HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիան» սկսում է, «Էյր Արմենիան»՝ փակվում

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը հուլիսի 5-ից իրականացնում է սեփական չվերթներ: Հիշեցնենք, որ 2014-ի աշնանից, երբ «Էյր Արմենիան» հեռացավ ասպարեզից, հայկական որեւէ ավիափոխադրող մարդատար թռիչքներ չէր իրականացնում Հայաստանից այլ երկիր եւ դեպի Հայաստան:

Վրացական կապիտալով հայկական նորաստեղծ ընկերությունը դեռ ապրիլի 21-ից պիտի սկսեր իր թռիչքները Թել Ավիվ, բայց հետո պարզվեց, որ օդանավ չունեցող «Արմենիան» իր փաստացի մայր ընկերության՝ «Georgian Airways»-ի հետ համատեղ (codeshare) ոչ կանոնավոր (չարտեր) թռիչքներ է իրականացնում Երեւանից Թբիլիսի, որտեղից էլ՝ Թել Ավիվ: Այսինքն՝ «Արմենիան» իր ուղեւորներին Իսրայել էր հասցնում վրացական գործընկերոջ միջոցով: Գրել էինք նաեւ, որ «Georgian Airways»-ը Երեւան է գալիս Թել Ավիվից, չնայած դրա իրավունքը չունի, քանի որ ՀՀ-ն Վրաստանին չի տրամադրել օդային տարածքի 5-րդ ազատության իրավունք: Ներկայում, «Զվարթնոց» օդանավակայանի կայքի համաձայն, վրացիներն Իսրայելից Հայաստան չեն գալիս: 

Հուլիսի 5-ի չվերթը եղել է դեպի Կիպրոսի Լառնակա քաղաք, որը հայտնի հանգստավայր է: Երեւան-Լառնակա-Երեւան ուղղությունը չարտերային է, այսինքն՝ ոչ կանոնավոր, սեզոնային: Նշել էինք, որ ընկերության ICAO կոդն է NGT, ահա եւ հայտնի դարձավ IATA-ի կոդը, որի ներքո նշվելու են կանոնավոր չվերթների համարները՝ RM: «Հետքը» գրել էր այն 17 կանոնավոր ուղղությունների մասին, որոնք շահագործելու իրավունք է ստացել «Արմենիան»:     

Հուլիսի 18-ից ավիաընկերությունը սկսել է թռչել այդ կանոնավոր ուղղություններից առաջինով՝ դեպի Միներալնիե Վոդի: Թռիչքները կատարվում են շաբաթական երկու անգամ: Օգոստոսի 1-ից ընկերությունն ամեն օր թռչում է նաեւ Մոսվկայի «Վնուկովո» օդանավակայան: «Արմենիան» չարտերային թռիչքներ է կատարում նաեւ դեպի Մոնտենեգրոյի Տիվատ քաղաք (հուլիսի 20-ից), ինչպես նաեւ հունական Հռոդոս (հուլիսի 26-ից) ու Սալոնիկ (հուլիսի 31-ից): Նշենք, որ Լառնական, Հռոդոսն ու Սալոնիկը Երեւանին կապում է նաեւ հունական «Aegean Airlines»-ը («Էգեյական Ավիաուղիներ»):

«Արմենիայի» առաջին օդանավին Մոսկվայում դիմավորում են ջրցաններով (01.08.2016)

«Արմենիան» ունի գրանցված երկու օդանավ՝ «Boeing 737-500» եւ «Boeing 737-700»:

Սրանցից առաջինը, որը ներկայում կրում է EK-73736 համարը, նախկինում շահագործվում էր «Georgian Airways»-ի կողմից: Օդանավն արտադրվել է 1996-ին, առաջին շահագործողը եղել է չինական «Xiamen Airlines»-ը: 2010-ին ինքնաթիռն անցել է «Georgian Airways»-ին, ում օրոք մի որոշ ժամանակահատված վարձակալվել էր ՄԱԿ-ի կողմից եւ բազավորվում էր Սուդանում: Ըստ planespotters.net-ի՝ ինքնաթիռը Հայաստան է բերվել հունիսի 30-ին: Նույն կայքի համաձայն՝ օդանավի սեփականատերը ամերիկյան «ILFC» կորպորացիան էր, որը 2014-ին գնվեց մեկ այլ գիգանտի՝ հոլանդական «AerCap»-ի կողմից: Այժմ հենց «AerCap»-ն է ներկայացվում իբրեւ ինքնաթիռի սեփականատեր: Փաստորեն, EK-73736-ն արդեն 20 տարեկան է, ինչը պատշաճ տարիք է:

«Արմենիայի» երկրորդ օդանավը EK-73786-ն է, որը նախորդից ավելի «թարմ» է՝ արտադրվել է 2008-ին: Ինքնաթիռը «Boeing»-ի «հաջորդ սերնդի» (Next Generation) ներկայացուցիչ է: Առաջին շահագործողը կանադական «WestJet»-ն էր: Սեփականատերերի վերաբերյալ տարբեր աղբյուրներում տարբեր անուններ են նշված, սակայն առավել հավանական է թվում, որ հենց կանադական ընկերությունն է սեփականատերը: «Boeing 737-700»-ը Հայաստան է բերվել հուլիսի 14-ին:

Հիշեցնենք, որ «Արմենիայի» տերերից Թամազ Գաիաշվիլին այս տարվա մարտին՝ ասուլիսի ժամանակ, ասել էր, որ ապրիլի սկզբին ունենալու են վարձակալած 3 ինքնաթիռ, հունիս-հուլիսին՝ եւս 2, տարվա վերջում՝ մոտ 8:

«Էյր Արմենիան» լուծարման գործընթացում է

Սնանկացած վերջին հայկական օպերատորը՝ «Էյր Արմենիան», տակավին վերջերս առողջանալու քայլեր էր ձեռնարկում: 2015-ի նոյեմբերի 2-ին «HSBC» բանկի հայցով դատարանը սնանկ էր ճանաչել ավիափոխադրողին, բայց այս տարվա մարտի 15-ին պարտատերերի ժողովը ընդունեց ընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund»-ի կողմից ներկայացված առողջացման ծրագիրը, որն էլ հաստատվեց դատարանի կողմից: Սակայն վերջերս խնդիրներ են առաջացել:

Ընկերության գլխավոր տնօրեն եւ 51 տոկոսի բաժնետեր Արսեն Ավետիսյանը «Ֆեյսբուքում» հայտնել է, որ առողջացման ծրագրով նախատեսված ներդրումները պիտի սկսվեին այս տարվա հունիսից, իսկ մինչ այդ պիտի իրականացվեին «Էյր Արմենիայի» բնականոն գործունեությունը վերսկսելու մի շարք գործառույթներ:

Նշվում է, որ այս ընթացքում վաճառվել է «HSBC»-ում գրավադրված գույքի մի մասը, որով մարվել է ընկերության պարտավորությունների որոշակի մասը բանկի հանդեպ: «Էյր Արմենիան» նպատակ ուներ թռիչքներ իրականացնելով եւ եկամուտ ստանալով փակել մնացած պարտքերը, բայց քանի որ ապրիլի 2-ին լրացել էր օդանավ շահագործողի նրա վկայականի ժամկետը, ընկերությունը նորից պիտի դիմեր՝ այն թարմացնելու համար: Ներդրողները ընկերության համար վարձել են «Airbus A320» տիպի օդանավ: Հատկանշական է, որ այս օդանավը 2002-2005 թթ. շահագործվել է «Արմավիայի» կողմից: ՕՇՎ ստանալու համար պայմաններից է ինքնաթիռի տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերության հետ պայմանագիրը: «Էյր Արմենիան» այս հարցով դիմել է իր նախկին գործընկերոջը՝ «Աքիլա Տեխնիքսին», որին ավելի քան 15 մլն դրամի պարտք ունի: «Աքիլան» այն քիչ պարտատերերից է, որոնք դեմ էին քվեարկել «Էյր Արմենիայի» առողջացման ծրագրին: Ընկերությունը հայտնել է, որ մտավախություն ունի, որ իր պարտքը մարվելու փոխարեն ավելանալու է, ինչի պատճառով չի ընդառաջել համագործակցության առաջարկին: «Զվարթնոց» օդանավակայանում, բացի «Աքիլայից», կան այլ ընկերություններ եւս, որոնք իրականացնում են «Airbus»-ի, ավելի կոնկրետ՝ այլ երկրներում գրանցված «Airbus»-ների սպասարկում, իսկ ՀՀ գրանցում ունեցող օդանավերը սպասարկելու համար անհրաժեշտ է, որ նրանց սերտիֆիկատները ճանաչվեն ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից: Սա խնդիր է առաջացրել «Էյր Արմենիայի» համար:

Չնայած «East Prospect Fund»-ը սնանկության գործով կառավարչին ուղղված նամակում վերահաստատել է ներդրումներ կատարելու պատրաստակամությունը, Արսեն Ավետիսյանն էլ գրել է, որ ընկերությունը պետք է հրավիրի բաժնետերերի ու տնօրենների խորհուրդ՝ հետագա անելիքները քննարկելու համար, արդեն ուրվագծվում է նախկին ավիափոխադրողի տխուր ապագան:

Հուլիսի 6-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն լուծարելու գործընթաց է սկսել, ինչի մասին հայտնել է սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը: Սա նշանակում է, որ ավիաընկերությունը առողջանալու փոխարեն պարզապես կփակվի, իսկ նրա ունեցվածքն էլ աճուրդի կդրվի՝ պարտքերը հնարավորին չափ փակելու համար:          

Առաջին լուսանկարում՝ EK-73736-ը վայէջք է կատարում «Վնուկովո» օդանավակայանում (01.08.2016, հեղ.՝ Մարինա Լիսցեւա)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter