HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Զինված խմբի» գործով ամբաստանյալների հարազատները դադարեցրել են բողոքի գործողությունները

Նորքի «զինված խմբի» գործով ամբաստանյալների հարազատները դադարեցրել են բողոքի ակցիան: Նշենք, որ ակցիայի մասնակցիներից մի քանիսը, որոնց թվում Արամ Ավետիսյանը հանդիպում են ունեցել Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, և  բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Հետքին» հայտնեցին, որ իրենք Հայաստանի ներկա իշխանության դեմ վատ տրամադրվածություն չունեն, պարզապես բողոքի ակցիայով իրենց դժգահությունն են արտահայտել նախկին դատական իշխանության ստեղծած իրավիճակի ու գործողությունների դեմ:

Հիշենցնենք, որ այսօր առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց բողոքի ակցիա է: Այսօր նշանակված էր Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը, որը հայտնի է «զինված խումբ» անունով:

2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր' նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Այսօրվա նիստին ամբատանյալներից Գառնիկ Մարգարյանի խափանման միջոց կալանավորումը ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանմն ու Ալիկ Սարգսյանը։ Մարգարյանի ազատության համար անձնական երաշխավորության տեքստն էին ուղարկել դատարան, սակայն Ֆելիքս Ցոլակյանի ներկայությունը դատական նիստին հնարավոր չեղավ ապահովել: Այս պատճառաբանությամբ դատարանը հետաձգեց դատական նիստը, ինչն առաջադրեց ամբաստանյալների հարազատների զայրույթը: Վերջիններս տևական ժամանակ փակել էին դատարանի մուտքերը` հայտարարելով, որ դատավորին ու մեղադրող դատախազներին թույլ չեն տալու դուրս գալ դատարանի վարչական շենքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter