը տարի ժամկետով ազատազրկման:

Դիմումատուն և դատախազը բողոքարկել են այս դատավճիռը։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքները և Վարչական շրջանի դատարանի դատավճիռը թողել անփոփոխ: Դիմումատուի փաստաբանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը մերժվել է՝ հիմքերի բացակայության պատճառով:

Ինչ է արձանագրել ՄԻԵԴ-ը

Դիմումատուն պնդել է, որ իր բոլոր միջնորդությունները ներկայացվել են բարեխղճորեն, և որ դրանց կեսն առնչվել է արդար դատաքննության իր իրավունքը երաշխավորելուն։

Եվրոպական դատարանը նշել է, որ այս գործով մինչդատական վարույթի փուլը, ինչպես նաև բողոքարկման փուլը միանգամայն արագ են ավարտվել, սակայն Վարչական շրջանի դատարանում դատական քննության փուլը տևել է մոտավորապես չորս ու կես տարի։ ՄԻԵԴ-ի հաղորդմամբ՝ գործի քննությունը հետաձգվել է 136 անգամ, մեկ տարի և երեք ամիս տևողությամբ դատական քննությունից հետո վարույթը վերսկսվել է, և մեղադրանքները փոփոխվել են կամ նորերն են առաջադրվել վարույթի այդ փուլում։

ՄԻԵԴ-ի եզրակացությամբ՝ Վարչական շրջանի լիազորությունների շրջանակում էր բոլոր կողմերի ներկայությունը դատական նիստերին պատշաճ կերպով ապահովելը: Դատարանը նաև նշել է, որ պայմանավորվող պետությունները պետք է իրենց դատական համակարգը կազմակերպեն այնպես, որ դատարանները կարողանան բավարարել սահմանված «ողջամիտ ժամկետի» պահանջը:

«Ավելին, նույնիսկ եթե գործը որոշակիորեն բարդ է եղել չափազանց մեծ ծավալի և ներգրավված տուժողների ու վկաների թվի պատճառով, չի կարելի ասել, որ սրանով արդարացվում է վարույթի ամբողջ տևողությունը»,- եզրակացրել է ՄԻԵԴ-ը՝ արձանագրելով, որ այս գործում վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։