HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին փոխնախարարի և Գալուստ Սահակյանի կանանց բժշկական կենտրոնը՝ կառավարության «հովանու» ներքո

«Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն «Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ» պետպատվերի ծրագրի շրջանակներում խոշոր գումարներ ստացող բժշկական հաստատություններից է, ինչին «Հետք»-ն անդրադարձել է դեռևս 2015թ. հոկտեմբերին: Նույնը շարունակվում է մինչ օրս:

Առողջարանային պայմաններում տուբերկուլոզի բուժման նպատակով «Առողջ ապագա» ԲԿ-ն, ըստ ներկայացրած հաշվետվության, միայն 2015թ. մատուցել է մոտ 279 մլն 305 հազար դրամի ծառայություններ, իսկ 2016թ.՝ 273 մլն 183 հազար դրամի: Նույն գումարը ծախսել է նաև 2017թ., իսկ 2018թ. ապրիլի 30-ի դրությամբ «Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն արդեն մատուցել է 8 մլն 700 հազար դրամի ծառայություններ:

Նշենք, որ այս բժշկական կենտրոնը սպասարկում է միայն տուբերկուլոզով հիվանդ երեխաներին, որոնց բուժման համար պետպատվերի գումարը 2015-2018թթ. կազմել է օրական 10,000 դրամ: Հիվանդները կարող են ստացիոնար բուժում ստանալ մինչև 50 օր: Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ եթե հիվանդը հիվանդանոցում մնում է 50 օրից ավելի, ապա այդ ավելացված օրերի համար կառավարությունը չի վճարում:

«Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն, ըստ կանոնադրության, իրականացնում է պատրաստի դեղորայքի գնման ու վաճառքի, առողջապահական ծրագրերի իրականացման, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման, բժշկական և իրավաբանական գործունեություն: Ընկերության 50% բաժնեմասը պատկանում է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի կնոջը` Ժաննա Աղաբաբյանին, իսկ մյուս 50%-ը՝ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի կնոջը՝ Էջմիածնի պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Լիլիթ Գասպարյանին: Ընկերության տնօրենը վերջիններիս որդին է՝ Էդգար Պողոսյանը:

Ընկերությունը ստեղծվել է 2002թ. հունիսին: Հիմնադիրները եղել են Վահան Պողոսյանի մորաքրոջ որդին՝ Վահրամ Հարությունյանը, Լիլիթ Գասպարյանը և վերջինիս ազգականը՝ Մարուշ Մելքոնյանը: Ժաննա Աղաբաբյանն այս ընկերության բաժնետեր է դարձել ավելի ուշ՝ 2005թ-ին:

Հիշեցնենք, որ 2007թ. մարտի 1-ի N 248-Ն որոշումով կառավարությունը թույլատրել է առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Դիլիջան» մանկական հակատուբերկուլոզային առողջարան» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 1334,6 քառ. մետր մակերեսով և 19 մլն 737 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով և սպասարկման համար անհրաժեշտ 1.5 հա հողատարածքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց:

Այդ ժամանակ նշված տարածքը վարձակալությամբ զբաղեցրել  է «Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն, և կառավարության կողմից ձեռք բերված գույքն օտարվել է հենց վարձակալին: Գույքի գնահատված արժեքը եղել է 19 մլն 146 հազար դրամ, սակայն բարձրաստիճան պաշտոնատար այրերի կանանց ընկերությանը օտարվել է 14 մլն 360 հազար դրամով:

Այդ տարիներին Գալուստ Սահակյանը պատգամավոր էր, իսկ Վահան Պողոսյանը զբաղեցնում էր աոողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետի պաշտոնը:

Փոխնախարար Վահան Պողոսյանն էր համակարգում նախարարության տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, Հայաստանի տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառները: Մասնավորապես, համակարգել է նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության, արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերը համակարգող խմբի աշխատանքները: Բացի այդ, համակարգել է նաև առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն», «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքները։

Այս առումով պատահական չէ, որ նախկին փոխնախարարի և ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի կանանց ընկերությունը եղել է կառավարության հովանու ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter