HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իսպանիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Մարիանո Ռախոյին և ընտրել նոր վարչապետ

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հրաժարական է տվել՝ կապված խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ: Երկրի խորհրդարանի ստորին պալատը անվստահություն է հայտնել Ռախոյին: Քվեարկության ժամանակ 350 պատգամավորներից 180-ը կողմ են քվեարկել վարչապետին անվստահություն հայտնելու նախագծին, այս մասին հաղորդում է РБК-ն:

Նախագծում խորհրդարանականները առաջադրել են նաև նոր վարչապետի թեկնածուին: Ըստ այդմ՝ Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է ընդդիմադիր Սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ, 46-ամյա Պեդրո Սանչեսը:


Պեդրո Սանչեսը / © Angel Navarrete / Bloomberg

Ռախոյին անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնել էր նույն Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը՝ մայիսի 25-ին, այն բանից հետո, երբ Իսպանիայի ազգային դատարանը որոշում էր կայացրել «Գյուրտելի գործով»: Դատական գործը կապված էր գործարարների կողմից մինչև այժմ իշխող Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին կաշառելու հետ: Գործի հետաքննությունը սկսվել էր 2009 թվականից: Ըստ Publico պարբերականի՝ պետությանը հասցվել էր 120 միլիոն եվրոյի վնաս:

Գործի անվանումը կապված է այդ պատմության գլխավոր գործող անձանցից մեկի՝ Ֆրանցիսկո Կորեայի հետ, ով միջնորդի դեր է ստանձնել գործարարների և կուսակցական վերնախավի ներկայացուցիչների միջև: Correa իսպաներեն նշանակում է «գոտի», իսկ գերմաներենով հնչում է Gürtel: Իսպանիայի ազգային դատարանը գործով վճիռը կայացրել է մայիսի 24-ին և 37 մեղադրյալներից 29-ին դատապարտել է ազատազրկման՝ տարբեր ժամկետներով:

Գործով անցնող մյուս գլխավոր անձանցից Լուիս Բարսենասը, ով եղել է Ժողովրդական կուսակցության գանձապետը և Ռախոյի մտերիմ թիմակիցը, դատապարտվել է 33 տարվա ազատազրկման և 44 մլն եվրո տուգանքի:

63-ամյա Մարիանո Ռախոյը Իսպանիայի կառավարությունը գլխավորում էր 2011 թվականի դեկտեմբերից: 2016 թվականի ընտրություններից հետո Ռախոյը ղեկավարում էր կառավարությունը՝ չունենալով կայուն մեծամասնություն: Խորհրդարանի ստորին պալատի 350 մանդատներից միայն 134-ն է պատկանում Ռախոյի Ժողովրդական կուսակցությանը:

Առաջին լուսանկարում՝ Մարիանո Ռախոյը / © Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter