HY RU EN

Անուշ Քոչարյան

Բալկոնում Վիկտորյա Ալեքսանյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանն է։

Վիկտորյա Ալեքսանյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Վիկտորյան հեղափոխական է․ դրանից է, որ «հեղափոխություն» բառը լսելիս ներսը տակնուվրա է լինում, բայց փակ աչքերով չի մոտենում իրականությանը․ պիտի գիտակցի, որ իրենն է, նոր գնա, հասնի բարիկադներին, հենց այնպես իրեն տանկի տակ չի գցի։ Հեղափոխությունը միշտ էր իր մեջ, ու կարծում եմ՝ ճիշտ առիթն է այդ մասին խոսելու․․․

Վիկտորյայի հեղափոխական առաջին շարժումն սկսվել է այն ժամանակից, երբ մայրն իրեն հորեղբոր տղայի շորերն էր հագցնում։ Վիկտորյան մի օր ըմբոստացավ․ հասկացավ, որ «վերին ատյաններն» իրեն չեն լսում, «կառավարությունը» չի ընդունում համապատասխան որոշումը, եւ 4 տարեկանում որոշեց «քայլ անել» ու գնալ տնից․․․

Նա տնից դուրս գնաց, մի ամբողջ օր թափառեց բակերով, անծանոթներին խնդրեց՝ փողոցն անցկացնել։ Մեկ օր ձգված թափառումներից հետո գտավ իր մանկապարտեզի բակը, խաղաց հողերի, շների ու կատուների հետ։ Իսկ հետո հիշում է դրվագ, որից մեծ ազդեցություն է կրել։

Իննսունականների սկզբին բոլորն էին գնում Հայաստանից, եւ այդ երեկո իր ընկերուհու ընտանիքը պիտի մեկներ անվերադարձ։ Արդեն վաճառել էին տունը եւ, ճամպրուկները հավաքած, նստել էին բակում՝ սպասելով օդանավակայան տանող տաքսիին, իսկ թռիչքին դեռ մի քանի ժամ կար։ Վիկտորյան խաղաց այդ աղջկա հետ մինչ ուշ գիշեր։ Այդ գիշերն էլ սկսեց մտածել, թե այդ ինչպես է լինում, որ գնում են եւ այլեւս չեն վերադառնում… Նա հասկացավ, որ դեռ պիտի տուն գնա, որ նրա իսկական նպատակը գնալը չէր, այլ իրավիճակ փոխելն էր։

Հետո իրեն գտնում է մայրիկի ընկերուհին, տուն է տանում․ Վիկտորյան հիշում է մոր լացակումած դեմքը։ Սա առաջին հեղափոխական քայլն էր, որն աշխատեց։

Ավելի ուշ իր մոտ ձեւավորվում է ըմբոստությունը․ ինչ-որ բան, եթե այնպես չէ, ուրեմն պիտի պայքարել։ Հասկանում էր, որ պայքարելու համար սեփական շրջանակներից դուրս պիտի գալ, ռիսկի դիմել։ Դրա համար էր տնից, երկրից դուրս գալու ցանկությունն օր-օրի աճում էր։

Մինչ կմեկներ, մտածեց՝ ինչպես օգնել ծնողներին, որովհետեւ շատ վատ տարիներ էին, ճգնաժամային իրավիճակ։ Հասկացավ, որ միայն «աշխատանք-տուն» դասական ձեւաչափը քիչ է վաստակելու համար, ու պիտի ալտերնատիվ լուծումներ գտնի։ Կենտրոնի իրենց բնակարանը հյուրատան վերածելու միտք առաջացավ մոտը, նորից գաղափարը ներկայացրեց «վերին ատյաններ», հայրը միանգամից «վետո» դրեց, մայրը չդիմացավ ծուղակներին։ Այդպես ստեղծվեց իրենց ընտանեկան փոքրիկ բիզնեսը, որին զուգահեռ էլ՝ ճամպրուկային կյանքը․.․ Վիկտորյան ամեն անգամ երեւակայում էր, որ ամեն հավաքված ճամպրուկը երկրից գնալու համար է…

Մարդիկ ճամպրուկ սովորաբար գնում են երկրից դուրս գալու ժամանակ, իրենք ամեն հյուրի ժամանման առթով հավաքում էին ճամպրուկները ու այլ տանն ապրում։ Երեւի երկու-երեք շաբաթը մեկ այս «ճամպրուկային» տրամադրությունը կրկնվում էր, երբեմն՝ ավելի հաճախ․ մշակված էր հավաքվելու օպտիմալ ձեւ, եւ ի վերջո այս ամենը հաճույք էր պատճառում Վիկտորյային․ նա հասկանում էր՝ մի բան զրոյից կարողացել է իրականացնել եւ առաջին այդպիսի փորձարկումն արել է ծնողների հետ։

Երբ արդեն զգաց, որ անարդարության դեմ պայքարելու էմոցիան միայն բավարար չէ եւ պետք է միջոցներ ու գործիքներ ունենալ, արդեն հասցրել էր մեկ համալսարան ավարտել։ Գիտակցեց, որ իր պայքարի միջոցը պետք է լինի արվեստը ու մեկնեց Միացյալ Նահանգներ։

Հասկացավ, որ իր երկրում ընդդիմանալու խնդիրը չէ միայն․ սեփական ստեղծագործությամբ պիտի դաշտ ձեւավորես։ Հակառակ դեպքում, եթե հիմքեր չկան, ուղղակի ընդդիմանալն անիմաստ է․․․ Ինչպես «Թավշյա հեղափոխության» դեպքում էր․ այն տեղի ունեցավ, որովհետեւ Նիկոլի կողքին կանգնեցին մարդիկ, ովքեր գիտակցել էին իրենց ազատ խոսքի իրավունքը, հասկացել էին, որ անսասան ոչինչ չկա, որ միասին լինելով ու հստակ աշխատանք տանելով կարելի է ամեն բան տեղից շարժել։ Ինչն էլ տեղի ունեցավ․․․

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Հայրենիքն ինձ համար երկար տարիներ սահմանափակվում էր իմ մանկության վայրով, որն Աբովյան փողոցն էր՝ իր շրջակայքով։ Ընկալում էի ինձ որպես քաղաքի անբաժան մաս։ Գիտեի կենտրոնի ամեն մի մասնիկը, Աբովյան փողոցի ամեն մի քարը, առաջ նաեւ հոտն էի ճանաչում, ինչպես կատուն կճանաչի․ ես մեր բակի կատուն էի։

Ցավալի զգացողություններ եղան, երբ քաղաքի կենտրոնը սկսեցին «ջարդել» եւ վերակառուցել այնպես, որ ես ինձ այնտեղ խորթ ու հաշվի չառնված զգացի. Հյուսիսային պողոտայի մասին է խոսքը․․․ Շատ մեծ ցավ եմ զգացել իմ սիրելի մթնոլորտի ոչնչացումից․ կապի խզում կար նաեւ․ անբացատրելի կերպով փշրվում էր տիեզերքի չափ անսահման թվացող իմ մանկության տեղանքը։

15 տարեկանում առաջին անգամ երկրից պիտի դուրս գայի․ փոխանակման ծրագրով պիտի մեկնեի Նահանգներ, Կանզաս։ Այնտեղ ես տեսա անվերջ դաշտեր, դաշտեր, դաշտեր… Եվ կարոտեցի ամեն հայկականը՝ ընդհուպ հայկական ռաբիսը։ Բայց դա բնական ծայրահեղ էմոցիա էր։ Կարեւոր է դա գիտակցելն ու առաջ անցնելը։

Ամերիկայից հետո ինձ համար պարզ էր, որ մի տարածքով սահմանափակվել հնարավոր չէ, բայց միեւնույն ժամանակ տան հասկացությունը կարեւոր է՝ անկախ նրանից, թե ֆիզիկապես կբացակայես այդտեղից։ Եթե այդ տունը հայրենիքում է, ուրեմն պիտի հաշվետու լինես դրա համար։

Քո տունը հայրենիքու՞մ է։

Վերադարձից հետո այս հարցի առաջ էի կանգնել․ ես ազատություն սիրող մարդ եմ, ինձ համար շատ կարեւոր է մարդկային ստեղծագործական բաց շփումը, միավորվելու պատրաստակամությունը․․․Արդարությունն ու համընդհանուր մարդկային արժեքների նկատմամբ սկզբունքայնությունը։

Այստեղ տիրում է տեղային մտածելակերպը։ Մարդիկ երբեմն առօրյայից զատ ոչինչ էլ չեն տեսնում, իսկ  երբ դրան գումարվում են նաեւ կարծրատիպերը, սոցիալական օրենքները, հասկանում ես, որ տուն ասվածը հոգեվիճակ է, որ կարող ես «կտրվել» դրանից եւ անընդհատ փնտրել այն։

Դժվար հարց է ու շատ անձնական․ կապ չունի հայրենասիրության հետ։

Չկա՞ միջավայր, շրջանակ, որտեղ այդ «ազատությունն» ընդունելի է։

Իհարկե կա, փոքր է դեռ, ու ես անձամբ ուղղակի դեռ չեմ գտել այդ խիստ «իմը», բայց ամեն ինչ առջեւում է։

Առաջին մասնագիտությամբ լրագրող ես։

Ծնողներիս որոշումն էր։ Վերադարձիցս հետո երեք ամսից սկսվում էին ընդունելության քննությունները։ Մերոնց ասացի, որ սցենարիստ եմ ուզում դառնալ, չընդունեցին այդ որոշումը՝ պատճառաբանելով «այստեղ կինո չկա»․․․ Առանձնապես այլընտրանք չունեի եւ սկսեցի սովորել Սլավոնականի Լրագրության բաժնում։ Կային առարկաներ, որոնք գրավում էին ուշադրությունս, ձեւավորում էին աբստրակտ մտածողությունս, առարկաների մնացած՝ մեծ մասն ինձ ուղղակի ձանձրացնում էր։

Երեւի հստակ սցենարի գաղափար ունեիր, որ Միացյալ Նահանգներից այդ որոշմամբ էիր վերադարձել։

Հա՜, գլխումս սցենար կար։ Պատմությունն իմ Ամերիկա գնալն ու ժամկետից շուտ վերադառնալն էր։ Ես այնպիսի բաներ էի տեսել այնտեղ, որ ցանկություն ունեի անպայման պատմելու։

Հիշում եմ, որ Կանզասում մի օր որոշեցի դպրոցից ոտքով տուն գնալ, ու մի մեքենա կանգնեց, վարորդն ասաց, եթե մոլորվել եմ, 911 զանգի։ Բացատրեցի, որ չեմ կորել, օգնության կարիք չունեմ, պարզապես ուզում եմ ոտքով հասնել տուն։ Հետո, երբ մտա դաշտ ու սկսեցի քայլել, հասկացա, որ այստեղ կյանքը նրա համար չի, որ ոտքով քայլես։ Ոտքի ճանապարհ չկա։ Այստեղ այդպիսի հաշվարկներ չկան։

Այդ սցենարը նույնկե՞րպ կգրեիր հիմա, թե՞ արդեն բան փոխվեց, երբ երկրորդ անգամ մեկնեցիր Նահանգներ։

Չգրեցի այդ սցենարը եւ այլեւս չեմ գրի, որովհետեւ իրականում դա ոչ այլ ինչ էր, քան աչքերս բացող, աշխարհը գիտակցելու առաջին մեծ փորձս, երբ հասկացա, որ շատ բաներ այնպես չեն, ինչպես մենք պատկերացնում ենք, կամ ինչպես պատմել են մեզ։ Ինձ թվում է՝ իմ հասունանալու այդ պրոցեսն էր, որ ուզում էի բացատրել սցենարի միջոցով ու ֆիլմ նկարել։ Հետո իհարկե հասկացա, որ այդտեղ պատմություն չկա, ես ուղղակի անցել էի էմոցիաների օվկիանոսի միջով, եւ դա դեռ շատ քիչ է սցենարի եւ կինոյի համար։

Մինչեւ հասնենք մեր օրեր, անդրադառանք Միացյալ Նահանգներ երկրորդ անգամ մեկնելուդ պատճառներին։ Ի վերջո նորից հայտնվել էիր մի տեղում, որն, ինչպես նշեցիր՝ այն չէր, ինչ քեզ պատմել էին։

Հետաքրքիր էր երկրորդ անգամ հայտնվելու պատմությունը, որովհետեւ նպատակս Ամերիկա մեկնելը չէր։ Արդեն լրագրողի մասնագիտությունն ստանալուց հետո նորից ցանկությունս մեծ էր կինո սովորելու։

Ստացվեց այնպես, որ իմ լեզվական ունակությունները, անցած ուղին եւ փորձը երկու համալսարան դիմելու էին հանգեցնում․ մեկը Նյու-Յորքի համալսարանն էր, մյուսը՝ Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցը (նորից Նյու-Յորքում)։ Երկու տեղն էլ ընդունվեցի, բայց քանի որ կրթությունն այնտեղ թանկ հաճույք է, պիտի ընտրեի այն մեկը, որտեղ սովորելու համար կրթաթոշակ կարող էի ստանալ։ Կոլումբիայի համալասարանը կար «Լույս» հիմնադրամի ցանկում․․․

Երբ եկա ու կանգնեցի Թայմ Սքուերում, ինձ առաջին անգամ աշխարհի կենտրոնում զգացի ու գիտակցեցի, թե ուր եմ ընկել. հրապարակում ուղղակի լացում էի։ Սա արդեն այլ պատմություն է Ամերիկայի մասին։

Հարաբերությունների բազմաշերտ քաղաքում ինչպե՞ս է տեղի ունենում կյանքը։

Մարդը հետաքրքիր արարած է, բայց ամենից հետաքրքիրը մարդ-մարդ ներազդեցությունն է։ Եթե քեզ փակեն մի սենյակում, ինձ՝ մյուս սենյակում, երրորդին, չորրորդին՝ առանձին այլ սենյակներում, ու մեզ երբեւէ հնարավորություն չտրվի հանդիպել եւ ներազդել միմյանց վրա, ինչ էլ ստեղծենք մենք այդ սենյակներում, զրո հաշիվ կունան, զրո օգուտ։

Որպես առանձին միավոր, իհարկե, ամեն մեկս կարեւոր ենք, բայց մեր ներազդեցություններն են, որ կապում են մեզ ֆիզիկապես, հոգեպես, հոգեւոր հարթություններում։ Իսկ մեկ այլ մարդու հետ ինչ-որ բան ստեղծելը առավելագույն պարգեւն է․․․

Նյու-Յորքն այն քաղաքն է, որը, եթե այսպես պատկերային նկարագրեմ, բակտերիաների մեծ հավաք է հիշեցնում, որտեղ ամեն մեկն իրեն աշխարհի մաս է զգում։ Դժվարանում եմ բացատրել, բայց Նյու-Յորքի ամենամեծ արժեքը հենց դա է՝ ներազեցության ազատությունը։ Այստեղ է, որ չինացին, ռուսը, ճապոնացին մի սեղանի շուրջ նույն թեմայի մասին են խոսում եւ ընդհանուր եզրակացության գալիս։

․․․ Իհարկե այդ ամենի մեջ դու պիտի կարողանաս գտնել քեզ, որովհետեւ Նյու-Յորք ոտք դնելու պահից սկսած ամեն ինչ ջնջվում է․ դու կորցնում ես քեզ, հայրենիքդ, զգացողություններդ, արդեն չկան կենցաղային ճնշումներ, բայց դրան զուգահեռ ամեն մեկի բերած մշակույթն է, ինքնարտահայտման հնարավորության բազմազանությունը։

Որպես արվեստի մարդ՝ այդ ահռելի քաղաք ես բերում քո փոքր երկրի մշակույթը ու ավելի լավ ես սկսում հասկանալ քեզ։ Առաջին անգամ հենց այստեղ եմ դուրս եկել «ճիշտ» հայկականի ճնշման տակից։

Այսինքն քեզ ավելի շատ ես մոտենու՞մ։

Այո․․․ Դրա համար ձգտում եմ կապս չկորցնել Նյու-Յորքի հետ։ Այդ անծայրածիր բազամազանության ու առատության մեջ դու հասկանում ես, թե քո մշակույթի կոնկրետ որ նոտան ես ուզում սեղմել, հանդիպում ես մարդկանց, ում հետ նույն բաներն ես գտնում, մի դիապազոնի վրա նոր մշակույթ ստեղծելու հնարավորություն է առաջանում․․․ Իսկ մենք պիտի անընդհատ փոխվենք, զարգանանք, խառնվենք։ Իհարկե կա երկրի ներսի մշակույթը, որը հնի վրա նոր ելեւէջներ է ավելացնում, բայց մեր օրերում մաս չդառանալը միջազգային մշակույթի՝ անհնար բան է։

Մեկ բառով՝ գլոբալիզացիա։ Դա քեզ չի անհանգստացնում փաստորեն։

Չէ, չի անհանգստացնում, բայց այն մարդը չեմ, ով գլոբալիզացիայի մեջ ջանում է լղոզել, կորցնել սեփական մշակույթը․ ես ուզում եմ հայկական իմ նոտան, իմ ձայնը, բառը, տոնը դնել մշակութային մեծ երկխոսության մեջ։

Տես՝ Լեւոն Արոնյանը, որ շախմատի իր ձին դրել է միջազգային տախտակին ու խաղում է, եթե մի նոր քայլ արեց, մտնում է միջազգային պատմության մեջ․ ուրեմն արդեն գլոբալիզացիայի մաս է, բայց դրանով չի հերքվում իր Լեւոն Արոնյան լինելը, իր արմատները, իր հայ լինելը։

Կամ Արտո Թունջբոյաջյանը, ով ստեղծում է այնպիսի երաժշտություն, որը հասկանալի է հային, թուրքին, ռուսին, ֆրանսիացուն։ Արտոյի երաժշտությունը հայկական չի այլեւս, եւ Արտոն հայ է։ Դրանից ոչինչ չի տուժում։

Միջազգային երկխոսության հարթության այս կոնտեքստում՝ հայկական կինոն։

Ցավոք, հայկական կինոն դեռ դուրս չի եկել տեղային սահմանափակումներից։ Չասեմ մենք, որովհետեւ դեռ ես էլ պիտի փորձ ձեռք բերեմ լայն իմաստով, բայց մինչ այս տեսածս ֆիլմերը շանս չունեն օտարերկրացուն հասկանալի դառնալու։

Տես՝ նկարիչների մոտ կան ձեռագրային «նախշեր», գծեր, գրողների մոտ խոսքի սիգնալներ, որոնք որ լեզվամտածողություն են հաղորդում։ Հիմա, եթե ես քեզ ասեմ՝ «Ա՜յ մարդ, էս ինչ ես ասում», դու, որպես հայ, լրիվ կհասկանաս՝ ասածս ինչ տրամադրության մեջ էր, ինչու եմ այդպես ասում, բայց ամերիկացու համար սա կլինի անհասկանալի լեզվական սիգնալ․․․

Մեր ունեցած ֆիլմերը հաշվի են նստում միայն տեղական շուկայի հետ, տեղի բնակչի, ով ամեն կերպ կհասկանա լեզուն։  Այսինքն ստացվում է՝ ֆիլմ ստեղծողն ակնկալում է, որ դու ունես քո բագաժը, որ դու հասկանում ես, օրինակ, ինչ է Ապրիլյան պատերազմը, 90-ականների մութն ու ցուրտը։ Արտասահմանցուն սա հետաքրքիր չի, որովհետեւ ինքը չունի այդ բագաժը, իսկ դու իր առջեւ «եթե չգիտես, մի նայի» պատնեշն ես արդեն դնում։

Կարճ ասած՝ պիտի լինի կինոյի լեզուն, գրելու լեզուն, արվեստային կոնտեքստում պատմությունը պիտի հղկվի ու դրվի այն տեղի վրա, որտեղից ինքը ունիվերսալ կդառնա։ Եթե ունիվերսալ դառնալու հնարավորություն չկա, ուրեմն միջազգային շուկայի մասին կարելի է մոռանալ, որովհետեւ այն ինչ անում է հայը, կարող է անել նաեւ չինացին, ռուսը, իսկ քո խնդիրը նոր աշխարհ ներկայացնել է, այնպես, որ պատմության դիտողը՝ եւ հայը, եւ արտասահմանցին, ընկալի նոր Հայաստանը՝ առանց կլիշեների։

Ժամանակակից հայկական կինոն կլիշեավորվա՞ծ է։

Այո, ու եթե նույնիսկ կլիշեներով չի ստեղծվում, պետք չի նմանակել ամերիկյան հոլիվուդյան կինոներին։ Դա ուրիշ կլիշե է, այնինչ արդեն ասացի, որ աշխարհի երկխոսությանը, բազմաձայնությանը մասնակցելու փորձ պիտի անել։ Հնարավորություն է պետք տալ այդ երկխոսությունը սկսելու։

Երբ ինձ հարցնում են՝ դու որտեղ ես տեսնում քեզ ապագանում, հարցնում եմ՝ ի նկատի ունեք ֆիզիկապես, եթե այո, ապա գուցե կղզի է, այլ երկիր, գուցե ես շատ շուտ եմ մահանալու, կարեւորը միտքն է, որն արժեւովորվում է։

Եթե խոսում եմ որպես հայ, ապա մեր միտքը ճգնաժամի մեջ է։ Հետխորհրդային սերունդը ինքնության հարցի առաջ էր կանգնել նորից․ ինչը պիտի վերանայվի, ինչպես սկսել, ինչն արժեւորել, ինչը հերքել․․․ Բայց կտրելով չի․ մենք հետխորհրդայինն էլ պիտի ընդունենք, Տիգրան Մեծին էլ, պետականություն չունենալն ու ունենալն էլ։ Մինչեւ այսօր մենք ունենք ինքնության խնդիր, որովհետեւ անցել ենք բարդությունների միջով, հաճախ չենք գիտակցել մեր խառնվելը, մեր ապրելու վայրը, տարբեր ժամանակներում տարբեր տրավմաներ ենք կրել։ Հա, մենք տրավմատիկ ազգ ենք, բայց դա արդեն որպես ուժ պիտի օգտագործենք, ոչ թե նորից ներկայանանք «զոհի» կարգավիճակով։

Ինձ թվում է՝ քիչ-քիչ դուրս ենք գալիս այդ վիճակից։ Այն, ինչ ցավեցրել է մեզ, այն, ինչ կտրել է մեզ մեր հայրենիքից, ի վերջո սփյուռք է ձեւավորել, որը մեծ ուժ է։ Հիմա արդեն ամեն մեկիս լուման ներդնելու պահն է, կարեւոր է բնորոշումներից հեռու մնալը, գիտակցումը, որ մեր մշակույթն էլ ընդհանուրի մաս դառնալու հնարավորություն ունի։

Բնորոշում ասելով ի՞նչ նկատի ունես։

Բնորոշիչ է մեր լեզուն օրինակ։

Ի՞նչ իմաստով։

Երբ սցենար եմ գրում, հասկանում եմ, որ չեմ գրում այնպես, ինչպես հեռուստացույցն է խոսում, ինչպես ես եմ խոսում, ինչպես սերիալներում են խոսում․ չունենք միջին լեզու։

«Դուխով» բառը ինչ լայն թափով շրջանառության մեջ դրվեց, չէ՞։ Հայկական արմատ չունի, բայց երեւի ռուսներից շատ ենք կապված այս բառին, ավելի շատ իմաստ ենք հաղորդում։ Օրգանիկ է։ Հակառակ դեպքում ստեղծվում են բառեր, որոնք սինթետիկ են եւ ժամանակի ընթացքում անգամ չեն «պատվաստվում» մեր լեզվին։ Հիմա խմորումներ կան ու արտահայտվել է պետք։

Մտածում եմ, որ Նիկոլով ազատագրվեց նաեւ լեզուն։ Իր եւ իր թիմակիցների հանրային ճառերն արտահայտվում էին ադեկվատ լեզվով․ չէին խոսում Հ1-ի լեզվով։ Այս լեզուն էր նաեւ, որ շահեց ժողովրդի վստահությունը․ այն ամբողջական իմաստով ժողովրդական չէր իհարկե, բայց ազատագրված լեզու էր։

«Հեղափոխություն» բառո՞վ ես բնորոշում վերջին իրադարձությունները։

Հա, իհարկե, ու գիտե՞ս՝ ինչու, որովհետեւ մի բան, եթե անանուն է մնում, գնալով կորչելու վտանգը մեծանում է։

Մեր ժամանակներում սահմանումներ տալը շատ դժվար է, վերջնական չեն։ Ես փորձում եմ եղածը համարել հեղափոխություն, որ այդ մտայնությամբ առաջ շարժվեմ, որովհետեւ եթե մտածես, որ այս կամ այն էլեմենտը չի համապատասխանում մեր իմացած հեղափոխությանը, որ, մեկ է, ՀՀԿ-ն դեռ իշխանություն ունի եւ այլ նմանատիպ բաներ, կշեղվես բուն վիճակից։ Այս իմաստով ինձ համար հեղափոխությունը միանշանակ եղել է։

Տալիս եմ այդ անվանումը, բայց չեմ ասում, որ ձեռքներս ծալած նստելու եմ․ հեղափոխություն ասելով՝ նոր էջ եմ բացում ուղեղումս՝ ձգտելով ապրել նոր որակով՝ համապատասխանեցնելով հեղափոխության իմ հասկացողության ձեւին։

Ու դրանից երեւի քո ու Հայաստանի հարաբերությունները նույնպես փոխվում են։

Այսօր ինձ շատ ավելի ուժեղ եմ զգում։ Հնարավոր է՝ իմ կյանքում կոնկրետ փաստացի դեռ բան չի փոխվել, բայց հաստատ գիտեմ, որ նոր գիտակցությունը շատ բան է փոխելու․ ես ինձ ամբողջի մաս եմ զգացել, զգացել եմ ընդհանուր էներգետիկան առաջին անգամ․ ուժեղագույն զգացողություն է․․․

Հիմա ավելի շատ եմ Հայաստանի ու հայերի մաս զգում ինձ, որովհետեւ ինչ-որ բան եմ տվել հեղափոխությանը, եւ ինքն էլ՝ ինձ։ Ես տեսնում եմ հույսը, մարդկանց դեմքի ժպիտը, որն ուղղակի չկար։ Նեգատիվ կուտակումներս այնքան շատ էին, որ մտնում էի տուն ու սկսում զայրանալ, որ արդեն զայրացած եմ տուն մտել։

Հիմա այլ իրականություն է, այլ բան եմ տեսնում, զգում եմ, որ հեղափոխությունը ամեն մեկի մեջ է մտել, ու պրոցեսները դեռ երկար շարունակվելու են․ որոշ մարդիկ բնականոն կտանեն ընթացքը, մյուսների մոտ շատ տարբեր ջարդուխուրդեր կլինեն։

Այս ամենի կոտեքստում արվեստագետն էլ հիմա հնարավորություն ունի նորովի վերանայել քանդված բեկորները։ Կարեւորը բեկորը չուրանալն է․ աշխատել է պետք դրանց հետ, որովհետեւ մշակութային դաշտում բռնությունն արդեն 25 տարուց ավելի է՝ տեղի է ունենում։

Անընդունելի մտածելակերպը պիտի դրժվի․ ուժ ունենանք ու ասենք՝ «դու՛րս եկեք, դու՛րս, դու՛րս» ձեր կարծրատիպերից, տուփերից, շրջանակներից, ամեն ինչից, ամեն ինչից, մինչեւ որ հասնենք պարզաջրին։

Կինո չնկարեցին իննսունականներին, կինո չնկարեցին երկուհազարականներին, մինչեւ հիմա էլ կինո չի նկարվում… Ինչ նկարվել է մինչեւ այսօր, սահմանափակվել է տեղական փոքրիկ դահլիճային դիտումներով․ այդ ֆիլմերը չունեն դիապազոն, Հայաստանի մասին կինոյի աշխարհում ո՞վ գիտի․․․ Իսկ Վրաստանի մասին գիտեն։

Մենք պիտի նոր կինոալիք ստեղծենք, որի մեջ եւ երիտասարդները կլինեն, եւ ավագ սերնդի կինոգործիչները։ Ես ինքս մշակութային կոլեկտիվ ստեղծելու գաղափար ունեմ, որն ընդգրկելու է մշակույթի ոլորտի ամեն մասնագիտություն, մարդկանց, ովքեր կապ ունեն դաշտի հետ ստեղծագործական, տեխնիկական իմաստով։ Որովհետեւ ամեն մեկն ունի իր պատմությունը պատմելու ցանկությունը իր մեդիումի շնորհիվ։ Ես շատ եմ ցանկանում պատմել իմը։

Այն գործերը, որ նկարել եմ, անընդհատ շարունակելու ուժ են պահում մեջս։ Բայց ռեժիսորական հնացած խիստ հիերարխիկ կառույցի վերջը տալու ժամանակն է․ համագործակցության ու համատեղ ստեղծարար ուժով կարելի է ուժեղ, ազդեցիկ, գործեր ստեղծել։ Հուսամ՝ նման գաղափարը ոլորտի շատ էնտուզիաստների կոգեւորի․․․