HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի երկնքում տեղաշարժեր են սպասվում

Այս ամիս հայկական քաղավիացիայում որոշակի տեղաշարժեր են սպասվում:

Հունիս-հուլիսին նախատեսվում է ավարտել Կապանի «Սյունիք» օդանավակայանի շինարարությունը: Ապրիլին անդրադարձել ենք դրա ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաեւ «L-410» ինքնաթիռին, որն արդեն ներկվել է նոր օպերատորի գույներով եւ ստացել «Համո Սահյան» անունը: Հայտնի է, որ դրա շահագործողը լինելու է «Atlantis»-ը: Օդանավը, համաձայն ՔԱԳՎ կայքի, առայժմ չի մտցվել հայկական ռեեստր, այսինքն՝ դեռ չունի հայկական գրանցում: Հիշեցնենք, որ 19 հոգու համար նախատեսված ինքնաթիռը օդուղով իրար է կապելու Կապանն ու Երեւանը, ինչը նշանակում է հայկական ներքին ավիացիայի վերածնունդ 1990-ականներից ի վեր:

Մի քանի խոսք «Atlantis European Airways»-ի մասին: Ընկերությունը, ինչպես գրել ենք, ունի 2 հատ «Airbus A320», որոնք, սակայն, վարձակալության են տրված օտարերկրյա շահագործողների: 2017-ի մայիսին «Atlantis»-ի EK-32002-ը հանձնվել էր մոլդովական «Fly One» ընկերությանը: Այդ ընթացքում՝ անցյալ տարվա հուլիսին, ինքնաթիռը տհաճ պատմության մեջ էր հայտնել Հերակլիոն-Քիշնեւ թռիչքի ժամանակ. տեխնիկական խնդրի պատճառով այն վերադարձել էր Կրետե: 2017-ի նոյեմբերին հայկական օպերատորն այս օդանավը կրկին վարձակալական հիմունքներով փոխանցեց հունական «Ellinair»-ին, որը շահագործում է մինչ օրս:  

Ընկերության մյուս օդանավը՝ EK-32008-ը, որը 2003-ից ի վեր հայկական գրանցում ունի, 2016-2017 թթ. շահագործում էր նույն «Fly One»-ը: 2017-ի վերջից մինչեւ այս տարվա գարուն օդանավը չէր շահագործվում: Նոր գույներով ներկվելուց հետո վերջերս այն նույնպես վարձակալության է տրվել հունական «Ellinair»-ին: Այսպիսով՝ «Atlantis»-ի «A320»-ները մոլդովական խոպանը փոխարինել են հունականով:

Հիշեցնենք, որ «Ellinair»-ը հիմնադրվել է 2013-ին որպես «Mouzenidis Group»-ի բաղկացուցիչ: Այն ստեղծվել է առաջին հերթին Ռուսաստանից եւ Ուկրաինայից Հունաստան ժամանող տուրիստներին սպասարկելու համար: Այս պահին երկու հայկական օդանավերը կապ են ապահովում Մոսկվայի ու հունական քաղաքների միջեւ: Հավելենք, որ եթե EK-32002-ի սեփականատերը կիպրոսյան «Arolova Enterprises Limited»-ն է, ապա EK-32008-ը պատկանում է հայկական «Յունիբանկին»:

Առեւտրային կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտեր) թռիչքներ իրականացնելու համար ավիաընկերությունները պետք է ունենան օդանավ շահագործողի վկայական: Այսօր ՀՀ-ում ՕՇՎ ունի 5 ընկերություն՝ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Արմենիա Էյրվեյզ», «Մարս Ավիա», «Տարոն-Ավիա»: Սրանցից առաջինը ներկայում միակն է, որ կանոնավոր թռիչքներ է կատարում ՀՀ-ից եւ դեպի ՀՀ, «Մարս Ավիայի» ու «Տարոն-Ավիայի» օդանավերը Աֆրիկայում իրականացնում են համապատասխանաբար բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ, «Atlantis»-ին էլ վերն անդրադարձանք:

Չի բացառվում, որ շուտով Հայաստանի երկնքում օպերատորների թիվն աճի. բացի «Atlantis»-ի Կապան-Երեւան-Կապան թռիչքներից՝ հավանական է, որ տեսնենք նաեւ միջազգային չվերթներ: Խոսքը «Արմենիա Էյրվեյզի» եւ «Տարոն-Ավիայի» մասին է, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Լուսանկարում՝ EK-32008-ը՝ Աթենքի երկնքում (12.05.2018)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter