HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՔԱԳՎ պետը նշանակումից ուղիղ 2 տարի անց ազատվեց պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 8-ի որոշմամբ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Հիշեցնենք, որ Ավետիսյանն այս պաշտոնին նշանակվել էր ուղիղ 2 տարի առաջ՝ 2016 թ. հունիսի 8-ին այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ:

Ս. Ավետիսյանը նախկին (2008-2014 թթ.) վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից էր. 2003-2009 թթ. աշխատել է Կենտրոնական բանկում (Սարգսյանը 1998-2008 թթ. բանկի նախագահն էր): 2013-ին հռչակված «բաց երկնքի» քաղաքականությունն առաջ տանողներից մեկն էր:

Ավետիսյանի պաշտոնավարման այս 2 տարիներին ամենանշանակալի իրադարձություններից մեկը 2017-ի նոյեմբերին նախաստորագրված համաձայնագիրն էր Հայաստանի՝ ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու մասին: «Բաց երկինք» հռչակած մեր երկրի համար սա միջազգային համագործակցությունն ընդլայնելու հերթական քայլն է, սակայն մյուս կողմից լուրջ խնդիր է մնում տեղական ավիափոխադրողների հարցը, որոնք, չդիմանալով հատկապես ռուսական հզոր ընկերությունների ճնշմանը, շատ երկար չեն մնում հայկական շուկայում եւ, աստիճանաբար դուրս մղվելով ասպարեզից, կա՛մ սնանկանում են, կա՛մ նախընտրում են գործունեություն ծավալել այլ աշխարհամասերում:

Հիշեցնենք, որ ոլորտը 2004-2016 թթ. ղեկավարած Ա. Մովսեսյանի օրոք՝ 2013-ի գարնանը, գործունեությունը դադարեցրեց նախկին ազգային փոխադրող «Արմավիան», որը հետո սնանկ ճանաչվեց ու հիմա լուծարման գործընթացում է, 2013-2014 թթ. գործունեությունից հետո ասպարեզից դուրս մղվեց նաեւ «Էյր Արմենիան», որը հիմա «Արմավիայի» պես լուծարման ճանապարհին է:

Արդեն Ս. Ավետիսյանի պաշտոնավարման օրոք՝ 2016-ի ամռանը, սկսեց թռիչքներ կատարել «Ավիակոմպանիա Արմենիան», որը շարունակում է գործունեությունը մինչ օրս, բայց շահագործում է ընդամենը 1 օդանավ: 2017-ի գարնանը նրան միացավ «Տարոն-Ավիան», որը, սակայն, արդեն այս տարվա հունվարին դադարեցրեց չվերթները հայկական շուկայում: Ինչպես գրել ենք, այս օպերատորը դիմել է նոր կառավարությանը՝ առաջարկելով ստեղծել հավասար մրցակցային պայմաններ. խոսքն առաջին հերթին ռուսական օպերատորների հետ անհավասար մրցակցության մասին է:  

«Բաց երկնքի» քաղաքականության զարգացումն ու այդ ֆոնին տեղական փոխադրողների համար անհավասար մրցակցային պայմանները ֆինանսապես կայացած արտասահմանյան ավիաընկերությունների հետ այն երկու հիմնական իրողություններն են, որոնք կարելի է առանձնացնել վերջին 2 տարիների ընթացքում:  

Ներկայացնենք հայկական քաղավիացիան երբեւէ գլխավորած անձանց.

Գեղամ Ղարիբջանյան – 1931-1937 թթ.
Արկադի Ֆարմանյան – 1937-1941 թթ.
Գրիգորի Գլուշկո – 1941-1946 թթ.
Շավարշ Ոսկանյան – 1946-1949 թթ.
Վարդան Սիմոնյան – 1949-1952 թթ.
Միխայիլ Փարաքշիեւ – 1952-1961 թթ.
Նիկիտա Ասիկյան – 1961-1971 թթ.
Դմիտրի Աթբաշյան – 1971-1987 թթ.
Էդուարդ Պապիկյան – 1987-1990 թթ.
Հովհաննես Երիցյան – 1990-1991 թթ.
Վալենտին Նազարյան – 1991-1992 թթ.
Դմիտրի Աթբաշյան – 1992 թ.
Արշակ Նալբանդյան – 1992 թ.
Յուրի Մնացականով – 1992-1993 թթ.
Շահեն Պետրոսյան – 1993-1996 թթ.
Վաղարշակ Մնացականյան – 1996-1998 թթ.
Իսահակ Սեյրանյան – 1998-1999 թթ.
Վյաչեսլավ Յարալով – 1999-2000 թթ.
Հովհաննես Երիցյան – 2000-2002 թթ.
Սամվել Մարգարյան – 2002-2004 թթ.
Արտյոմ Մովսեսյան – 2004-2016 թթ.
Սերգեյ Ավետիսյան – 2016-2018 թթ.:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter