HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հերթական շոուն. ինչո՞վ է զբաղվելու նորաստեղծ էթիկայի հանձնաժողովը

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորվեց բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը: 6 տարի պաշտոնավարման ժամկետով հանձնաժողովի անդամներ են նշանակվել Լիլիթ Պետրոսյանը, Արմեն Խուդավերդյանը, Արեգ Շուշյանը, Էմիլ Բաբայանը եւ Արտակ Սարգսյանը: Հանձնաժողովի նախագահ է ընտվել արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը, իսկ տեղակալ` Արեգ Շուշյանը:

Հանձնաժողովը պետք է վերահսկի մոտ 500 բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, ինչպես նաեւ նրանց էթիկային վերաբերող հարցեր: Նմանատիպ հանձնաժողովներ պետք է ստեղծվեն նաեւ բոլոր պետական գերատեսչություններում։ Նախընտրական տարում նման հանձնաժողովի ստեղծումը կարող է քաղաքական շոուների համար բարենպաստ դաշտ ստեղծել: Չի բացառվում, որ առաջիկայում հանձնաժողովը բացահայտի, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան ունի մի քանի դղյակներ, հարյուրավոր հեկտարներով հողեր, բիզնեսից էլ ստանում է գերշահույթներ, սակայն ամբողջ ունեցվածքը չի հայտարարագրել:

Հեռուստաընկերությունները լայն լսարանի համար ցույց կտան իշխող կոալիցիայի «անձնուրաց» պայքարը, իսկ մի քանի պաշտոնյաներ էլ կհայտարարեն, թե սա իրենց կուսակցության նախաձեռնությունն է եղել եւ իրենք կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարի առաջամարտիկն են:

Հանձնաժողովն առաջնորդվելու է դեռեւս 2011թ. մայիսի 26-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքով:  Ըստ այդ օրենքի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված եւ առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։

Հենց այս դրույթն արդեն իսկ խոցում է հանձնաժողովի անդամներին, քանի որ նրանք հանրության կողմից ճանաչված չեն: Հանձնաժողովի անդամներին չեն ճանաչում նույնիսկ այն գերատեսչությունների լրատվության պատասխանատուները, որոնց ղեկավարները հանրապետության նախագահին առաջարկել են նրանց թեկնածությունը:

Եթե նրանց հանրությունը չի ճանաչում բարոյական բարձր չափանիշների մասին խոսք լինել չի կարող: Կամ ո՞վ է սահմանել, թե հանձնաժողովի անդամի համար որոնք են բարոյական բարձր չափանիշները:

Ըստ օրենքի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիu անկախ է, ենթարկվում է միայն ՀՀ  Uահմանադրությանն ու oրենքներին։ Սակայն նույն օրենքով սահմանվում է, որ հանձնաժողովի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը` ԱԺ նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ։

Նախագահը կարող է նույնիսկ վաղաժամկետ դադարեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինu, օրինակ, թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիu: Այստեղից ենթադրվում է, որ հանձնաժողովի անդամը չի կարող անկախ ու ինքնուրույն որոշումներ կայացնել, քանի որ ցանկացած անհամաձայնեցված քայլի համար նա կարող է «մեղադրվել» թերացման համար: Բացի դրանից՝ պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության նյութատեխնիկական եւ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է հանրապետության նախագահի աշխատակազմը:

Հանձնաժողովի լիազորությունների մեջ է մտնում նաեւ այնպիսի նուրբ հարցեր, որոնց վերաբերյալ ցանկացած քննարկում կամ հարցապնդում հունից հանում է բարձրաստիճան պաշտոնյային: Օրինակ` բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը  (բացառությամբ պատգամավորների, Սահմանադրական դատարանի անդամների, դատավորների եւ դատախազների շահերի բախման) եւ էթիկայի կանոնների խախտման բացահայտումը (բացառությամբ Սահմանադրական դատարանի անդամների, դատավորների եւ դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացմանն առնչվող էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաեւ պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների) եւ դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին ու կառավարությանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կարգավիճակ ունեն հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, նախարարները եւ նրանց տեղակալները, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, մարզերի, Երեւան քաղաքի եւ կայազորների դատախազները, օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները եւ այդ մարմինների անդամները, կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը եւ կենտրոնական բանկի խորհրդի անդամները, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերահսկիչ պալատի  նախագահը, նրա  տեղակալը, խորհրդի անդամները, հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երեւանի քաղաքապետը եւ նրա տեղակալները, մարզպետները եւ նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, հանրապետության նախագահի խորհրդականները եւ օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները եւ օգնականները, վարչապետի խորհրդականները եւ օգնականները, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ 50 հազար եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները, ինչպես նաեւ հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը:

Զավեշտի է նման, երբ ԱԺ նախագահի, վարչապետի, ՍԴ նախագահի, Վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացրած եւ հանրապետության նախագահի կողմից նշանակված հանձնաժողովի անդամները նույն անձաց վերաբերյալ պիտի որոշումներ կայացնեն: Ասենք՝ պետք է բացահայտեն, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ծախսում է ավելի շատ գումար, քան նրա աշխատավարձն է եւ այլն: Կամ ինչպե՞ս է հանձնաժողովի նախագահը, որ մինչ նշանակումը արդարադատության փոխնախարարն էր, քննարկման դնելու իր հետ աշխատած մյուս փոխնախարարներին վերաբեող հարցեր, առավել եւս՝ նախարարի հարցը:

Այլ երկրներում եւս գործում են էթիկայի հանձնաժողովներ, որոնք առանձին մարմիններ են եւ որեւէ մեկի «կցակառույցը» չեն: Օրինակ՝ Ռումինիայում արդեն 5 տարի է՝ գործում է Ազգային օրինավորության գործակալությունը, որի աշխատանքի արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել են մի քանի նախարարներ եւ այլ պաշտոնյաներ: Նախարարներից մեկը հեռացվել էր այն պատճառաբանությամբ, որ խնդրել էր մեկ այլ նախարարի, որպեսզի իր տղայի աշխատանքի տեղավորման համար միջնորդի այլ գերատեսչությանը: Շահերի բախմանը Ռումինիայում այնքան լուրջ են վերաբերվում, որ որոշակի ժամանակով դադարեցվել է նաեւ երկրի նախագահի լիազորությունները, քանի որ նա կասկածվել է շահերի բախման մեջ:

Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է: Ազգային ժողովի աշխատակազմից մինչեւ կառավարություն մեծամասամբ աշխատում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակները, իսկ ԱԺ պատգամավորների գերակշիռ մասի շահերը, որպես գործարարներ, բախվում է իրենց իսկ ընդունած օրենքների հետ:

Հայաստանում այս օրինագծով ոգեւերված է հատկապես իշխանական վերնախավը: Օրենքի քննարկումներից մեկի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Սա մեր քաղաքական բարեփոխումների կարեւորագույն օրենսդրական նախաձեռնությունն է, որն առաջին հերթին վերաբերում է մեզ` կառավարության անդամներիս: Մենք` 500 պաշտոնատար անձինք, պարտավոր ենք լինելու այս օրենքն ընդունվելուց հետո ներկայացնել հրապարակային հայտարարագրեր եւ ենթարկվել հասարակության վերահսկողությանը: Պաշտոնատար անձանց գործունեությունը լինելու է խիստ հրապարակային, թափանցիկ, բնականաբար, նվազելու են կոռուպցիոն ռիսկերը: Դրականը նաեւ այն է, որ հազարավոր հայտարարագրերը, որ լրացնում էինք եւ որոնք վերաբերում էին նաեւ միջին մակարդակի պետական չինովնիկներին, ըստ էության, որեւիցե քաղաքական բովանդակություն չունեին»:

«Հետքը» բազմիցս անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերին, սակայն որեւէ մեկը դրա համար չի պատժվել:

Մեկնաբանություններ (1)

GAGIK
HARKAVOR E MINCH ORS HANRAPETAKAN KUSAKTUTYAN HAMAR STEXCVAC < orenkneric > HRAJARVEL EV BOLOR@ PATASXANATVUTUN KREN GORCOX ORENKNEREV,,,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter