
Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի Ամուլսարի ճանապարհը փակած ցուցարարներին
Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչները երկու օր է՝ կրկին փակել են Ամուլսարի հանք տանող ճանապահները: Վայոց ձորի մարզի բնակիչները դեմ են Ամուլսարի շինարարական աշխատանքների շարունակմանը:
«Հետք»-ի հետ զրույցում Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը հայտնեց, որ ցուցարարներն այսօր հեռախոսազանգ են ստացել Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից, ով առաջարկել է բացել հանք տանող ճանապարհները և գալ Երևան՝ հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ցուցարարները քննարկել են ոստիկանապետի առաջարկը և քիչ առաջ որոշել, որ հանք տանող ճանապարհը կշարունակեն փակ պահել, իսկ 10-15 հոգանոց խմբով կգան Փաշինյանի հետ հանդիպման:
Վազգեն Գալստյանի փոխանցմամբ՝ առավոտից հանք տանող ճանապարհի երկայնքով հսկողություն են իրականացնում ոստիկանները: Ցուցարարների հետ հանդիպման են եկել նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետն ու տեղակալները, ովքեր ևս ցուցարարներին հորդորել են բացել հանք տանող ճանապարհները, սակայն վերջիններս հրաժարվել են: Նրանց հետ հանդիպումից հետո ցուցարարները արդեն հեռախոսազանգ և հանդիպման առաջարկ են ստացել ոստիկանապետ Օսիպյանից:
Վազգենի խոսքով՝ արդեն երկրորդ օրն է՝ 7-8 հոգանոց խմբով ցուցարարները հերթափոխով հսկում են Ամուլսարի հանք տանող 4 ճանապարհները: Ջերմուկցիները 10 օր առաջ կրկին 4 օրով փակել էին հանք տանող ճանապարհները, սակայն վարչապետ Փաշինյանի հորդորով բացել էին: Այս օրերին կառավարությունից համապատասխան արձագանք չստանալով՝ երկու օր առաջ ջերմուկցիներն ու հարակից գյուղերի բնակիչները վերսկսեցին իրենց բողոքի ակցիաները: «Բանվորները չեն կարողանում մուտք գործել հանքի տարածք, քանի որ ճանապարհները փակ են»,- նշեց Վազգեն Գալստյանը:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին հանդիպել էր Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիներին, որից հետո քաղաքացիները որոշել էին դադարեցնել բողոքի գործողությունները:
«Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում: Թափանցիկ և համալիր փորձաքննություններ իրականացնելու վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ձեռնարկվում են աշխատանքներ: Այս մասին նույնպես զրուցել ենք քաղաքացիների հետ»,- ասել էր Տիգրան Ավինյանը:
Լուսանկարները տրամադրել է Վազգեն Գալստյանը
Մեկնաբանել