HY RU EN

«Վեոլիա Ջուրը» սպասարկում է 355 բնակավայր. խմելաջուր չունեցող 580 բնակավայրերի հարցն առկախ է

2017-ի ամռանը ջրային տնտեսության պետական կոմիտեի այն ժամանակվա նախագահ Արսեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի 580 բնակավայրերում խմելու ջրի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է 270-300 մլն եվրո: Պաշտոնյան նշել էր, թե նպատակ ունեն խնդիրը լուծել փուլ առ փուլ՝ պետության, «Վեոլիա Ջուր» օպերատորի, համայնքների և արտասահմանյան դոնորների համաֆինանսավորմամբ:

Նշենք, որ հանրապետության ոչ բոլոր բնակավայրերն են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման ներքո: Օպերատորին վերջերս հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ընկերությունն ինչ ծրագրեր ունի խմելաջուր չունեցող բնակավայրերում ջրամատակարարում ապահովելու համար:

«Վեոլիա Ջուրը» հայտնել է, որ վարձակալության պայմանագրով ինքը սպասարկում է Երևանը, 41 այլ քաղաք և 313 գյուղ, ընդհանուր՝ 355 բնակավայր:

«Հանրապետության մյուս բնակավայրերի ջրամատակարարման համար մեր ընկերությունը պատասխանատվություն չի կրում: Դա Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառույցների գործառույթն է: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ թերևս բոլոր բնակավայրերն էլ ունեն ջրմուղ համակարգեր, սակայն դրանց շահագործմամբ և զարգացմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները»,- նշված է ընկերության պատասխանի մեջ:

Միաժամանակ «Վեոլիա Ջրին» հարցրել էինք, թե 2017 թ. և 2018-ի անցած ժամանակահատվածում խմելու ջուր չունեցող քանի համայնք է դիմել ընկերությանը՝ ջրով ապահովելու համար, այսինքն՝ այդպիսի քանի համայնք է ցանկացել մտնել օպերատորի սպասարկման տարածք:  

Ընկերությունը նշել է, որ, անշուշտ, որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում իր սպասարկման տարածքի ընդլայնմանը, ինչը նաև ամրագրված է վարձակալության պայմանագրում: 2017-ին, ըստ օպերատորի, իր համակարգում ներառվել է Արարատի մարզի Ազատաշեն գյուղը:

«Սակայն տեղական բաշխիչ ցանցերի վարձակալությունը պատասխանատու և լուրջ գործ է: Այն պահանջում է թե՛ համապատասպան իրավական հիմքեր և թե՛ նոր ներդրումներ, ինչը ենթադրում է համապատասխան քննարկումներ և աշխատանք հայկական կողմի հետ՝ ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրտնտպետկոմիտեի: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են»,- տեղեկացրել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում, ըստ ջրտնտպետկոմի, մոտ 580 բնակավայր խմելու ջրի խնդիր ունի: Այս բնակավայրերի մի մասն ընդհանրապես խմելու ջուր չունի, որոշ համայնքներում արտեզյան կամ խորքային հորերից են օգտվում, որոշներում աղբյուրներ կան, սակայն ջրամատակարարման ներքին ցանց չկա կամ էլ եղել է ու հիմա չի գործում: