HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանը եւս ազատվեց կալանքից

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստը։

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ իր պաշտպանյալ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Ըստ հանրային պաշտպանի՝ իր պաշտպանյալն արդարացի պայքար է մղել նախկին իշխանությունների դեմ։ Անուշ Մխիթարյանը հայտնեց, որ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը վերացնելուց կամ փոփոխելուց հետո չի խուսափի նիստին ներկայանալ։ Նշեց նաեւ, որ ներկայացնում է գրություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ.

«Հովհաննես Վարդանյանի մոտ առկա է քրոնիկական բրոնխիտ և պարբերական (երևանյան) հիվանդություն, որի պատճառով նա հաճախակի նոպաների մեջ է հայտնվում։ Վերացել են նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց թողնելու հիմքերը»,- հավելեց պաշտպանը։

Անուշ Մխիթարյանը նշեց, որ միջնորդում է կալանավորումը վերացնել կամ փոխարինել այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրությամբ կամ գրավով։ Անուշ Մխիթարյանը նշեց նաեւ, որ գրավ ընտրելիս դատավորը պետք է հաշվի առնի Հայաստանում հաստատված նվազագույն աշխատավարձի չափը, հիշեցրեց , որ Կարո Եղնուկյանի համար որպես գրավ է ընտրվել 10 մլն դրամը։

Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց որոշումը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ Հովհաննես Վարդանյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինեց ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցով։

Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ՝ այսօր կալանքից ազատեց նաեւ Տիգրան Սարգսյանին՝ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինելով ստորագրությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter