HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ կշիռ ունեն սուպերմարկետները մանրածախ առևտրում

Հայաստանի սուպերմարկետներում վերջին օրերին տեղի ունեցող գնային կտրուկ տատանումները, մասնավորապես՝ մսի և բանջարեղենի մասով, նկատեցին և արձանագրեցին շատերը։ Հատկապես Երևանում ապրողների համար դա առավել ակնհայտ էր, քանի որ ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները՝ մեծ խանութները «կլանում» են մայրաքաղաքում կատավող մանրածախ առևտրի շուրջ կեսը։ Առհասարակ, Հայաստանում մանրածախ առևտրի ամենամեծ ծավալը բաժին է ընկնում առավել մեծ խանութներին, սուպերմարկետներին։

Հայաստանի վիճակագրական կոմիտեն (նախկինում՝ Ազգային վիճակագրական ծառայություն) տարեկան կտրվածքով հրապարակում է երկրում կատարվող մանրածախ առևտրի ծավալները՝ ըստ մայրաքաղաքի և մարզերի, ըստ առևտրի օբյեկտների տեսակների, ըստ աշխատողների թվաքանակի և այլն։

Այսպես, ըստ  վիճկոմիտեի, 2017 թվականին Հայաստանում մանրածախ առևտրի ծավալները կազմել են մոտ 1.336 տրլն դրամ։ Դա զբաղեցնում է ամբողջ առևտրաշրջանառության 51.2%-ը։ Համեմատության համար՝ մեծածախ առևտրին է բաժին ընկել ընդհանուր առևտրաշրջանառության 44.3%-ը։

2016 թվականի համեմատ 2017-ին մանրածախ առևտրի ծավալներն աճել են 5.5%-ով։

Մանրածախ առևտրի առյուծի բաժինն ապահովում է Երևանը՝ 74.5%-ը։ Մնացածը 10 մարզերն են՝ միասին, որոնցից առավել «ակտիվ» եռյակն են կազմում Կոտայքը (4.6%-ը), Շիրակն (4.1%-ը) ու Արարատը (3.3%-ը)։

Մանրածախ առևտրի մոտ 80%-ն ապահովում են խանութները, մնացածը՝ շուկաները, կրպակները և այլն (տե՛ս ինֆոգրաֆիկան)։  

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում նույնիսկ սուպերմարկետները չեն համարվում խոշոր խանութներ

Վիճկոմիտեի տվյալներով՝ Հայասանում խոշոր խանութներ չկան, քանի որ կոմիտեի վիճակագրական մեթոդաբանությամբ խոշոր են համարվում այն խանութները, որոնք ունեն 250 և ավելի աշխատողներ։ Իսկ այդպիսիք, պարզվում է` Հայաստանում չկան պաշտոնական տվյալներով։

Մինչև 9 աշխատող ունեցող խանութները կոմիտեն դասակարգում է որպես գերփոքր, 10-49 աշխատող ունեցողները՝ փոքր, 50-249 աշխատող ունեցողները՝ միջին։ Եվ այս տրամաբանությամբ, Հայաստանի խանութների կազմում, ըստ առևտրաշրջանառության ծավալների, ամենամեծ տեսակարար կշիռն ունեն միջին խանութները, ամենափոքրը՝ փոքր խանութները։

Մասնավորապես, 2017 թվականին 50-249 աշխատող ունցեղ խանութները գրանցել են մոտ 429 մլն դրամի առևտուր, որը  խանութների ընդհանուր առևտրաշրջանառության 40.3%-ն է։ Բոլորովին բացառված չէ, որ մեզ հայտնի մեծ սուպերմարկետները վիճակագրորեն չեն համարվում խոշոր խանութներ, քանի որ իրականում աշխատակիցների մի մասը գրանցված աշխատողներ չեն, այսինքն՝ փաստաթղթերում նրանք որպես աշխատող հաշվարկված չեն։ Ամեն դեպքում, հասկանալի է, որ միջին համարվող խանութներ ասելով՝ մեծամասամբ պետք է նկատի ունենալ հենց սուպերմարկետները։ Հատկապես Երևանի պարագայում այդ խանութների  կշիռը մեծ է։

Նշենք, որ 2017 թվականի տարեկան տվյալներով մինչև 9 աշխատակից ունեցող խանութները զբաղեցնում են խանութների միջոցով իրականացվող առևտրի 32.4%-ը, իսկ 10-49 աշխատակից ունեցողները՝ 27.3%-ը։

Պատրաստված է infogram.com-ով

Ի դեպ, խանութների այս նոր դասակարգումը՝ գերփոքր, փոքր, միջին ու խոշոր, վիճակագրական կոմիտեն 2016 թվականից է կիրառում։ Իսկ մինչև այդ, օրինակ, 2015 թվականի տարեկան զեկույցում կարդում ենք, որ 31 և ավելի աշխատող ունեցող խանութները համարվում են խոշոր խանութներ։

Համենայնդեպս, նույնիսկ այսօրվա վիճակագրությունն է ցույց տալիս, որ խանութների կազմում գերիշխում են մեծ խանութները։ Այդ պատճառով սուպերմարկետներում գնային տատանումներն այդչափ զգալի են հասարակության համար։

Օրինակ, Երևանում խանութների առևտրի 47.5%-ը կատարվում են 50-249 աշխատող ունեցող խանութներում, 25.4%-ը՝ 10-49 աշխատակից ունեցողներում, իսկ 27.1%-ը՝ գերփոքր խանութներում (մինչև 9  աշխատակից):

Մարզերի պարագայում պատկերն այլ է։ Առավել մեծ կշիռ ունեն փոքր և գերփոքր խանութները։ Օրինակ Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում և այլն, ոչ մի խանութի աշխատողների թիվը չի գերազանցում 49-ը։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 50-249 աշխատող ունեցող խանութներ կան միայն Շիրակում, Լոռիում և Արարատում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հունիսի 4-ին պարզաբանում է ներկայացրել որոշ ապրանքների գների փոփոխության վերաբերյալ։ Այդ տեքստում հանձնաժողովը գրել է. « ... Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետները («Ալեքս Հոլդինգ», «Նոր Զովք», «Սաս-Գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ») միասին զբաղեցնում են ընդհանուր մանրածախ առևտրի 15 տոկոսը: Բացի այդ, հարկ է նաև նշել, որ մանրածախ առևտրով զբաղվում են  հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն, մանրածախ առևտրի օբյեկտների քանակը կազմել է 17.223 (առանց վառելիքի իրացման գործունեության), մինչդեռ 5 առաջատար ցանցային սուպերմարկետներին պատկանող առևտրի օբյեկտների ընդհանուր քանակը 82 է»:

Թվային այլ ցուցանիշներ ՏՄՊՊՀ-ն չի ներկայացրել։ Հետևաբար պարզ չէ, թե որ ժամանակահատվածի կտրվածքով են 5 սուպերմարկետները զբաղեցրել մանրածախ առևտրի 15%-ը, և որքան է դա կազմել դրամով։ Սակայն այն, որ ՏՄՊՊՀ-ն շեշտադրում է առևտրային օբյեկտների քանակը, առնվազն մանիպուլյացիա է, քանի որ քանակով դեռևս չի որոշվում սուպերմարկետների դերը առևտրում։ Մեկ սուպերմարկետը (ոչ թե ամբողջ ցանցը, այլ մեկ առևտրային օբյեկտը) կարող է մի քանի կամ նույնիսկ մի քանի տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի մեծ շրջանառություն ունենալ, քան ասենք 10-20 փոքր խանութ` միասին։ ՏՄՊՊՀ-ն այն պատասխանատու կառույցն է, որը նման իրավիճակներում պարտավոր է հստակ ու հնարավորինս պարզ ինֆորմացիա ներկայացնել նույն սուպերմարկետների դիրքի ու զբաղեցրած կշռի վերաբերյալ, սակայն տեսնում ենք, որ միայն աղոտ տվյալներ են ներկայացվում։

Մեկնաբանություններ (1)

Արշավիր
Հասարակության ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ հանգամանքների վրա. 1. ՏՄՊՊՀ-ն չի անդրադառնում հակամրցակցային համաձայնությանը, թեև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով վերը նշված պայմանավորվածությունն ինքնին հակամրցային համաձայնություն է. 2. Անդրադարձ չի կատարվում անբարեխիղճ մրցակցությանը (օրենքի 14-րդ հոդված), թեև սպառողները մոլորվել են այնքանով, որ մտածել են, թե առևտուր են կատարում որևէ լոգոյի տակ գործող սուպերմարկետից, այնինչ առևտուր են իրականացրել ինչ-որ անծանոթ ԱՁ-երից: 3. Անդրադարձ չի կատարվում պաշտոնատար անձանց գործողություններին, թեև օրենքի 16.3-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում նաև պաշտոնատար անձանց հակամրցակցային գործելաոճի համար: Հ.Գ. Նշվածը միայն ՏՄՊՊՀ հակաօրինական գործելաոճի հպանցիկ հիմնավորումն է, իրականում իրավական հիմնավորումներն ավելի շատ են: ՏՄՊՊՀ-ն ապացուցում է, որ շարունակում է իր շոու բիզնեսին հարող, ժողովրդի երեսին թոզ փչող քաղաքականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter